Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում փետրվարի 23-ին պաշտոնապես մեկնարկեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Տրոպիկական հիվանդությունների հետազոտական ծրագրի (TDR) հովանու ներքո իրականացվող «Համընդհանուր առողջապահական ոլորտի առաջխաղացում հետազոտությունների միջոցով SORT IT դասընթացը՝ Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի մասնագետների համար»։
Դասընթացի նպատակն է խթանել բժիշկների, դասախոսների և ուսանողների հետաքրքրվածությունը գիտահետազոտական գործունեության նկատմամբ, ինչպես նաև անհատական մենթորների աջակցությամբ զարգացնել և խորացնել նրանց հետազոտական և գիտական գրավոր հաղորդակցման հմտությունները։
Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն իր ողջույնի խոսքում փաստեց, որ բժշկական բուհում են հավաքվել մենթորներ և մասնակիցներ Եվրոպայից և Ասիայից, Միացյալ Նահանգներից և Կանադայից, և Հայաստանն այսօր այդ ամենի կենտրոնում է:
«ԱՀԿ հատուկ ծրագրի շրջանակում մենք անցկացնում ենք դասընթաց, որը կնպաստի գործառնական հետազոտություններում ավելի թիրախային լինելուն: Այս դասընթացը ԵՊԲՀ գիտական և կլինիկական ստորաբաժանումների համագործակցության լավագույն օրինակներից է: Մենթորները հիմնականում կլինիկական ուղղվածության մեր մասնագետներին կսովորեցնեն, թե ինչպես աշխատել տարբեր տվյալների հետ, ինչպես ճիշտ տեսակավորել դրանք և ըստ դրա ձևավորել հետազոտական հարց: Դասընթացը նրանց կտա հետազոտական տրամաբանություն, մտածելակերպ, ինչպես նաև կարողություն` հասկանալու, թե ինչը կարող է դառնալ հետազոտության հիմք», – մեզ հետ զրույցում մանրամասնեց պրոռեկտորը:
Ծրագրի արդյունքում, նրա փոխանցմամբ, ակնկալվում է մոտ 10 հոդված` բաց հասանելիությամբ:
Դասընթացը նախատեսված է մեկ տարվա համար, բաղկացած է 4 փուլից. վերջին երկու փուլերը կանցկացվեն հոկտեմբերին: «Առաջին երկու փուլերը նվիրված են նրան, թե ինչպես գեներացնել հետազոտական պրոտոկոլը և կառավարել տվյալները: Իսկ երրորդ և չորրորդ փուլերում արդեն այդ տվյալների հիման վրա մասնակիցները կսովորեն` ինչպես գրել գիտական հոդված», – նշեց պրոֆեսոր Ենկոյանը: Նրա խոսքով` ընդգրկված է 50 մասնակից:
«Ծրագիրը հիմնականում նախատեսված էր բժիշկների համար, բայց մենք փորձեցինք ներգրավել նաև ուսանողներին: Այժմ ունենք մոտ 20 ուսանող, 10 կլինիցիստ, 10 դասախոս: Շուրջ 14 մասնակից ունենք արտերկրից` Շվեյցարիա, ԱՄՆ, Կանադա, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Հնդկաստան», – հավելեց պրոռեկտորը:
Բժիշկների ընտրությունը կատարվել է «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակի կողմից հայտարարված մրցույթի, իսկ ուսանողների ընտրությունը` «Առաջադեմ հետազոտության հիմունքներ» առարկայի շրջանակում ուսանողների ներկայացումների գնահատման արդյունքում:
ԱՀԿ Տրոպիկական հիվանդությունների հետազոտական ծրագրի (TDR)` Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղակայված գրասենյակի գիտնական Ռոնի Զաքարիան ողջույնի իր խոսքում հատուկ ընդգծեց 12-րդ դարում ապրած հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա, հայկական դասական բժշկության հիմնադիր Մխիթար Հերացու ներդրումը, որը դեռևս դարեր առաջ կարողացավ տարբերակել վարակիչ հիվանդությունը ոչ վարակիչից:
«Դասընթացի շրջանակում դուք կսովորեք, թե ինչպես հետազոտական հարցերը վերածել կառուցվածքային հետազոտության, ինչպես օգտագործել ստեղծված ապացույցները՝ ընդհանուր պրակտիկայի վրա ազդելու նպատակով։
Մենք ձեզ կծանոթացնենք չորս սկզբունքների՝
Ես շատ հպարտ եմ` տեսնելով, որ այստեղ հավաքված մենթորների կեսը SORT IT դասընթացի շրջանավարտներն են Հայաստանից։ Եվ արտերկրից մեզ միացածների գրեթե 80%-ը նույնպես SORT IT-ի շրջանավարտներ են», – նկատեց Ռոնի Զաքարիան` վստահեցնելով, որ սա պարզապես դասընթաց չէ, այլ` ապացույցների վրա հիմնված փոփոխությունների շարժում, որին միանում է յուրաքանչյուր մասնակից։