Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «ՀԵՆԱՐ» հիմնադրամի և Բոստոնի համալսարանի «Չոբանյան և Ավետիսյան» բժշկական դպրոցի հետ համատեղ իրականացվող Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության մագիստրոսական ծրագրի (Master’s in Health Professions Education, MSHPE) գործնական փուլի երկրորդ հանդիպումն ամերիկացի գործընկերների հետ:
Ծրագրի հիմքում ընկած Training of Trainers (ToT) ձևաչափով դասընթացի հիմնական նպատակն է զարգացնել Հայաստանի բժշկական համայնքի դասավանդող բժիշկների, ինչպես նաև հարակից մասնագետների (դասավանդող բուժքույրեր, կլինիկական դեղագետներ, հանրային առողջության մասնագետներ և այլն, ընդհանուր հաշվով` շուրջ 90 համալսարանական) հմտությունները` նրանց հնարավորություն տալով ձեռք բերել միջազգային չափանիշներին համահունչ ժամանակակից ուսուցման և ուսումնական ծրագրերի (competency-based curriculum) նախագծման հմտություններ, առաջնորդության և գնահատման նոր մոտեցումներ:
2025-2026 ուստարվա՝ բժշկական համալսարանի կողմից ծրագրում ընդգրկված առաջին 3 մասնակիցներն Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնից են. Մանկաբուժության դպրոցի ղեկավար, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար, դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը, նույն կլինիկայի բժիշկ, ասիստենտ Սուրեն Բրուտյանը, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ, դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը, ովքեր, փաստացի դառնալով հետբուհական կրթության որակի բարելավման պատվիրակներ, կսովորեն նորարարական մոտեցումները և կփորձեն կիրառել դրանք մեր համակարգում՝ զուգահեռաբար նաև փոխանցելով իրենց ստացած գիտելիքը գործընկեր դասավանդողներին:
Շարունակաբար կրթվելով` նրանք կիսվելու են նաև իրենց գործընկերների հետ:
Հռիփսիմե Ապրեսյանի փոխանցմամբ` ուսումնական տարվա ընթացքում 3 անգամ ամերիկացի մասնագետները գալիս են Հայաստան և իրենք են անցկացնում դասընթացը: «Այսօր արդեն նրանց երկրորդ այցն է բժշկական համալսարան: Առաջինը նախորդ տարվա հոկտեմբերին էր: Հաջորդ` երրորդ այցը կկայանա այս տարվա մայիսին կամ հունիսին», – տեղեկացրեց նա:
Հանդիպման մասնակիցներին ողջունեց «ՀԵՆԱՐ» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Հենրի Լուիսը, որը համառոտ ներկայացրեց կատարված և նախատեսվող աշխատանքները:
Բոստոնի համալսարանի Գլոբալ առողջապահական համագործակցության ծրագրի գործադիր տնօրեն, Բոստոնի համալսարանի առողջապահական մասնագիտությունների կրթական ծրագրերի հիմնադիր տնօրեն, առաջնային բուժօգնության արդյունավետության չափման համաշխարհային առաջատար մասնագետ Ջեֆրի Մարքընսը հիշեցրեց դասընթացի նպատակն ու առաքելությունը, անդրադարձավ ժամանակացույցին ու առաջադրանքներին, ինչպես նաև ձեռք բերվող կոնկրետ հմտություններին ու կարողություններին:
Դասընթացի մասնակից, Որովայնային վիրաբուժության ամբիոնի դասախոս, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի վիրաբույժ-ուռուցքաբան Վահագն Համբարձումյանի խոսքով` Training of Trainers (ToT) ձևաչափով դասընթացը սովորեցնում է, նախ և առաջ, դասախոսի կարգապահություն. «Սովորողի առջև դրվում են հստակ խնդիրներ, նպատակներ, որոնք պետք է կատարվեն, իսկ դասախոսը պետք է կարողանա գնահատել դա: Իրականում այս ամենի վրա երբեմն բավարար ուշադրություն չի դարձվում: Նպատակն այստեղ պետք է լինի հստակ, հաշվելի, իսկ հետագայում դա պետք է սովորեցնել նաև մյուսներին»:
Հանդիպմանը ներկա էր նաև Ընտանեկան բժշկության դոցենտ, Բոստոնի համալսարանի և Հայաստանի միջև բժշկական գործընկերության ծրագրի տնօրեն Արամ Կալիգյանը:
Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին մեկնարկած Training of Trainers դասընթացի կարևորագույն կողմերից է կազմակերպչական կարգապահությունը:
Ծրագիրը մշակվել է «ՀԵՆԱՐ» հիմնադրամի, Բոստոնի համալսարանի «Չոբանյան և Ավետիսյան» բժշկական դպրոցի, ՀՀ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Երևանի պետական բժշկական համալսարանի միջև համագործակցությամբ:
Հանդիպումները պարբերական են, ընդհանուր` 18 սեսիա 2025-2026 ուստարվա ընթացքում` փոքր տնային առաջադրանքներով և խմբերով կիրառական աշխատանքներով: Մասնակցությունը կարգավորված է CME (Continuing Medical Education) կրեդիտների տրամադրման պահանջներով (առնվազն 90% մասնակցություն): Ամբողջական մասնակցության դեպքում մասնակիցները կստանան հավաստագրեր Բոստոնի համալսարանի կողմից: