Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միջազգայնացման քաղաքականության իրականացման ընթացիկ հաշվետվությունը և հեռանկարները

Միջազգայնացման քաղաքականության իրականացման ընթացիկ հաշվետվությունը և հեռանկարները

ԵՊԲՀ միջազգայնացման քաղաքականության իրականացման ընթացիկ հաշվետվությունը և հեռանկարները Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի զեկուցմամբ փետրվարի 22-ին հրավիրված Գիտական խորհրդի նիստի օրակարգում էին: Պրոռեկտորը նշեց, որ բուհը նպատակ ունի կրթական ծրագրերի արտահանման միջոցով բարձրացնել համալսարանի հեղինակությունը միջազգային ասպարեզում, նպաստել արտաքին կապերի ամրապնդմանը, ինչպես նաև կրթության, գիտության բնագավառներում մասնակից դառնալ մեր երկրի ինտելեկտուալ ներուժի բարձրացմանը, այդ թվում նաև օտարերկրյա բժշկական ուսումնական հաստատությունների հետ համատեղ գործունեության և առաջատար մասնագետների ներգրավման միջոցով:

Նպատակների թվում է գիտական ձեռքբերումների արտահանումը, ուսուցման, գիտական հետազոտությունների և գործնական բժշկության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարական լուծումների գնումը և ներդրումը:

«2022-2023 ուսումնական տարում գրանցվել է օտարերկրացի ուսանողների ընդունելության աննախադեպ աճ` հասնելով 588-ի», – ասաց զեկուցողը, ում փոխանցմամբ` ըստ ուսուցման լեզուների բժշկական համալսարանում գերակշռում են անգլալեզու ուսանողները:

Պրոռեկտոր Սահակյանը ներկայացրեց արտասահմանցիների ուսուցումը ԵՊԲՀ-ում ժամանակաշրջաններով, ինչպես նաև բժշկական բուհի մասնակցությունը միջազգային համաժողովներին վերջին 5 տարում: Անդրադարձ կատարվեց նաև օտարերկրյա պետություններում աշխատակիցների մասնագիտական կլինիկական կատարելագործմանը, վերապատրաստումներին, որակավորման և տեսական գիտելիքների բարձրացմանը։ Երվանդ Սահակյանն առանձնակի կարևորեց նաև աշխարհի տարբեր երկրներում գործող Շրջանավարտների միությունների դերը, որոնք շահագրգռված են դիմորդներ ներգրավելու հարցում` ի նպաստ իրենց երկրի և կրթական հաստատության բարձր հեղինակության պահպանման։

Օտարերկրյա ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը, անդամակցությունը միջազգային կառույցներին ևս ԵՊԲՀ միջազգային գործունեության առանցքում է: Երվանդ Սահակյանը, խոսելով «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում ձևավորված նոր հանրակացարանային տարածքի մասին, նշեց, որ 2022թ. դեկտեմբերից բացված այս համալսարանական տարածքը ձևավորելու գործում բժշկական բուհը կարևոր աջակցություն ու ներդրում ունի։

«Նման տեղակայումները կիրառվում են աշխարհի շատ առաջատար համալսարաններում», – ընդգծեց Երվանդ Սահակյանը` հավելելով, որ այս կերպ օտարերկրացի ապագա բժիշկները հնարավորություն ունեն առավել մոտ լինել հիվանդանոցային միջավայրին, գիտելիքների կատարելագործման գործնական հմտություններին։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շեշտեց, որ համալսարանական այս նոր տարածքին ուղղված է եղել հսկայական աշխատանք և այն գտնվում է հիվանդանոցային կամպուսում` նպատակ ունենալով, որպեսզի սովորողն ապրի համալսարանական միջավայրում` ծավալելով կլինիկական գործունեություն։ Զեկուցողին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր սփյուռքահայ ուսանողների դինամիկային։

Պրոռեկտորի տեղեկացմամբ` սփյուռքահայ սովորողների դինամիկան աճում է։ Այնուհետև Գիտական խորհրդի կողմից հաստատվեցին Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի «Սաղմնաբանությունը վերարտադրողական բժշկությունում» և «Վերարտադրողական բժշկություն (ռեպրոդուկտոլոգիա)» լրացուցիչ մասնագիտացումները, որի վերաբերյալ հարցը ներկայացրեց Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը: Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացված այս հարցի շուրջ ռեկտորն առաջարկեց լսել մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտի առաջատար պրոֆեսորների կարծիքներն ու տեսակետները, որոնք ողջունեցին գաղափարը և պատրաստակամություն հայտնեցին աջակցել իրականացմանը։

ԵՊԲՀ ինտերնատուրայում հետբուհական ուսուցում անցնող «Ընդհանուր և ստոմատոլոգիական գործունեություն» մասնագիտությամբ ինտերների ռազմական և ռազմաբժշկական պատրաստության ծրագրի հաստատման հարցի մասին զեկուցեց Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը:

«Ամբիոնների և դասախոսական կազմի մասին» կանոնակարգերի փոփոխությունների և լրացումների հարցը հաստատվեց Իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանի կողմից ներկայացվելուց հետո։

Նիստի վերջում Արմեն Մուրադյանն ամբիոնի մոտ հրավիրեց ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, SIOP Asia 2023 կազմակերպչական կոմիտեի ղեկավար Գևորգ Թամամյանին` մայիսին կայանալիք Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովի մասին ազդարարելու համար: Լայնածավալ համաժողովը հյուրընկալելու է ԵՊԲՀ-ն:

Պրոֆեսոր Թամամյանի տեղեկացմամբ` կայանալիք միջոցառումը բժշկագիտության ոլորտում կարևոր ձեռքբերում է, հետխորհրդային տարածքում այն անցկացվել է  միայն Մոսկվայում:

Միջազգային համաժողովի շրջանակում մեր երկիրն ու բուհը հյուրընկալելու է մասնակիցներ աշխարհի տարբեր անկյուններից:

Վերջում ռեկտորը տեղեկացրեց ստոմատոլոգիական ոլորտում առաջիկա կարևոր համալսարանական նախաձեռնության մասին, որը նվիրված է լինելու ոլորտի զարգացմանն ու բարեփոխմանը: