Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կրկին հյուրընկալել էր ՆԱՏՕ-ի DEEP (Defense Education Enhancement Program)՝ Պաշտպանական կրթության բարելավման ծրագրի պատվիրակությանը, որի կազմում էին գերմանացի գնդապետ Սվեն Գարեիսը և կանադացի գեներալ Էրեստ Բենոն։
Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնյաների աշխատանքային այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոսական կազմի այն անդամների հետ, որոնք մասնակցել էին Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի Գերազանցության ռազմաբժշկական կենտրոնում, տեղի ունեցած ուսումնական սեմինարներին։
«Բավականին լուրջ քննարկում ծավալվեց, երկուստեք գոհունակություն արտահայտվեց համագործակցության առնչությամբ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ֆակուլտետի դասախոսական կազմը մասնակցի հաջորդ տարվա ևս 2 միջոցառման, որոնցից մեկը նախատեսվում է հունիսի 7-9-ը Ֆրանսիայում (Մարսել), մյուսը՝ Գերմանիայում (Ֆելդկիրխեն)։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև այն մասին, որ մեզ մոտ Հայաստանում ամռանը սպասվող ճամբարային հավաքի ընթացքում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը նույնպես կմասնակցի վերջնական փուլին։ Մենք արդեն սկսել ենք պլանավորման աշխատանքները և, կարծում եմ, բարեհաջող համատեղ կիրականացնենք հավաքը», – հայտնեց Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը։
Նրա խոսքով՝ փոխհամագործակցության սերտացման շրջանակում ՌԲՖ պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ 2024 թվականին Հունգարիայում կայանալիք Vigorous Warrior զորավարժության գործնական փուլին։