Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության բարելավման ծրագրի (DEEP) ղեկավարները և ՌԲՖ-ն սերտացնում են համագործակցությունը տարբեր ուղղություններով

ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության բարելավման ծրագրի (DEEP) ղեկավարները և ՌԲՖ-ն սերտացնում են համագործակցությունը տարբեր ուղղություններով

Ռազմաբժշկական ֆակուլտետի ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության բարելավման ծրագրի (DEEP) ղեկավարների հետ համատեղ ԵՊԲՀ-ում քննարկեցին հետագա համատեղ գործունեության ուղղությունները: Ձեռք է բերվել համաձայնություն մարտի 10-ից 12-ը ՌԲՖ պատվիրակության Մյունխենի ռազմաբժշկական ակադեմիա այցելության վերաբերյալ, որի ընթացքում բժշկական համալսարանի ներկայացուցիչները կուսումնասիրեն տեղի կրթական ծրագրերը՝ մեր հետբուհական կրթական ծրագրի հետ համեմատելու և հետագա գործունեությունն ուրվագծելու նպատակով:

ՌԲՖ պետ Վարդան Ծատուրյանի խոսքով՝ անդրադարձ կատարվեց վերջին չորս տարիներին իրականացված համատեղ աշխատանքներին՝ դասախոսական կազմի, կուրսանտների, ինտերների վերապատրաստումները ՆԱՏՕ-ի գերազանցության կենտրոնում: «Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն ՆԱՏՕ-ի երկներում (Գերմանիա, ԱՄՆ և Ռումինիա) դասախոսների վերապատրաստման վերաբերյալ: Ինչպես նաև, որպես առանձին միավոր, ՌԲՖ կուրսանտներն ու ինտերներն այս տարի համատեղ կմասնակցեն միջազգային զորավարժությունների»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախատեսվում է նաև մասնակցություն սեպտեմբերին Սոֆիայում կայանալիք աղետների բժշկության մեծ գիտագործնական կոնֆերանսին:

Հանդիպման առանցքում էր նաև ռազմաբժշկական անգլերենի օնլայն պլատֆորմի ստեղծման առաջարկությունը, որին կմասնակցի բժշկական համալսարանի դասախոսական կազմի 5 հոգանոց աշխատանքային խումբը (օտար լեզուների ամբիոնը, ՌԲՖ-ն և ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության բարելավման ծրագրի (DEEP) համապատասխան բաժինը): «Այն կմեկնարկի մարտին և կշարունակվի մինչև նոյեմբեր, որի ընթացքում կգործի մի հարթակ, որտեղ ապագա ռազմական բժիշկները, ինտերները և գործող ռազմական բժիշկները կսովերն հենց ռազմաբժշկական անգլերեն, ինչը բավականին կհեշտացնի հետագա շփումներն այդ ոլորտի մասնագետների հետ»,-կարևորեց Վարդան Ծատուրյանը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության բարելավման ծրագրի (DEEP) ղեկավարների հետ այս ձևաչափով հանդիպումներն արդյունավետ են, քանի որ նրանց կողմից կա հետաքրքրվածություն և մեծ ցանկություն հետագա համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ:

Նշենք, որ պատվիրակությունը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ԵՊԲՀ «Բուժական գործ» կրթական ծրագրերը ստացել են միջազգային հավատարմագրում: «Նրանք պատրաստ են աջակցել տարբեր մակարդակների կրթական ծրագրերում, որտեղ դրա անհրաժեշտություն կլինի»,- ասաց ՌԲՖ պետը՝ եզրափակելով, որ մարտին կայանալիք Մյունխենի ռազմաբժշկական ակադեմիա այցը հնարավորություն կտա ուսումասիրել ծրագրերը, հասկանալ տարբերությունները, համադրել մեզ մոտ իրականացնող ծրագրերի հետ: