Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ներկան, անցյալն ու ապագան. բժշկական բուհի հին ու նոր սերունդների հանդիպումը՝ մշակութային միջոցառման շրջանակում

Ներկան, անցյալն ու ապագան. բժշկական բուհի հին ու նոր սերունդների հանդիպումը՝ մշակութային միջոցառման շրջանակում

Բժշկական համալսարանում այսօր միախառնվել էին անցյալն ու ներկան, հինն ու նորը: ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ «Երբ հանդիպում են սերունդները» միջոցառման շրջանակում գլխավոր հերոսները հայ և արտասահմանցի ուսանողներն էին, որոնք երգի, պարի, ասմունքի միջոցով ցույց տվեցին իրենց սերը հայրենիքի, մայրաքաղաքի և բուհի հանդեպ:

Անցած տարիների փորձն ու գիտելիքը փոխանցվում են սերնդեսերունդ, իսկ երիտասարդների նորարությունը, խիզախությունն ու մտքի ճկունությունը մեր առջև բացում են ապագայի նոր հորիզոններ: Այս կամուրջը, որը նրանք են կառուցում, թույլ է տալիս դառնալ ավելի հզոր, ամուր ու միասնական՝ բուժելով ոչ միայն մարմինը, այլև հոգին: Նրանք կրթվում ենք այստեղ, որտեղ սերունդները՝ երիտասարդներն ու փորձառուները լրացնում են միմյանց՝ ստեղծելով ուժ, որն ի զորու է փոխել մոլորակը: Նրանք ստանձնել են շարունակել այդ ճանապարհը, սերունդների միջև կապը դարձնելով ավելի ամուր:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին և ներկաներին՝ ընդգծեց, որ «Երբ հանդիպում են սերունդները» խորագիրը կրող միջոցառումը ոգևորիչ է, քանի որ ներկաները հիշում են իրենց և ակամայից ուզում են տեսնել ավելի հմուտ և իմաստուն: «Պարտավորեցնող է երկու հանգամանք, որ դահլիճում գտնվում են մարդիկ, որոնք այս համալսարանը կերտողներն են, և երիտասարդներ, որոնք ստանձնելու են այդ պարտավորությունը:

Ներկան, անցյալն ու ապագան առաջին հերթին հանդիպում են ընտանիքում, դպրոցում, և այդ հանդիպումների վերջնակետը համալսարանն է, որտեղ դուք դառնում եք ներկա և դառնում եք ապագա ձևավորողները: Եվ պարտավորեցնող է, քանի որ մեկդարյա պատմություն ունեցող բուհում ձևավորվել է մեր ժողովրդի առողջություն ստեղծողների կրթությունը՝ վիթխարի պատասխանատվությունը, որը մեզնից յուրաքանչյուրը զգացել է: Այսպիսի միջոցառումները ևս մեկ անգամ թույլ են տալիս երախտիքի խոսքեր հղել մեր ուսուցիչներին և ընդգծել ուսանողության դերը»,- ասաց ռեկոտրը՝ գոհունակություն հայտնելով, որ ուսանողները գիտակցելով այդ կարևորությունը կազմակերպել են այս միջոցառումը:

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Միշել Քոչարյանի խոսքով՝ միջոցառման հիմքում սերն էր՝ առ հայրենիք, մասնագիտություն, պետություն, սերունդներ և Երևան:

«Սա ևս մեկ հնարավորություն էր շեշտադրելու այն փաստը, որ մեր դուհի նահապետերն «Alma mater»-ի հենասյունն են: Եվ որքան էլ փոխվեն սերունդները, հներն ունեն իրենց ուրույն տեղն ու դերը, իրենց ճիշտ դիմագիծն ու ձեռագիրը»,- ասաց նա՝ եզրափակելով, որ նրանք ջանք ու եռանդ չեն խնայում բանիմաց մասնագետներ կրթելու ու դաստիարակելու գործում:

100-ամյա բժշկական դարբնոցում այսօր ներկաները զգացին, թե ինչպես է սերունդների հանդիպումը հանգեցնում գիտական ձեռքբերումների, ստեղծում նոր մարդկային կապեր՝ հիմնվելով սիրո, համերաշխության ու հարգանքի վրա:

Այսօր մենք հիշեցինք, որ անցյալը մեր հիմքն է, ներկան մեր պայքարը, իսկ ապագան մեր ուղեղի և սրտի միասնությունը: