ԵՊԲՀ-ն շարունակում է բարելավել միջազգայնացման գործընթացը: Սեպտեմբերին Մադրիդում կայանալու է Եվրոպական ռեսպիրատոր միության տարեկան համագումարը, որին Հայաստանն առաջին անգամ հանդես է գալու ազգային ներկայացուցիչով:
Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դասախոս, թոքաբան, ՀՀ ԱՆ թոքաբանության գծով փորձագետ, Հայաստանի ռեսպիրատոր միության փոխնախագահ Իրինա Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համագումարին կստորագրվեն հուշագրեր Հայաստանի և Եվրոպական ռեսպիրատոր միության միջև՝ որոշակի ծրագրերի շուրջ համագործակցություն իրականացնելու նպատակով:
«Կապը Եվրոպական ռեսպիրատոր միության հետ ստեղծվել է դեռևս 2014 թվականից, սկզբում որպես երիտասարդ անդամ, հետո՝ ակտիվ և արծաթե անդամ, իսկ 2019 թվականի փետրվարից ընտրվել եմ Հայաստանի ազգային ներկայացուցիչը այդ միությունում: Հայաստանը երբեք չի ունեցել ազգային ներկայացուցիչ այս հարթակում: Միությանը անդամակցում են շատ երկրներ, որոնց թվում են նաև մեր հարևան երկրները: Կիսվում են փորձի փոխանակմամբ, վերապատրաստման, հետազոտական ծրագրերով, տեսական և գործնական գիտելիքներով»,-նշեց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ իրականացվել է հետաքրքիր հետազոտություն՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության վերաբերյալ, որի արդյունքները կներկայացվեն սեպտեմբերին կայանալիք համագումարի ժամանակ:
«Այս համագործակցությունը հնարավորություն կտա հետագայում ավելի խորացնել համագործակցությունը եվրոպական երկրների հետ թոքաբանության գծով: ԵՊԲՀ-ն ունի շատ լավ պոտենցիալ, երիտասարդ թոքաբաններ, կլինիկական օրդինատորներ, որոնց շնորհիվ համագործակցությունը չի լինի անհատի համագործակցություն, այլ երկրի, թիմի, քանի որ սա մեծ ձեռքբերում է մեր երկրի թե՛ առողջապահության, և թե՛ կրթության համար»-ասաց նա:
Թոքաբանի հավելմամբ՝ առաջիկայում ներկայացվող ծրագերի թվում են ինչպես դեղորայքային հետազոտություններ, այնպես էլ հիվանդությունների բուժման և կանխարգելման ուղեցույցների հետ կապված աշխատանքները: