ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի և Սթրեսի և վարքագծի միջազգային կազմակերպության գործակցությամբ մայիսի 16-ին բժշկական բուհում մեկնարկեց «Նեյրոգիտության շաբաթ 2024»-ը:
Քառօրյա միջոցառման շրջանակում կանցկացվեն տարբեր գիտական միջոցառումներ, որոնք համախմբել են շուրջ 20 երկրից 200 մասնակցի:
«Ինձ համար պատիվ է աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրի առաջատար գիտնականների և հետազոտողների մասնակցությամբ նման հեղինակավոր գիտական միջոցառումը հյուրընկալել մեր բուհում: Ձեր այստեղ գտնվելը վկայում է գլոբալ համագործակցության և նեյրոգիտության ոլորտին ձեր նվիրվածության մասին: Մեր տեսլականն է խթանել համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների համար այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ ծնվում է նոր գիտելիք, զարգանում է գիտական միտքը և առանձնահատուկ կարևորվում են գիտական հետազոտությունները: Նեյրոգիտությունն իր խորությամբ և հեռանկարով առանձնահատուկ տեղ է գրավում մեր ակադեմիական համայնքում: Այս շաբաթ մենք եզակի հնարավորություն ունենք ուսումնասիրելու տարբեր ոլորտների վերջին զարգացումները՝ սկսած ուղեղի կենսաքիմիայից մինչև նյարդաբանական և հոգեկան առողջությանն առնչվող խնդիրներ, ներառյալ՝ դրանց խանգարումների հիմքում ընկած գենետիկան: Նեյրոգիտության շաբաթվա ընթացքում մեր հարգարժան բանախոսները, ովքեր իրենց ոլորտի առաջատարներն են, կկիսվեն իրենց բեկումնային հետազոտություններով և պատկերացումներով», – ասված էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձում:
Նա ընդգծել էր, որ բուհի համար առանձնահատուկ կարևորվում է բժշկագիտության նահապետ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, կենսաքիմիկոս Միխայիլ Աղաջանովին նվիրված գիտական սիմպոզիումը:
«Միջոցառումն առաջին անգամ չի անցկացվում, այլ արդեն երկրորդն է: Այս տարի անցկացվում է նույն օրերին, ինչ անցած տարի: Փորձում ենք ձևավորել նեյրոգիտության շաբաթվա անցկացման մշակույթ, աշխարհի գիտական կիզակետը բերել այստեղ` բժշկականի հարթակում` մեր երկրում, ներկայացնելով նեյրոգիտությանը վերաբերող տարբեր, հետաքրքիր զեկույցներ, միջոցառումներ: Քսան երկրից 130 մասնակից կիսվելու է ամենավերջին հետազոտություններով. սա վկայում է այն մասին, որ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնն այնքան պատրաստ է, որ մարդիկ ցանկանում են մասնակցել, և սա գերկարևոր է: Երրորդ, չորրորդ, հինգերորդ տարին անցկացնելով` մենք կարող ենք փաստել, որ նեյրոգիտության բնագավառում բժշկական համալսարանը դառնում է միջազգային հարթակ», – լրագրողների հետ զրույցում մանրամասնելով միջոցառման մասին` ասաց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատողը, պատասխանելով իրականացվող հետազոտությունների մասին հարցին, փաստեց, որ իրենց կողմից իրականացվող հիմնական գիտական հետազոտությունը մարդու առողջ ուղեղ ունենալն է. «Փոքրից մեծ ուսումնասիրում ենք ուղեղի ֆունկցիաները, ախտաբանությունը և այսօրվա դրությամբ մենք ասելիք ունենք թե աուտիզմի, թե այլցհեյմերի մասին` հիմնական շեշտը դնելով էմբրիոնալ զարգացման շրջանում ինչ ախտահարումներ են լինում, որոնք անդրադառնում են երեխաների վրա»:
Մայիսի 16-ին, «Նեյրոգիտության շաբաթ 2024»-ը մեկնարկեց պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի հիշատակին նվիրված դասախոսությամբ: Միջոցառմանը ներկա էին նրա կինը` Նելլի Ահարոնովան և դուստրը` պրոֆեսոր, Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովան:
Մարտի վերջին կյանքից հեռացած Կենսաքիմիայի ամբիոնի երկար տարիների ղեկավարի անցած ուղին էր պրոֆեսոր Ենկոյանի ներկայացված մասնագիտական նյութի առանցքում:
«Մարդիկ առավել հաճախ օնկոլոգիայից, թե ուղեղի վնասվածքներից են մահանում, հարցին պատասխանելը բարդ է»,- գիտական մեջբերումներով ու թվային տվյալներով է վերլուծում իր կողմից ներկայացրած հարցադրումը նա` զուգահեռներ տանելով նաև պրոֆեսր Աղաջանովի կենսագրության հետ, որն անքակտելիորեն կապված է գիտության ու բժշկական մայր բուհի հետ:
Անվանի բժիշկ-գիտնականը երկար տարիներ ուսումնասիրել է օքսիդատիվ սթրեսի դերը նորմայում և ախտաբանության մեջ, իսկ կյանքի վերջին 25 տարիներին զբաղվել է Ալցհեյմերի հիվանդության հետազոտություններով։
ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ, ZENEREI հետազոտական կենտրոնի տնօրեն, նեյրոգիտության պրոֆեսոր Ալան Կալուեֆը նշեց, որ որպես համաժողովի նախագահող՝ իր համար մեծ պատիվ է ազդարարել միջոցառման մեկնարկը:
«Սա յուրահատուկ հարթակ է։ Հայաստանը հանդես է գալիս որպես խաղաղ անկյուն, որը միավորում է մարդկանց, գիտնականներին։ Մոտակա տարիներին ևս մենք կշարունակենք կոնֆերանսներ անցկացնել այստեղ՝ զարգացնելով համագործակցությունը։ Նյարդակենսաբանությունը Հայաստանում պատմականորեն զարգացած է, իսկ նմանատիպ միջազգային մասշտաբի միջոցառումները երկրորդ շունչ են հաղորդում։ Նեյրոգիտնականների համայնքը կորցրեց երկու առաջատար անդամի՝ պրոֆեսոր Ուինսթոնը Ֆինլանդիայի գիտությունների ակադեմիայի անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, և պրոֆեսոր Աղաջանովը, նա հազվադեպ հանդիպող մարդ էր, նրբանկատ, դիվանագիտական կեցվածք ուներ կյանքի ցանկացած իրավիճակում, իր նուրբ ժպիտով նա շեշտակիորեն տարբերվում էր։ Մենք շատ կկարոտենք նրա ժպիտը, մոտեցումները»,- շեշտեց Ալան Կալուեֆը:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի փոխնախագահ ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանն անդրադարձավ Միխայիլ Աղաջանովի նշանակալի ներդրմանը նյարդաքիմիայի և կենսաքիմիայի ոլորտում, հատկապես՝ նյարդաքիմիայի ամսագրի տպագրման գործում նրա ջանքերին։
«Տասը տարի առաջ նա դարձավ ամսագրի խմբագրերից մեկը, որը թարգմանվում է անգլերեն։ Նույնիսկ վախճանից հետո պրոֆեսորը ծառայում է գիտությանը և ուսանողներին»,- նկատեց գիտնականը:
Լ․Ա․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ղեկավար Նաիրա Այվազյանը, որն ընտրվել է Սթրեսի և վարքագծի միջազգային միության (International Society of Behavior and Stress) գործընկեր, ողջունեց ներկաներին, փաստեց, որ պրոֆեսոր Աղաջանովը շատ քաղաքավարի էր նույնիսկ քննադատության մեջ։
Օքսֆորդի համալսարանի Ֆարմակոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչ Դանիել Էնթոնին խոսեց մտավոր առողջության բիոմարկերների հայտնաբերման ուղղությամբ կատարվող հետազոտությունների և դրանց արդյունքների մասին։
Հետազոտությունների ընթացքում, նրա խոսքով, օգտագործվել են Միացյալ Թագավորության բիոբանկի տվյալները։
«Մեծ պատիվ է լինել այսօր Հայաստանում և հանդիպել գործընկերներիս»,- տպավորությամբ կիսվեց «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ, Վարշավայի Նենսկի ինստիտուտի Մոլեկուլային և բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտը ներկայացնող Ջասեք Ջավորսկին: Նա ներկայացրեց նեյրոնային մորֆոլոգիայի բազմազանությունը։ Հանգամանալից անդրադարձավ նեյրոնի կյանքի փուլերին և դրանց առանձնահատկություններին:
Կազմակերպիչները վստահ են, որ համաժողովը կապահովի արդյունավետ հնարավորություն համագործակցության և փոխանակումների համար:
Պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, մասնակիցները գիտելիքի և փորձառության ձեռքբերման այս առիթն օգտագործելով առաջիկա օրերի ընթացքում ևս կարող են ակտիվ ներգրավվել, հարցեր հղել և համագործակցության ուղիներ փնտրել:
Նշենք, որ սա հազվագյուտ առիթ է շփվելու նեյրոգիտության ամենավառ դերակատարների հետ, հարստացնելու ակադեմիական և մասնագիտական գիտելիքները և հարթելու սեփական գիտական ուղին: