Նոր մասնագիտություններից մինչև գործնական հմտություններ․ ԵՊԲՀ քոլեջի կրթական առաջնահերթությունները

Նոր մասնագիտություններից մինչև գործնական հմտություններ․ ԵՊԲՀ քոլեջի կրթական առաջնահերթությունները

Ժամանակակից բժշկության զարգացումն ու ոլորտի պահանջների փոփոխությունը ազդեցությունն է ունենում նաև բժշկական կրթության վրա։ Այս համատեքստում կարևոր է, որ միջին մասնագիտական կրթությունը ևս շարունակաբար վերանայվի, զարգանա և համապատասխանի ինչպես ժամանակակից բժշկության պահանջներին, այնպես էլ աշխատաշուկայի կարիքներին։

ԵՊԲՀ քոլեջի կրթական ծրագրերի, նոր մասնագիտությունների և առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք քոլեջի տնօրեն, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Վահե Այվազյանի հետ։

 -Վերջին մեկ տարվա ընթացքում քոլեջի կրթական ծրագրերում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչ նորարարություններ ներդրվել։

-Վերջին մեկ տարվա ընթացքում քոլեջի կրթական ծրագրերը ամբողջությամբ վերանայվել և բարելավվել են։ Կրթական ծրագրերում առավել մեծ շեշտադրում է կատարվել գործնական բաղադրիչի վրա։ Այսուհետև բոլոր կրթական ծրագրերն ունեն իրենց ղեկավարները։ Այս պահին քոլեջում գործում է 7 կրթական ծրագիր, որոնցից յուրաքանչյուրն ունի ղեկավար։ Բոլոր 7 կրթական ծրագրերն ամբողջությամբ՝ իրենց բաղադրիչներով, վերանայվել և կատարելագործվել են՝ համապատասխանեցվելով նաև միջազգային չափանիշներին։

-Պարոն Այվազյան, ի՞նչ նոր ծրագրեր են նախատեսվում առաջիկայում։

-2024-ից 2026 թվականների ընթացքում երկու նոր մասնագիտություն է ավելացել՝ «Պրոթեզավորում, օրթեզավորում և վերականգնողական տեխնիկա» և «Ստոմատոլոգիական գործ»։ Վերջինը հստակ մասնագիտացում է՝ ստոմատոլոգի օգնական։ Այս տարի արդեն ունեցանք այս ծրագրերի առաջին շրջանավարտներին։ Այս մասնագիտությունները բավականին արդի են ուսանողների շրջանում: Ունենք նոր ծրագրերի և նոր մասնագիտությունների ներդրման գաղափարներ, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնենք։

Ինչպե՞ս է քոլեջը փորձում համապատասխանել ժամանակակից կրթական պահանջներին։ 

-Կրթական ծրագրերի բարելավումն ու վերանայումը կապված են նաև ժամանակակից բժշկության արդի պահանջների հետ՝ ծրագրերը համապատասխանեցնելով ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին։ Մեր նպատակն է, որպեսզի միջին մասնագիտական կրթության արդյունքները հնարավորինս համահունչ լինեն հետագայում բակալավրիատի կրթական պահանջներին և ապահովեն համապատասխան գիտելիք ու հմտություն։

Ինչպիսի՞ հնարավորություններ են ստանում շրջանավարտները ավարտելուց հետո, հատկապես արդի է այն հարցը, թե ԵՊԲՀ քոլեջի ուսանողը հետագայում բժշկական բուհում ինչ առավելություն կամ արտոնություն ունի: 

-Շրջանավարտների համար նախատեսված հնարավորություններից մեկն այն է, որ գերազանցությամբ ավարտած ուսանողները մրցութային կարգով կարող են տեղափոխվել ԵՊԲՀ երկրորդ կուրս՝ կախված տվյալ տարվա տրամադրված տեղերի քանակից։ Մյուս առավելությունն այն է, որ միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո շրջանավարտները հնարավորություն են ստանում աշխատելու համալսարանական հիվանդանոցներում։

Ուսանողների պրակտիկան հիվանդանոցներում և բժշկական կենտրոններում նույնպես դիմորդներին մշտապես հետաքրքրող հարցերից է:

-Ծրագրերի փոփոխությունների հետ կապված՝ մենք շեշտադրել ենք  նաև պրակտիկ պարապմունքների քանակի ավելացումը, որպեսզի ուսանողները հնարավորինս շատ գործնական հմտություններ ձեռք բերեն։ Պրակտիկ մասը սովորողներն անցնում են երեք համալսարանական հիվանդանոցներում, ինչպես նաև այն այլ բուժհաստատություններում, որոնց հետ համագործակցում ենք։ Այսպիսով, ամբողջությամբ կարողանում ենք ապահովել մեր ուսանողների պրակտիկ պարապմունքները։

Ո՞ր մասնագիտություններն են այսօր առավել պահանջված դիմորդների շրջանում: 

-Եթե այս պահի դրությամբ դիտարկենք, 9-րդ դասարանի բազայով առավել պահանջված են «Քույրական գործ» և «Ստոմատոլոգիական գործ» մասնագիտությունները։ Մեր նպատակներից մեկն է ավելացնել 12-րդ դասարանի բազայով դիմորդների թիվը, որպեսզի նրանք միջին մասնագիտական կրթությունն ավարտելուց հետո անմիջապես կարողանան շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։ Այդ ուղղությամբ մենք մեր ջանքերն ենք ներդնում, որպեսզի 12-րդ դասարանի բազայով դիմորդների թիվն ավելանա։

ԵՊԲՀ քոլեջի ուսանողների թիվը ի՞նչ ցուցանիշ ունի: 

-Վերջին երեք տարվա ընթացքում քոլեջի ուսանողների թիվն էականորեն ավելացել է: Այս տարի ունենք դիմելիության բավական մեծ մրցույթ:

-Կա՞ արդյոք տարիքային սահմանափակում քոլեջ ընդունվելու և միջին մասնագիտական կրթություն ստանալու համար։

-Տարիքային սահմանափակում չկա․ ցանկացած տարիքում կարելի է ընդունվել ԵՊԲՀ քոլեջ և ստանալ միջին մասնագիտական որակյալ կրթություն։