Բոլոր ժամանակներում մարդկությունը խորին հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել զինվորական բուժաշխատողի մասնագիտությանը: Սա առավել ակնառու է այսօր, քանի որ մեր զինծառայողների առողջությունը մեծապես կախված է հենց զինվորական բուժաշխատողների տքնաջան աշխատանքից:
Ռազմական բժիշկն այն եզակի մասնագետներից է, որ իր գործունեությունից առաջ երդվում է երկու անգամ` որպես զինվորական և ապա` որպես բժիշկ: Այսպիսով պարտավորվում է մասնագիտական պարտականությունները կատարելիս երբեք չմոռանալ, որ գործ ունի իր պետության սահմանների անառիկությունը պահպանող զինծառայողի կյանքի ու առողջության հետ:
Դեռևս հին Հնդկաստանում վիրավորներին դուրս էին բերում մարտի դաշտից և բժշկական օգնություն ցույց տալիս հատուկ վրաններում, իսկ Հունաստանում բժիշկները ծառայում էին բանակում որպես մարտիկներ և մարտի ընթացքում կատարում բժշկական պարտականություններ։ Հռոմեական կայսրության բանակում նույնպես եղել են բժիշկներ։ Կիլիկյան Հայաստանի զինված ուժերը սպասարկող անձնակազմի մեջ մտել են նաև զինվորական բժիշկներ։
Հետաքրքիր պատմական փաստ կա արձանագրված, որ դեռևս հին ժամանակներում Հիպոկրատը հրաժարվել է պարսից արքա Արտաքսերքսեսի նվերներից` (առկա է նույնիսկ նկար, որտեղ պատկերված են պարսից արքա Արտաքսերքսեսի սուրհանդակները, որոնք նվերներ են առաջարկում Հիպոկրատին), բուժելու ժանտախտով տառապող պարսիկ զինվորներին։ Ասում են, որ Հիպոկրատը պատասխանել է. «Ասեք Ձեր տիրոջը, որ ես բավականաչափ հարուստ եմ. իսկ իմ պատիվը թույլ չի տա ինձ օգնել Հունաստանի թշնամիներին»:
Զինվորական թե՞ բժիշկ դիլեման մշտապես գոյություն է ունեցել: Ակնկալվում է, որ ռազմական բժիշկը պետք է կատարի մարդասեր բժշկի և հայրենասեր զինվորի երկակի դեր: Բայց այս երկու մասնագիտություններն էլ սկզբունքորեն շատ տարբեր են միմյանցից, զինվորը, առաջին հերթին, պետք է առավելագույն հավատարմություն ցուցաբերի իր երկրի նկատմամբ և ամեն գնով պաշտպանի ազգային անվտանգությունը: Մինչդեռ բժիշկը բարոյական պարտավորություն ունի իր հիվանդների նկատմամբ և պարտավոր է բուժել հիվանդներին կամ վիրավորներին՝ անկախ դավանանքից կամ ազգությունից: Ռազմական բժիշկները միավորում են այս երկու մասնագիտությունները՝ հիմնվելով մարդասիրության, անկողմնակալության և չեզոքության սկզբունքների վրա: Սույնով փորձ է արվում ուսումնասիրել ռազմական բժիշկների առջև ծառացած մարտահրավերները, երբ նրանք պահպանում են մասնագիտական էթիկան, հատկապես զինված հակամարտության ժամանակ, և ներկայացվում է տարբեր գործող կանոնների և հռչակագրերի ակնարկ, որոնցով առաջնորդվում են ռազմական բժիշկները էթիկական և պարտադիր երկընտրանքների ժամանակ:
Ժնևի կոնվենցիաների համաձայն, բուժաշխատողներին և բժշկական հաստատություններին տրվում է հատուկ կարգավիճակ. համարվում է, որ նրանք պաշտպանված են հարձակումներից և գրավման դեպքում պետք է անհապաղ հայրենադարձվեն: Իր հերթին, ակնկալվում է, որ բժշկական անձնակազմը պետք է կատարի հետևյալ պարտավորությունները.
Բժշկական պրակտիկայի ամենակարևոր Էթիկական սկզբունքներն են՝ «հոգ տանել հիվանդի բարեկեցության մասին» և «առաջին հերթին չվնասել», մինչդեռ զինվորական ծառայության հիմնարար սկզբունքներն են՝ «հոգ տանել զինված ուժերի արդյունավետ գործունեության մասին» և «ենթարկվել հրամանատարական կառուցվածքին»:
Գործնականում բժշկությունը ձգտում է օգնել մարդկանց առողջ մնալ կամ վերականգնել նրանց առողջությունը, ինչպես նաև մեղմել ցավը: Մյուս կողմից, Զինված ուժերը շատ հաճախ ստիպված են լինում կիրառել դաժան կործանարար ուժ և զենք ՝ պետության կամքը պարտադրելու կամ իրենց ժողովրդի պաշտպանությունն ապահովելու համար: Ռազմական բժիշկները համատեղում են այս երկու բոլորովին տարբեր մասնագիտությունները: Այնուամենայնիվ, զինված հակամարտության գոտիներում ռազմական բժիշկները սովորականից ավելի հաճախ են բախվում էթիկական և պարտադիր երկընտրանքների: Այս հարցին միանշանակ պատասխաններ չկան, քանի որ ռազմական դերը, բժշկական էթիկան և ազգային անվտանգությունը սերտորեն միահյուսված են: Կան դրույթներ և ուղեցույցներ, որոնք վերաբերում են ինչպես ռազմական, այնպես էլ բժշկական էթիկային, բայց քաղաքական առաջնորդները, միջազգային կազմակերպությունները, ռազմական գեներալները և Բիոէթիկայի մասնագետները պատասխանատու են շարունակական երկխոսություն վարելու և ապահովելու համար, որ մարտիկների կամ քաղաքացիական անձանց իրավունքները չխախտվեն, և առողջության պահպանման իրավունքը հարգվի՝ անկախ անհատի կարգավիճակից: Առաջին հերթին, բոլոր երկրները հավաքական պատասխանատվություն են կրում դժվարին ժամանակներում մարդկությանը պաշտպանելու համար:
Նշենք, որ 1994թ.-ի մայիսի 19-ին ԵՊԲՀ-ում ստեղծվել է ռազմաբժշկական ֆակուլտետը ՀՀ կառավարության թիվ 232 որոշմամբ ԵՊԲՀ-ում գործող բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա:
ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետն ունեցել է շուրջ 600 շրջանավարտ, որոնցից 30-ն ավարտել են գերազանցության դիպլոմով: Նրանց մեծ մասն այսօր ծառայում են կենտրոնական կլինիկական զինվորական և կայազորային հոսպիտալներում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետում` որպես դասախոսներ, զորամասերի բուժծառայության և բուժկետերի պետեր են, բժիշկ-մասնագետներ, դասախոսներ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բաժինների սպաներ և ավագ սպաներ: ՌԲՖ-ում ռազմական և ռազմաբժշկական կրթություն ստանում են նաև ԵՊԲՀ մյուս ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ՀՀ ՊՆ պատվերով ԵՊԲՀ ինտերները և կլինիկական օրդինատորները:
Հպարտությամբ պետք է նշել, որ բժշկական ծառայությանն այսօր ունի բազմաթիվ պատրաստված կադրեր, որոնց օրինակով ու ոգով կդաստիարակվեն ռազմական բժշկների և բուժաշխատողների հետագա սերունդները: