ԵՊԲՀ բժշկության պատմության թանգարան այցելուների թիվը շարունակաբար աճում է: Ամեն օր բժշկագիտությամբ հետաքրքրվող անձիք, ուսանողներ, աշակերտներ այցելում են բժշկական մայր բուհ՝ ծանոթանալու բժշկության վերաբերյալ հետաքրքիր պատմություններին, տեսնելու ցուցանմուշները՝ անվանի գիտնականների ձեռագրերը, փաստաթղթերը, անձնական իրերը, բժշկական գործիքները, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութերը, այլ դիտարժան իրեր:
Թանգարանի հերթական այցելուները Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների աշակերտներն էին՝ կենսաբանության և քիմիայի ուսուցչուհիներ Մարգարիտ Ավետիսյանի և Արաքսյա Գևորգյանի ուղեկցությամբ:
Աշակերտները Երևան էին եկել հենց թանգարան այցելելու նպատակով: Նրանք մեծ ոգևորությամբ շրջեցին և ուսումնասիրեցին ցուցանմուշները:
Կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Արաքսյա Գևորգյանի խոսքով՝ աշակերտներից շատերն արդեն հստակ կողմորոշվել են մասնագիտության ընտրության հարցում՝ հոգեհարազատ ոլորտ համարելով բժշկությունը, բնագիտական ուղղությունը:
Ավելի ուշ Գյումրու դպրոցին միացավ նաև Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները: Նրանք ևս շրջեցին թանգարանում՝ նոր ու օգտակար գիտելիք քաղելով:
Թանգարանի ղեկավար Նարինե Ղազարյանը շեշտեց, որ օրեցօր ավելանում է այցելուների շրջանակը, բժշկական կրթօջախի պատմությունը, բժիշկ-գիտնականների կենսագրությունն ու փորձը շատերի համար օրինակ, ոգեշնչման աղբյուր են դառնում: