Պալիատիվ խնամքի համաշխարհային դաշինքի նախաձեռնությամբ 2005 թվականից ի վեր, աշխարհի տարբեր երկրներում հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է Հոսփիսային և պալիատիվ խնամքի համաշխարհային օրը: 2024 թվականին այդ օրը նշվում է հոկտեմբերի 12-ին:
Այս գլոբալ միջոցառման նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություններուվ տառապող անձանց մատուցվող պալիատիվ (ամոքիչ) օգնության վերաբերյալ, ինչպես նաև նպաստել պալիատիվ ծառայությունների հասանելիության բարձրացմանը ողջ աշխարհում։
Պալիատիվ խնամքն առողջապահական ծառայությունների կարևոր բաղադրիչներից մեկն է։ Երբ բժշկությունն արդեն անզոր է, և մարդու օրգանիզմը չի արձագանքում բուժմանը, օգնության է հասնում պալիատիվ խնամքը:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման՝ պալիատիվ խնամքը մոտեցում է, որը թույլ է տալիս բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների խնդրին բախվող պացիենտների (մեծահասակների և երեխաների) և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ցավի և այլ ֆիզիկական ախտանիշների վաղ հայտնաբերման, մանրակրկիտ գնահատման և բուժման օգնությամբ տառապանքների կանխարգելման ու թեթևացման, ինչպես նաև հիվանդին և նրա հարազատներին հոգեբանասոցիալական ու հոգևոր աջակցության տրամադրման միջոցով։
Պալիատիվ բուժօգնության իրականացման ձևերն են` արտահիվանդանոցային, ստացիոնար, շարժական (մոբիլ) պալիատիվ բուժօգնությունը և պալիատիվ բուժօգնությունը հոսպիսներում /ցուցաբերվում է հիվանդության զարգացման վերջին փուլում գտնվող և ստացիոնար պայմաններում հարատև խնամք պահանջող պացիենտներին:
ԱՀԿ գնահատականների համաձայն՝ ամեն տարի աշխարհում պալիատիվ խնամքի կարիք ունեն ավելի քան 56.8 միլիոն մարդ, որոնց 78%-ը բնակվում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Կանխատեսվում է, որ մինչև 2060 թվականը պալիատիվ օգնության կարիք ունեցող անձանց թիվը կկրկնապատկվի՝ պայմանավորված բնակչության ծերացմամբ և ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության աճով: Ուստի, հաշվի առնելով այն, որ այսօրվա դրությամբ երկրների մեծամասնությունում պալիատիվ խնամքի մատուցումը շատ հեռու է կարիքներից (յուրաքանչյուր 10 պացիենտից միայն մեկն է ստանում այն), անհրաժեշտ են անհապաղ և համադրված քայլեր՝ պալիատիվ օգնության որակյալ ծառայությունների հասանելիությունը ընդլայնելու ուղղությամբ։
Պալիատիվ խնամքի ցածր հասանելիության խնդիրը չափազանց արդիական է նաև Հայաստանի համար։ Տարվա ընթացքում ՀՀ-ում 27000-28000 քաղաքացի է մահանում, և նրանցից 60-70%-ը ամոքիչ խնամքի կարիք ունի:
Սահմանված նորմատիվների համաձայն՝ բնակչության ապահովվածությունը ստացիոնար պալիատիվ օգնությամբ պետք է կազմի 50-100 մահճակալ 1 միլիոն բնակչի հաշվով։ Երկրում պալիատիվ օգնություն ցուցաբերող բժիշկների և բուժքույրերի օպտիմալ հարաբերակցությունը պետք է լինի առնվազն 1:5-ի:
Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության կազմակերպման հայեցակարգի մշակման գործընթացում ընդգրկված փորձագետների խմբի գնահատականի համաձայն՝ երկրում պալիատիվ խնամքի համակարգի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ է 113 բժիշկ-մասնագետ, 593 բուժքույր, ինչպես նաև 240 այլ մասնագետ /սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և այլն/: Բացի այդ, անհրաժեշտ է մեծացնել տնային պայմաններում պալիատիվ բուժօգնություն ցուցաբերող շարժական թիմերի թիվը, քանզի, մեր երկրի բնակչության համար պահանջվող 80 թիմից ներկայումս գործում են 30-ը:
Մեր երկրում 2022 թ-ից Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործում է պալիատիվ ծառայության կլինիկա, որը նախատեսված է 32 պացիենտի ստացիոնար բուժման համար։
Մանկական պալիատիվ խնամքի առաջին բաժանմունքը ՀՀ-ում բացվել է 2021թ․-ին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Կենտրոնում առկա 5 մահճակալները նախատեսված են օնկոհեմատոլոգիական հիվանդություն ունեցող երեխաների համար։ Եվս 3 մահճակալ կա «Արաբկիր» բժշկական կենտրոնում՝ նախատեսված այդ բուժհաստատությունում գտնվող ծանր և կյանքին սպառնացող դեպքերի համար։
Պալիատիվ խնամքի անհրաժեշտությունն առաջանում է բազմաթիվ հիվանդությունների դեպքում։ Մեծահասակների շրջանում այն հիմնականում ցուցաբերվում է ծանր ընթացք ունեցող սիրտանոթային հիվանդությունների (38․5%), քաղցկեղի (34%), քրոնիկ շնչառական հիվանդությունների (10․3%), դիաբետի (4․6%) դեպքում։ Պալիատիվ խնամքը կարող է անհրաժեշտ լինել նաև, օրինակ, երիկամային անբավարարություն, լյարդի քրոնիկ հիվանդություն, ցրված սկլերոզ, Պարկինսոնի հիվանդություն, ռևմատոիդ արթրիտ, նյարդաբանական հիվանդություններ, դեմենցիա, բնածին խանգարումներ ունեցողներին:
Երեխաները պալիատիվ օգնության կարիք կարող են ունենալ հիվանդության տարբեր փուլերում՝ սկսած կյանքի վաղ շրջանից, բնածին անոմալիաների, ժառանգական տարբեր հիվանդությունների դեպքում։
Պալիատիվ բուժօգնության սկզբունքներն են`
Օրվա խորհուրդն, այն է, որ «Եթե մարդուն չես կարող բուժել, դա չի նշանակում, որ նրա համար այլևս ոչինչ անել չի կարելի» /Ս. Սանդերս/։