Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պատերազմի օրերին ոչինչ չէր կանգնեցնում աշխատանքը. ամեն փրկված կյանք երջանկացնում էր բոլորին

Պատերազմի օրերին ոչինչ չէր կանգնեցնում աշխատանքը. ամեն փրկված կյանք երջանկացնում էր բոլորին

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ճառագայթային ախտորոշում մասնագիտության առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Էլինա Խաչատրյանը ևս պատերազմի թեժ օրերին ամուր թիկունք է ապահովել՝ սպիտակ բանակի հետ լինելով հայրենիքի պաշտպանների կողքին:

Պատերազմի առաջին օրվանից գտնվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ բարձր պատասխանատվությամբ կատարելով իր առջև դրված մասնագիտական խնդիրները:

«Այդ օրերին բոլորիս համար էր ծանր՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Բաժինները ծանրաբեռնված էին, վիրավորների հոսքը՝ չափից շատ։ Օրեր էին լինում, որ շտապօգնության մեքենաներով տեղափոխում էինք հիվանդներին, աշխատում էի կարանտինի գոտում: Բազում անքուն գիշերներ ենք անցկացրել»,-նշում է նա։

ԵՊԲՀ սովորողը ընդգծում է՝ խաղաղ պայմաններում բժիշկն ունի մտածելու և բուժման պլան մշակելու ժամանակ, իսկ պատերազմի ընթացքում անհրաժեշտ է արագ կողմնորոշվել, գնահատել հիվանդի վիճակը և ցուցաբերել անհապաղ բուժօգնություն. «Այդ ժամանակ բժիշկը մի կողմ է դնում հոգնածությունը, ծարավի և քաղցի զգացումը, մտածում է կյանք փրկելու մասին։ Ոչ մի լարվածություն չի կանգնեցնում աշխատանքը․ ամեն մեկը լուռ կատարում է իր գործը ՝ մեկը՝ անշարժացնում վերջույթը, մեկը՝ կատարում թոքի դրենավորում՝ չսպասելով երախտիքի խոսքերի, և բոլորը երջանիկ են նրանով, որ փրկել են ևս մեկի զինվորի կյանք»։

Էլինա Խաչատրյանը նշում է, որ պատերազմը հոգեպես կոփել է իրեն, սովորեցրել է լինել անվախ, ավելի կարեկցող և համբերատար։

Խոսելով մասնագիտության ընտրության մասին՝ ապագա ճառագայթաբանը շեշտում է, որ փոքր հասակից է երազել բժիշկ դառնալու և բոլորին օգնելու մասին:

«Յուրաքանչյուր մասնագիտության մեջ, առավել ևս բժշկի, անհրաժեշտ է ունենալ պատասխանատվության զգացում և անսահման սեր իր ընտրած մասնագիտության հանդեպ։ Ցանկացած բժիշկ, պետք է ցանկություն ունենա ավելին իմանալու, զարգանալու։ Ամբողջ աշխարհում զարգանում է գիտությունը, օրեցօր մեծանում են տեխնիկական հնարավորությունները, որոնք և թույլ են տալիս նորագույն սարքավորումների շնորհիվ կատարել ճիշտ ախտորոշում, իսկ դա բուժման կեսն է։ Այս ամենը հաշվի առնելով ընտրեցի բժշկի ուղին՝ կանգ առնելով ճառագայթաբանի մասնագիտացման վրա»,- եզրափակում է ԵՊԲՀ սովորողը: