Ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Ռուբինա Զաքարյանը վստահ է՝ բժիշկը նախ պետք է բուժի մարդու հոգին, այնուհետև հիվանդությունը:
Վիրաբույժ դառնալու ցանկությունը նրա մոտ առաջացել է երկրորդ կուրսում, երբ առաջին անգամ վիրահատության է մասնակցել և հասկացել է, որ վիրաբուժությունը հոգեհարազատ է իրեն:
Ծնվել է Շիրակի մարզի գյուղ Ոսկեհասկում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան։
«Մասնագիտությանս ընտրությունն իմը չի եղել. հայրս է կայացրել այդ որոշումը, բայց հետագայում շատ սիրեցի բժշկությունը: Անկախ մասնագիտությունից շատ կարևոր է մարդկային արժեքը: Բժիշկը նախ պետք է լավ հոգեբան լինի, որովհետև նախ պետք է բուժել մարդու հոգին, այնուհետև՝ հիվանդությունը: Պետք է հոգատար լինել հիվանդի նկատմամբ ու հաճախ ժպտալ»,-անկեղծանում է կլինիկական օրդինատորը:
Ռուբինա Զաքարյանի համար հոգեհարազատ է նաև երաժշտությունը, ազատ ժամերին սիրում է երգել, ինչպես նաև ստեղծագործել:
«Երգն ինձ համար առաջին տեղում է: Ես սիրում եմ երգել, ցանկությունս մեծ էր երգել մեծ բեմերում, սակայն չստացվեց, առաջնային համարեցի բժշկի մասնագիտությունը»,-նշում է նա՝ հավելելով, որ սիրում է նաև իրավաբանությունը և եթե չընտրեր բժշկի ուղին իրավաբան դառնալու հնարավորություն ևս կունենար:
Ապագա վիրաբույժը Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ևս իր ուժերի ներածին չափով փորձել է օգնել հայրենիքի պաշտպաններին` հանրապետական բժշկական հիվանդանոցում:
Ռուբինան նրանց, որոնք բժիշկ դառնալու որոշում են կայացնել խորհուրդ է տալիս լինել զգոն. «Բժշկության մեջ առաջնային օղակը մարդկային կյանքն է: Լավ սովորել, որպեսզի ավելի վստահ կարողանաս անել քո քայլը՝ ի նպաստ հիվանդի առողջությանը»: