Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր պլաստիկ վիրաբույժները քննարկեցին Հայաստանի պլաստիկ վիրաբուժության ոլորտում առկա խնդիրները, անդրադարձան դրանց լուծման ուղիներին ու միջոցներին:
ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ այսպիսի հանդիպումներ պետք է կազմակերպել պարբերաբար, քանի որ այս ոլորտում խնդիրներն օրեցօր ավելանում են, և դրանք ժամանակին չլուծելու դեպքում կարող են ավելի բարդանալ:
«Պլաստիկ վիրաբույժների քանակն աստիճանաբար շատանում է, սակայն դրան զուգահեռ պետք է աշխատել նաև որակի բարելավման ուղղությամբ»,- նշեց նա: Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ պլաստիկ վիրաբուժությանը վերաբերող որոշումներն անհրաժեշտ է ընդունել համատեղ քննարկումների արդյունքում: «Պետք է ձևակերպենք՝ ինչ է պլաստիկ վիրաբուժությունը, ով իրավունք ունի զբաղվել դրանով, ու գծենք այն սահմանները, որոնցից այն կողմ իրավունք չունենք անցնել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս մասնագիտության սահմանները շատ լայն են, և կլինկական օրդինատորները, մինչ մասնագիտական գործունեությունը սկսելը՝ վերապատրաստումների միջոցով, պետք է ձեռք բերեն հմտություններ ՝ տարբեր ուղղություններով:
Հանդիպմանը, որը անցկացվում է Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի կողմից, ներկա էին ոլորտի մասնագետները: Քննարկումների ընթացքում նրանք հանդես եկան տարբեր առաջարկություններով՝ կարևորելով պլաստիկ վիրաբուժությանը վերաբերող խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև 2019 թվականին կայանալիք Հայաստանի պլաստիկ վիրաբույժների 12-րդ միջազգային կոնգրեսի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցերը: