Փոխըմբռնման հուշագիր ԵՊԲՀ-ի և Օստրավայի համալսարանի միջև

Փոխըմբռնման հուշագիր ԵՊԲՀ-ի և Օստրավայի համալսարանի միջև

Երևանի պետական բժշկական համալսարանի և Օստրավայի համալսարանի միջև այսօր  փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց:

Համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության և փոխանակման հիմքեր ստեղծելու մասին փաստաթուղթը ստորագրեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Օստրավայի համալսարանի Համաճարակաբանության և հանրային առողջության ֆակուլտետի դեկան Ռաստիսլավ Մադարը:

«Մեզ համար որպես միջազգային բուհ յուրաքանչյուր համագործակցություն կարևոր նշանակություն ունի»,- ողջունելով արտերկրի մասնագետներին նշեց ռեկտորը` հավելելով, որ եվրոպական զարգացած համալսարանների հետ գործակցությունը տարբեր ուղղություններով է ընթանում և մասնավորապես գիտական բնագավառում:

Բժշկական համալսարանում կրթություն է ստանում 33 երկրի 2030 օտարերկրացի ուսանող և նոր կապերի ստեղծումն ու ընդլայնումը մշտապես օրակարգում է:

Ռաստիսլավ Մադարը տեղեկացրեց, որ  Օստրավայի համալսարանն ունի 6 ֆակուլտետ, որից  մեկը բժշկական է:

«Բժշկական ֆակուլտետում 30 կրթական ծրագրեր են իրականացվում, որոնք ընդգրկում են նաև բուժքույրական գործը, մանկաբարձությունը, այլ ոլորտներ»,- ասաց դեկանը, ով նույնպես հետաքրրքված էր գիտական համագործակցությամբ: Նա հավելեց, որ իրենց համալսարանում նոր գիտական կենտրոն է հիմնվել:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում ստեղծել հնարավորություններ ստորագրված հուշագրով սահմանվող գործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:

Այնուհետև, Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի ուղեկցությամբ շրջայց կազմակերպվեց ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ»  ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում: Ներկայացվեց գիտական կառույցի գործունեությունը: