Ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի 2-րդ տարվա կլինիկական օրդինատոր Գայանե Սարգսյանը փետրվարին «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ստացել է կրթաթոշակ և մեկնել է սովորելու Պորտոյի համալսարանում:
«Սկսեցի սովորել Պորտուգալիայի Օնկոլոգիայի ինստիտուտի ռադիոլոգիայի բաժանմունքում: Սա երկրի մեծագույն հիվանդանոցներից մեկն է, որտեղ բուժվում են միլիոնավոր պացիենտներ, կրթվում մեծ թվով կլինիկական օրդինատորներ և ապագա հարբժշկական մասնագիտություն ունեցող ուսանողներ, և որ ամենակարևորն է՝ այս հիվանդանոցում իրականացվում են շատ մեծ գիտահետազոտական ծրագրեր»,- պատմում է ԵՊԲՀ սովորողը:
Ծրագրով նախատեսված էին նաև որոշ տեսական առարկաներ, ինչպիսիք էին օնկոլոգիական պաթոլոգիան, քսենոբիոտիկների դերը քաղցկեղի զարգացման հարցում և այլն: Ծրագրի ավարտից հետո ևս երկու շաբաթ նա շարունակել է հերթապահել ռադիոլոգիայի բաժանմունքում մինչև Հայաստան վերադառնալը:
Գայանե Սարգսյանի խոսքով՝ մասնակցությունը ծրագրին հնարավորություն տվեց ավելի խորապես ուսումնասիրել ուռուցքաբանական հիվանդությունների բազմագործիքային ախտորոշումը:
«Սկզբում ամեն օր կցված էի այդ օրվա հերթապահ բժիշկներից մեկին, ով ինձ բացատրում էր կատարված հետազոտությունը, և միասին կազմում էինք եզրակացությունը: Մոտ երկու ամսից ուսուցման տակտիկան մի փոքր փոխվեց և սկսեցի ինքնուրույն կազմել եզրակացություն, որը հետո ստուգվում և թարգմանվում էր պորտուգալերեն հերթապահ բժշկի կողմից, ինչը անում եմ մինչ օրս»,- նշում է կլինիկական օրդինատորը:
Առաջին անգամն է, որ սովորում է մի կուրսում միաժամանակ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, ինչը բավականին հետաքրքիր և նոր փորձ է իր համար: Եվ դժվար չէ կռահել այս ժամանակահատվածում, ինչպես ամենուրեք՝ նրանք միասին առերեսվել են պանդեմիայի հետ:
Գայանեին դեպի բժշկությունն են բերել մարդկանց օգնելու մեծ ցանկությունն ու բնագիտական առարկաներով տարված լինելը:
Երկար տատանվելուց հետո ընտրել է ռադիոլոգի նեղ մասնագիտացումը, որը հնարավորություն է տալիս մասնագիտական գիտելիքների և արագ զարգացող տեխնոլոգիաների միաժամանակյա կիրառում:
Երիտասարդ բժիշկը խոստովանում է, որ ուսանողական տարիները լավագույնն են եղել իր կյանքում:
«Ունեցել եմ անփոխարինելի դասախոսներ, ովքեր դարձել են ավագ ընկերներ, բժիշկ լինելու օրինակներ և մինչ օրս կարևոր դեր ունեն իմ՝ որպես բժիշկ կայացման հարցում: Բացի մասնագիտական գիտելիքներից համալսարանում ձեռք եմ բերել նաև իմ կյանքի լավագույն ընկերներին, ովքեր այսօր կանգնած են առաջնագծում և կյանքեր են փրկում»,- հավելում է ապագա ռադիոլոգը:
Մի քանի ամսից նա կավարտի կլինիկական օրդինատուրան և կհամալրի ԵՊԲՀ շրջանավարտների շարքերը: Ընդգծում է, որ ԵՊԲՀ-ական լինելը կրկնակի պարտավորեցնող է:
Հայաստան վերադառնալուն պես պատրասվելու է կլինիկական օրդինատուրայի պետական ավարտական քննությանը, որը բարեհաջող հանձնելուց հետո կհամալրի ավագ գործընկերների շարքերը՝ արդեն հիվանդանոցում: