Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ռազմաբժշկական ֆակուլտետը գրքի տոնը նշեց հավատարիմ մնալով Սաշա Ռուստամյանի թողած «Ինձնից՝ ինձ» պատգամին

Ռազմաբժշկական ֆակուլտետը գրքի տոնը նշեց հավատարիմ մնալով Սաշա Ռուստամյանի թողած «Ինձնից՝ ինձ» պատգամին

Երևանի պետական բժշկական համալսարանում ռազմաբժշկական ֆակուլտետն ավադույթ դարձած գիրք նվիրելու օրն այս տարի նշեց յուրահատուկ խորհրդով. ՌԲՖ կուրսանտներն իրենց նախընտրած գիրքը մակագրեցին՝ հավատարիմ մնալով պատերազմի ժամանակ անմահացած ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանի թողած պատգամին:

Գիրքը ՌԲՖ շրջանավարտ Սաշայի ուղեկիցն էր և պատահական չէր, որ իր կողմից գնված գիրքերից մակագրել էր «Ինձնից՝ ինձ նվեր» գրությամբ:

Ապագա ռազմական բժիշկներն այսօր հետևելով այդ խորհդին՝ կկարողանան կարդալ, խորհել, հասկանալ ու վերլուծել այդ բառերի նշանակությունը՝ իրենց մեջ ապրեցնելով մերօրյա հերոսների կերպարը՝ շարունակելով նրանց կիսատ թողած գործը:

Սաշային բնութագրելով որպես պետականամետ մտածողությամբ անհատ, նրա եղբայրը՝ Գուրգեն Ռուստամյանը, նշեց, որ անմահացած բժիշկն ազնիվ զինվորականի, հայի ու պարկեշտ քաղաքացու լավ օրինակ էր: «Մարդ, որն ուրախանում էր մեր երկրի փոքր հաջողություններով, որն ապրում էր բանակի հոգսերով»,-ասաց նա՝ եղբոր օրինակով փաստելով, որ ռազմաբժշկական ֆակուլտետը մեր երկրում ամենաբարձր կրթություն տվող ու խստապահանջ կրթական ստորաբաժանումներից է:

Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը կարևորելով օրվա խորհուրդը՝ որպես օրինակ ապագա ռազմական բժիշկներին հիշեցրեց Սաշա Ռուստամյանի կատարած սխրանքը: «Պատերազմի դաշտում գտնվող յուրաքանչյուր ռազմական բժշկի առաքելությունը վիրավոր զինվորին շարք վերադարձնելն է: Այդ առաքելությամբ ռազմաբժշկական ֆակուլտետի մի շարք շրջանավարտներ հավերժացան»,-ասաց ֆակուլտետի պետն՝ ընդգծելով նաև պատերազմական օրերին թիկունքում ապագա ռազմական բժիշկների համախմբված աշխատանքը:

Միջոցառման վերջում, հետևելով օրվա խորհրդին՝ ներկաները մակագրեցին իրենց գրքերը, ինչպես նաև ամբողջացնելով Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված գրքի տոնը՝ միմյանց գրքեր նվիրեցին:

Ռազմաբժշկական ֆակուլտետը տարբեր միջոցառումների շրջանակում կշարունակի հիշել անմահացած մեկ տասնակից ավելի շրջանավարտների հիշատակը՝ ապագա սերունդներին փոխանցելով նրանց կատարած սխրանքը:

Գիրք նվիրելու օրն Հայաստանում նշվում է 2008 թվականից: