Պատերազմի դժվարին օրերին ռազմական բժիշկների պատմություններն ապագա սերնդի համար կարևոր ուղեցույց են: Ռազմաբժշկական ֆակուլտետն այսօր կազմակերպվել էր հանդիպում ռազմական բժիշկ Տիտան Ասատրյանի հետ, որը մարտի դաշտում ձեռք բերված իր փորձով ու հերոսական պատմություններով կիսվեց կուրսանտների հետ:
Տիտան Ասատրյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում սովորելով մինչև 2-րդ կուրսը, որից հետո տեղափոխվել է ռազմաբժշկական ֆակուլտետ: Սովորելու ընթացքում աչքի է ընկել ոչ միայն բարձր առաջադիմությամբ, այլև ակտիվությամբ. Հայաստանն ու ԵՊԲՀ-ն ներայացրել է եվրոպական տարբեր երկրներում, պարգևատրվել է Պաշտպանության նախարարության, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականների կողմից տարբեր պարգևներով:
Տիտան Ասատրյանն ուսումն ավարտելուց հետո կամավոր մեկնել է Եղնիկներ և զբաղեցրել գնդի բուժկետի բժշկի պաշտոնը: Մատաղիսում բռնկված համաճարակը կանգնեցնելու, կազմակերպչական աշխատանքների համար զբաղեցրել է դեսանտագրոհային գումարտակի բուժծառայության պետի պաշտոնը:
Տիտան Ասատրյանն արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանին՝ ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար։
Ռազմական բժիշկը ողջունելով կուրսանտներին` դժվարությամբ վերհիշեց պատերազմի ընթացքն ու կատարած աշխատանքները: «Պատերազմի առաջին օրվանից մինչև վերջին օրը տարբեր տեղերում եմ եղել: Հիմնականում գտնվել եմ Թալիշում, Մատաղիսում, Շեխերում և Շուշիի մատույցներում: Այդ ընթացքում տեսանք այն, ինչը ոչ մի ֆիլմում հնարավոր չէ տեսնել: Ինչքան էլ ես փորձեմ խոսքերով ասել, միայն կկարողանաք պատկերացում կազմել, սակայն ոչ լիարժեք»,-նշեց ռազմական բժիշկը:
Տիտան Ասատրյանը հիացմունքով պատմեց այն զինվորների մասին, որոնք աչքի են ընկել իրենց ուժեղ կամքով և քաջագործություններով՝ մինչև վերջ պայքարելով հայրենիքի և կյանքի համար:
Ռազմական բժիշկը ընդգծում է՝ պետք է կարողանալ հաղթահարել փորձությունները և նոր գաղափարներով համբերատար առաջ շարժվել։
Նշենք, որ հայրենիքի պաշտպաններին նվիրված միջոցառումները շարունակական են լինելու: Դրանց նպատակն է ներկայացնել հերոս-բժիշկներին, որոնք պատերազմի առաջին օրերից մինչև հիմա բժշկական օգնություն են ցուցաբերում վիրավորներին: