Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ռազմական բժիշկը պետք է լինի հայրենասեր և կարգապահ. Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակառու

Ռազմական բժիշկը պետք է լինի հայրենասեր և կարգապահ. Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակառու

Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտ Հայկ Գեղամյանը Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակառու է:

Խոսելով ուսումնառության, կրթաթոշակի արժանանալու, մասնագիտության ընտրության մասին, Հայկը նշում է. «Բժշկական համալսարանում առօրյան բավականին հագեցած է տեսական ու գործնական պարապմունքներով, կլինիկական դեպքերով և դրանց քննարկմամբ։ Այս ամենին զուգահեռ Ռազմաբժշկական ֆակուլտետն ունի առանձնահատկություններ, որոնք ենթադրում են ռազմական գործի ուսումնասիրում` մարտավարություն, կրակային պատրաստություն, բուժծառայության կազմակերպում խաղաղ և պատերազմական իրավիճակներում»։

Նրա խոսքով՝ իր համար բժշկի մասնագիտությունը միշտ ցանկալի մասնագիտությունների շարքում է եղել։

«Երբ եկավ կյանքի գործ ընտրելու որոշիչ պահը, հաշվի առնելով մեր երկրի ռազմաքաղաքական իրավիճակը և իմ հետաքրքրվածությունը ռազմագիտությամբ, ընտրությունս կանգ առավ ռազմական բժշկության վրա։ Հույս ունեմ պատվով կստացվի համատեղել մեր երկրի պաշտպանությունը և սիրելի գործը»,-ընդգծում է անվանական կրթաթոշակառուն, ում համոզմամբ՝ բժշկին բնորոշ հատկանիշներն են հոգատարությունը, պատասխանատու և բարեխիղճ վերաբերմունքը և ազնվությունը։

«Ռազմական բժիշկները այս ամենից բացի պետք է լինեն հայրենասեր, կարգապահ, ունենան արագ կողմնորոշվելու ունակություն և կարողանան լարված իրավիճակներում ցուցաբերել առավելագույն պատրաստվածություն։

Բարդություններ կան բոլոր մասնագիտություններում, իսկ դժվարությունները հաղթահարելի են դառնում, եթե սիրով և պատասխանատվությամբ ես մոտենում դրանց»,-հավելում է Հայկ Գեղամյանը։

Նրա համար մեծ պատիվ է արժանանալ Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակին, ինչն ավելի է ոգևորում և պարտավորեցնում: