Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շագասի հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր

Շագասի հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր
Ապրիլի 14-ին աշխարհում նշվում է Շագասի հիվանդության դեմ պայքարի հինգերորդ համաշխարհային օրը:
2024թ. թեման կենտրոնանում է հիվանդության վաղ ախտորոշման և ամբողջ կյանքի ընթացքում բուժօգնության հասանելիության վրա, ինչպես նաև հասարակության իրազեկվածությունը Շագասի հիվանդության վերաբերյալ բարձրացնելու և ավելի մեծ աջակցություն և ֆինանսավորում ապահովելու համար ուղղված հիվանդության վաղ ախտորոշման և հետագա համապարփակ բուժման նպատակով:
Շագասի հիվանդությունն անվանվել է բրազիլացի բժիշկ և հետազոտող Կառլոս Շագասի անունով, ով 1909 թվականի ապրիլի 14-ին առաջին անգամ ախտորոշել է հիվանդությունը մարդու մոտ:
 Այս տարվա արշավի կարգախոսն է «Կարևորելով վաղ ախտորոշումը և բուժումը ամբողջ կյանքի ընթացքում»:
 Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ամբողջ աշխարհում մոտ 6-7 միլիոն մարդ վարակված է Trypanosoma cruzi-ով` Շագասի հիվանդություն առաջացնող մակաբույծով, որն ամեն տարի հանգեցնում է մոտ 12.000 մահվան: Առնվազն 75 միլիոն մարդ վարակվելու վտանգի տակ է, իսկ տարեկան դեպքերը գնահատվում են մոտ 30-40.000 դեպք:
Այնուամենայնիվ, շատ երկրներում հայտնաբերելիության մակարդակը բավականին ցածր է (10%-ից պակաս և հաճախ նույնիսկ 1%-ից էլ պակաս), և այս հիվանդությամբ տառապող մարդիկ հաճախակի բախվում են զգալի խոչընդոտների ախտորոշման և համարժեք բժշկական օգնության տրամադրման հարցում:
Շագասի հիվանդությունը պատկանում է տրանսմիսիվ զոոնոզ հիվանդությունների դասին։
 Տրիատոմային փայտոջիլները հիմնականում կծում են քնած մարդկանց՝ շրթունքների լորձաթաղանթի, կոպերի և դեմքի այլ հատվածների շրջաններում։ Այս պատճառով փայտոջիլները ստացել են «համբույրի ոջիլներ» անվանումը։
Վարակ ունեցող մարդկանց մինչև մեկ երրորդը ունենում է սրտի հետ կապված խնդիրներ, իսկ 10-ից 1-ը՝ մարսողական, նյարդաբանական և այլ խանգարումներ, որոնք կարող են պահանջել հատուկ բուժում:
Հիվանդության սկզբնական շրջաններում ախտորոշումը իրականացվում է մանրադիտակով արյան մեջ մակաբույծի հայտնաբերմամբ։ Հիվանդության քրոնիկ փուլում ախտորոշումը իրականացվում է արյան մեջ Trypanosoma cruzi նկատմամբ հակամարմինների որոշմամբ:
Շագասի հիվանդությունը, որը հայտնի է նաև որպես ամերիկյան տրիպանոսոմիա կամ «համբույրի» հիվանդություն անվամբ, հաճախ անվանում են նաև «լուռ հիվանդություն», քանի որ հիվանդների մեծ մասը ախտանիշներ չի ունենում վարակի սուր կամ քրոնիկ փուլերում, քանի դեռ վնասը չափազանց մեծ չի դառնում:
Այս հիվանդությունը շարունակում է մնալ հանրային առողջության խնդիր, հատկապես Լատինական Ամերիկայի մի քանի էնդեմիկ տարածքներում, որտեղ առողջապահական համակարգերի ծանրաբեռնվածությունն ամենաբարձրն է: Այնուամենայնիվ, վերջին տարիներին կլիմայի փոփոխությունը և գլոբալ միգրացիան հանգեցրել են հիվանդության տարածմանը Ամերիկայից դուրս գտնվող երկրներում, ինչպես նաև եվրոպական շատ երկրներում:
Այս հիվանդությամբ հիվանդանում են նաև մոտ 150 տեսակի կենդանիներ:
Հիվանդության վաղ հայտնաբերումը առանցքային է, քանի որ այն բուժելի է, եթե բուժումն իրականացվում է վարակից անմիջապես հետո: Եթե դա տեղի չի ունենում ախտորոշման հետաձգման պատճառով, վարակը կարող է վերածվել կյանքին սպառնացող վիճակի: Այս դեպքում անհրաժեշտ է համապատասխան բուժում ողջ կյանքի ընթացքում։ Շատ դեպքերում հիվանդության հայտնաբերումը, բուժումը և մոնիտորինգը կարող են իրականացվել առողջության պահպանման առաջնային օղակում:
Եղե՛ք իրազեկված և պաշտպանված: