Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շախմատային մտածելակերպով ապագա դեղագետը յուրաքանչյուր ոլորտից ձգտում է հարստացնել գիտելիքները

Շախմատային մտածելակերպով ապագա դեղագետը յուրաքանչյուր ոլորտից ձգտում է հարստացնել գիտելիքները

«Դեղագիտությունը շատ հետաքրքիր, անհրաժեշտ, բազմապրոֆիլ, լայն հնարավորություններով գիտություն է: Դեղագետը, ինչպես բժիշկը առաջին հերթին օգնում է մարդուն»,- մասնագիտության մասին խոսելիս նշում է ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արփինե Գրիգորյանը:

Ապագա դեղագետը վստահ է՝ բժշկագիտության ամեն ոլորտից պետք է գիտելիքներ ունենալ.

«Դեղագետի մասնագիտության մասին սկզբում լավ տեղեկացված չէի, բայց ուսումնասիրելուց հետո հասկացա, որ հենց այն է, ինչ ուզում եմ: Դեռ սովորելու շատ բան  կա և որքան շատ սովորեմ, այնքան շատ գիտելիքի կարիք եմ ունենալու»:

Հերացիականը բժշկությունից բացի, մեծ հաջողություններ ունի նաև  սպորտում:

«Շախմատի քայլերը սովորեցրել է պապիկս, իսկ հինգ տարեկանից արդեն հաճախել եմ շախմատային դպրոց: Եթե հիմա ինձ հարցնեք՝ հիշում եմ իմ մանկությունն առանց շախմատի, պատասխանը միանշանակ կլինի ոչ»,- նկատում է Արփինեն, որը եղել է հանրապետության պատանեկան շախմատի քառակի չեմպիոն և եռակի փոխչեմպիոն, աշխարհի մինչև 16 տարեկանների դպրոցական թիմային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, Մարոկկոյում անցկացված գիմնազիադայի չեմպիոն, 2021թ. ՀՀ կանանց շախմատի 76-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթող:

Եվ ամենավերջին հաջողությունը՝ 2023թ. ՀՀ կանանց շախմատի 78-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը, իսկ բուհում ունեցած հաջողություններից ներբուհական և միջբուհական մրցումներում արծաթե և բրոնզե մեդալներն են: Կոչումով կանանց ֆիդեի վարպետ է:

Ուսանողի համար, սակայն, առաջին տեղում դեղագիտությունն է.

«Ավելի լավ է մեկ ոլորտում լինել առաջատար, քան երկուսում՝ միջին: Ընտրությունս կատարել եմ  հօգուտ բժշկության, բայց շախմատը լրիվ հանել կյանքիցս՝ չեմ կարող: Պարբերաբար մասնակցում եմ մրցույթների, աշխատում ինձ վրա: Քանի որ զբաղվել եմ դեռ փոքրուց, շախմատն ազդել է իմ մարդ տեսակի ձևավորման վրա, չեմ կարող չգնահատել այն ռադիկալ ազդեցությունը, որը շախմատն ունեցել է իմ կյանքում: Որպես երկրորդ մասնագիտություն այն միշտ կլինի ինձ հետ»:

Ապագա դեղագետի հետաքրքրությունների շրջանակը լայն է, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա, հետաքրքրվում է նաև մարքեթինգով:

«Սիրում եմ նորը ստեղծելու մասին մտածել: Ամեն դեպքում ինչ մասնագետ էլ լինեի, վստահ եմ կպահպանեի մասնագիտության արժեքներն ու օրենքները: Մտածելու կարողության հարցում սահմանափակումներ չէի դնի»,-նշում է նա՝ հավելելով, որ նեղ մասնագիտություն դեռ չի ընտրել, այժմ ուսումնասիրում է բոլոր հնարավոր ուղղությունները, փորձում համադրել իր բնավորության հետ և հուսով է, որ ճիշտ որոշում կկայացնի: