Շարունակվում է «Հերացի» վերլուծական կենտրոնի «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» թեմայով դասընթացը: Գործնական փուլի ընթացքում որակավորված մասնագետները ներկաներին ցուցադրեցին օտար մարմիններով շնչուղիների խցանման վերացման առաջին օգնության եղանակները, շնչառության վերականգնման գործողությունները, նաև արյունահոսությունների և կոտրվածքների դեպքում անհրաժեշտ քայլերը:
Դասընթացի մասնակիցները ականատես եղան նաև սիրտ-թոքային վերակենդանացման գործողություններին: Առանձին ուշադրություն դարձվեց արտակարգ իրավիճակներում մեծահասակ, 0-1 տարեկան և 1-ից բարձր տարիքի տուժածների առաջին բուժօգնության առանձնահատկություններին և տարբերություններին:
ԵՊԲՀ աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի պետ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նյարդաբան, Նյարդաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Գալստյանը փաստում է. «Տարբեր իրավիճակներում միջամտությունները տարբեր են, սակայն կան գործողություններ, որոնք յուրաքանչյուր պարագայում պետք է իրականացնել: Օրինակ՝ տուժածի գիտակցության գնահատումը պարտադիր է: Կենսունակության համար կարևոր օրգանների գործառույթներն արտակարգ իրավիճակներում պայմանավորված են հենց այս պայմանից: Ուստի, յուրաքանչյուր բուժաշխատող պետք է տիրապետի այդ հմտություններին»:
Գործնական ուսուցման ընթացքում մասնագետները ցուցադրեցին առաջին բուժօգնության կազմակերպման սկզբունքները, արհեստական շնչառության տեխնիկան (բերան-բերան, բերան-քիթ և այլն):
Դասընթացի գործնական փուլը կշարունակվի ևս 2 օր: