Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շնորհակալագիր` ԵՊԲՀ երկարամյա դասախոսին սպորտի դասավանդման գործում ունեցած ավանդի համար

Շնորհակալագիր` ԵՊԲՀ երկարամյա դասախոսին սպորտի դասավանդման գործում ունեցած ավանդի համար

Բժշկական մայր բուհում բազմաթիվ են այն դասախոսները, որոնք երկար տարիներ իրենց աշխատանքային գործունեությունը պատասխանատվության բարձր զգացողությամբ նվիրել են և շարունակում են նվիրել գրագետ և առողջ բժիշկների պատրաստմանը, առողջապահության զարգացմանը:

Նրանց թվում է նաև Ֆիզիկական դաստիրակության ամբիոնի դասախոս Կարինե Աթաբեկյանը, որը արդեն 40 տարի ԵՊԲՀ-ում սերունդներ է կրթում՝ հոգալով նրանց առողջ ապրելակերպի և առողջ կեցվածքի մասին:

Սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետում, միաժամանակ ստացել է բուժական ֆիզկուլտուրայի հրահանգչի հավաստագիր: 1984-1985թթ. վերապատրաստվել է Տարտուի պետական համալսարանում, որպես կանացի գիմնաստիկայի մասնագետ:

Հերացիականը 1982-1983թթ. ԵՊԲՀ ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնի գեղարվեստական մարմնամարզության մարզիչ է եղել, իսկ 1984 թվականի ապրիլից մինչև օրս ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս է, պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների առողջարարական խմբերի մարզիչ է:

Կարինե Աթաբեկյանը խոսելով տարբեր սերունդներ կրթելու մասին նշում է՝ հաճելի զգացողություն է, երբ հանդիպում է վաղուց բուհն ավարտած և արդեն կայացած մասնագետներին, որոնց դասավանդել է. «Զգում ես, որ իրենց համար որևէ բան ես արել: Երբ դրվում է հիմքը, հետո դժվար է լինում չզբաղվել ֆիզկուլտուրայով»: Անդրադառնալով մասնագիտության ընտրությանը շեշտում է, որ սիրում է այն, սակայն տարված է եղել նաև հնէաբանությամբ, սիրել է ձեռագործություն, ստեղծագործելը:

Երկարամյա դասախոսը խորհուրդ է տալիս որպես առողջության կարևոր գրավական հաճախակի զբաղվել ֆիզիկական կուլտուրայով: «Ժամանակները փոխվել են: Այսօր ամեն ինչ կապված է համակարգիչների հետ. կամ խաղում են, կամ զբաղված են մասնագիտական աշխատանքով: Դառնում են քիչ շարժունյա, պասիվ: Պետք է հաճախակի մարզվեն, ամրացնեն մկանները, քանի որ, հատկապես մեր երկրի համար պետք է առողջ սերունդ: Թույլ ողնաշարով և մկաններով մարդիկ չեն կարող ծառայել երկրին, չեն կարողանա երկար ժամական ակցկացնել վիրահատական սեղանի մոտ, ուստի պետք է կարևորել ֆիզիկական ակտիվությունը, սխալ կեցվածքից բազմաթիվ հիվանդություններ կարող են առաջանալ,»,-խոսքն ամփոփում է Կարինե Աթաբեկյանը:

Նշենք, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը ապրիլի 7-ի առիթով հայաստանյան բուհերի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոններում աշխատող ՀՖԿՍՊԻ կին շրջանավարտներին շնորհակալագրեր է հանձնել: ԵՊԲՀ երկարամյա դասախոս Կարինե Աթաբեկյանը ևս արժանացել է երիտասարդների և ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի, ֆիզիկական դաստիարակության և սպորտի դասավանդման գործում ունեցած ավանդի համար շնորհակալագրի: