Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրիլանկացի ուսանողներն ապրիլի 15-ին նշեցին Հարավային և Հարավարևելյան Ասիայի Արևային ամանորը՝ ավանդական Սինգալյան նոր տարին։
Տոնական միջոցառման մեկնարկին ապագա բժիշկներն իրենց ազգային լեզվով, ինչպես նաև հայերենով ողջունեցին հյուրերին՝ շեշտելով, որ իրենց համար մեծ պատիվ է նշել Շրի Լանկայի տարեմուտը մեր երկրում։
Բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանն անձամբ էր գնացել շրիլանկացի ուսանողներին շնորհավորելու։ «Յուրաքանչյուր նոր տարի մեծ հույսեր է բերում, ձեր տարիքում այդ հույսերը կապված են ընտանիք կառուցելու, կրթությունը բարելավելու և, իհարկե, որպես մասնագետ կայանալու հետ։ Անշուշտ, սա հնարավորություն է ամփոփելու անցած տարվա ձեր հաջողությունները և այն խնդիրները, որոնք չեք ուզում անցկացնել նոր տարի։ Մաղթում եմ, որպեսզի նոր տարվա ընթացքում ձեր հաջողությունները գերազանցեն սպասումները, ձեր հայրենիքում լինի խաղաղություն և արևշատություն։ Մեր երկրում արևշատություն ցանկանում են որպես լավագույն մաղթանք։ Թող՝ այդ արևշատությունը ոչ միայն այստեղ լինի, այլև ձեր հայրենիքում, իսկ վերադառնալուն պես ձեր ընտանիքի անդամները տեսնեն, որ հույսերն արդարացրել եք և ձեր երկիր լավագույն մասնագետներից եք», – նշեց ռեկտորը:
Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետ Գայանե Ավետիսյանը շրիլանկացի ուսանողներին մաղթեց առողջ և խաղաղ տարի։ «Ձեր ձեռքում է լինելու մարդկային առողջությունը։ Հուսով եմ՝ մեր շրջանավարտները կլինեն լավագույն բժիշկները ձեր երկրում։ Այս գեղեցիկ օրը մենք միասին նշում ենք ձեր տոնը՝ փորձելով մեր համալսարանը դարձնել ձեզ համար տուն՝ ձեր տնից հեռու», – շեշտեց նա։
Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժնի պետ Զարուհի Կալիկյանի խոսքով՝ նախապատրաստական բաժնում այս տարի առաջին անգամ կան ուսանողներ Շրի լանկայից.
«Շնորհավորում եմ, ցանկանում եմ առողջություն, լավ սովորեք, որպեսզի հետագայում դուք պարգևեք այդ առողջությունը»:
Միջոցառմանը ներկա էին նաև Միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանը, Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքային բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհին և Ուսանողական խորհրդարանի նախագահ Միշել Քոչարյանը։
Ազգային երաժշտական և պարային կատարումները տոնական տրամադրության անբաժան մասն էին։