Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շրջայց` բժշկական համալսարանի նահապետների մասնակցությամբ

Շրջայց` բժշկական համալսարանի նահապետների մասնակցությամբ

Պատմական արժեքավոր արխիվային նյութերից, լուսանկարներից, հուշանվերներից, բժիշկ-գիտնականների անձնական իրերից, փաստաթղթերից, ձեռագրերից, ինչպես նաև այլ եզակի ցուցանմուշներից ձևավորված մեկդարյա բուհի թանգարանը վերանորոգումից և արդիականացումից, համալրումից հետո առաջին անգամ ներկայացավ բուհական հանրությանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ` համալսարանի ավագ սերնդի ներկայացուցիչները, նահապետները հնարավորություն ունեցան ծանոթանալ բուհի կենտրոնական մասնաշենքում տեղակայված Հայաստանի բժշկության պատմության թանգարանին:

Շրջելով 4 սրահում` պրոֆեսորադասախոսական կազմի ավագ սերնդի ներկայացուցիչները ծանոթացան վերջին շրջանում թանգարանի համալրմանն ուղղված աշխատանքներին:

Մեր երկրում բժշկական կրթության հիմնադրման մասին ներկայացնելով` Արմեն Մուրադյանը խոսեց անվանի այն բժիշկ-գիտնականների, ռեկտորների, պրոֆեսորների մասին, որոնք իրենց անգնահատելի դերն են ունեցել բժշկագիտության զարգացման, բժշկական ինստիտուտի ստեղծման գործում:

Թանգարանի սկզբնամասում է ցուցադրված ՀՀ կառարավության` 1920 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը բժշկական ֆակուլտետի բացման մասին, որը փաստացի նաև հավաստում է մեկդարյա բժշկական կրթօջախի պատմության սկզբնավորման մասին:

Արմեն Մուրադյանը կարևորեց յուրաքանչյուր համալսարանականի ներդրումը թանգարանի ցուցանմուշները հարստացնելու գործում` նշելով, որ ինքը ևս ընտանեկան անձնական արխիվից նյութեր է նվիրաբերել թանգարանին:

Ռեկտորի խոսքով` առաջիկայում թանգարանի դռները Կորյունի 2 հասցեից բաց կլինեն նաև այցելուների` դպրոցականների, բժշկության պատմությամբ հետաքրքրվողների համար: Ուսանողները ևս կներգրավվեն բուհի թանգարանն այցելուներին ներկայացնելու աշխատանքներում:

ԵՊԲՀ ավագ սերնդի ներկայացուցիչները նաև նորաբաց «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հնարավորություններին և գործունեության հիմնական ուղղություններին ծանոթանալու առիթ ունեցան:

Կենտրոնում իրականացվող և նախատեսված աշխատանքների մասին շրջայցի մասնակիցներին պատմեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ինչպես նաև ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:

Կազմակերպչական վերջին աշխատանքներին զուգահեռ գիտական թիմն արդեն ձեռնամուխ է եղել հետազոտական գործունեությանը:

Օրեր առաջ բացված կենտրոնի ստեղծումը կնպաստի բուհի ռազմավարության և գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, հետազոտական կարողություններով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը:

Վերակառուցված 6-րդ լսարանում առաջիկայում կանցկացվեն գիտական խորհրդի նիստեր, կարևոր այլ բուհական միջոցառումներ: Այս մասին շրջայցի ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին տեղեկացրեց Արմեն Մուրադյանը` ներկայացնելով բուհում, համալսարանական երեք հիվանդանոցում իրականացված շինարարական, վերանորոգման աշխատանքների մեծ ծավալը:

Թվային տվյալներով նա խոսեց ԵՊԲՀ հաջողությունների ու առաջիկա ծրագրերի մասին:

Նշենք, որ բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցում այժմ սովորում է 7905 ապագա բժիշկ: Բժշկական կրթություն է ստանում 1987 օտարերկրացի ուսանող, 2276 կլինիկական օրդինատոր: ԵՊԲՀ քոլեջում միջին մասնագիտական կրթություն է ստանում 551 սովորող: