ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն այսօր հյուրընկալվեցին բժշկական բուհում: Ռեկտոր Արմեն Մուրադյանի և խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի ուղեկցությամբ շրջեցին բուհի կենտրոնական մասնաշենքում տեղակայված Հայաստանի բժշկության պատմության թանգարանում:
Արդիականացված և վերանորոգված ԵՊԲՀ կրթական, մշակութային այս կառույցում նրանք ծանոթացան բուհի կողմից կատարված աշխատանքներին, պատմական արժեքավոր նյութերին, ինչպես նաև բժիշկ-գիտնականների անձնական իրերին, որոնք իրենց անգնահատելի դերն են ունեցել բժշկագիտության զարգացման, բժշկական ինստիտուտի ստեղծման գործում:
Նշվեց, որ նորաբաց թանգարանն արդեն հասցրել է գրավել Հայաստանի և մարզերի դպրոցականների, բժշկության պատմությամբ հետաքրքրվողների ուշադրությունը:
Խորհրդի անդամներն այցելեցին նորաբաց «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն: Գիտահետազոտական այս կենտրոնում ևս այցելուների պակաս չի զգացվում:
Հյուրերը ծանոթացան Ուղեղի կենտրոնի հնարավորություններին, գործունեության հիմնական ուղղություններին և հետագա անելիքներին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը խոսելով բժշկական մայր բուհի հաջողությունների ու առաջիկա ծրագրերի մասին, ընդգծեց, որ կենտրոնի ստեղծումը նպաստում է ինչպես բժշկական համալսարանի, այնպես էլ Հայաստանում գիտության որակի բարձրացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը:
Բուհի ղեկավարը հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացրեց թիմային աշխատանքի շնորհիվ գրանցած հաջողությունները` անդրադառնալով համալսարանական երեք հիվանդանոցում իրականացված շինարարական, վերանորոգման աշխատանքների մեծ ծավալին, օտարերկրացի սովորողների թվի ավելացմանը, այլ թեմաների:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան վերջին պատերազմում անմահացած հերացիականներին նվիրված հուշատախտակի առաջ։