Սննդամթերքի կորստի և թափոնների հիմնախնդիրը չափազանց լուրջ է, քանզի մեծ ազդեցություն ունի բնակչության առողջության, շրջակա միջավայրի և տնտեսության վրա: Սեպտեմբերի 29-ին աշխարհը նշում է Սննդի կորստի և թափոնների իրազեկման միջազգային օրը արդեն 5-րդ անգամ, որը կարևոր հնարավորություն է մեկ անգամ ևս ընդգծելու այս խնդրի արդիականությունը:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով՝ տարեկան աշխարհում արտադրվող սննդամթերքի մոտ մեկ երրորդը (1 մլրդ․ տոննա) կորչում կամ թափվում է: Սննդի կորուստները տեղի են ունենում մատակարարման ամբողջ շղթայում՝ ֆերմայից մինչև շուկա, բերքահավաքի վատ կազմակերպման, անբավարար պահեստավորման և լոգիստիկ խնդիրների պատճառով: Սննդամթերքի թափոնները առաջանում են մանրածախ և սպառողական մակարդակներում, երբ ընկերությունները և տնային տնտեսությունները դեն են նետում սննդամթերքը, որը դեռ պիտանի է օգտագործման համար: Արտադրված սննդամթերքի շուրջ 13․2%-ը կորչում է բերքահավաքի և մանրածախ վաճառքի միջև ընկած ժամանակահատվածում, իսկ մոտ 19%-ը վատնվում տնային տնտեսություններում և հանրային սննդի օբյեկտներում: Մինչ միլիոնավոր մարդիկ սոված են մնում կամ տառապում թերսնումից, հսկայական քանակությամբ սնունդ վատնվում է, ինչը սակավության ֆոնին դիտվում է որպես առատության պարադոքս:
Սննդի կորստի և թափոնների պատշաճ կառավարումն ունի բազմաթիվ օգուտներ։
Աշխարհի պարենային համակարգերը զգալի ազդեցություն ունեն ինչպես մարդու առողջության, այնպես էլ մոլորակի վիճակի վրա: Նրանք վատնում են խմելու ջրի 70 տոկոսը, պատասխանատու են ջերմոցային գազերի տեխնածին արտանետումների 1/3-ը համար։ Բացի նշվածից, գյուղատնտեսությունը որպես սպառնալիք է ճանաչվում անհետացման եզրին գտնվող ավելի քան 86% բույսերի և կենդաների համար։
Սննդամթերքի թափոնների ծավալների կրճատումը կարող է զգալիորեն բարելավել պարենային անվտանգությունը: ԱՀԿ տվյալների համաձայն՝ աշխարհում մոտ 828 միլիոն մարդ կիսաքաղծ է, և շատ ավելին տառապում է թերսնության տարբեր ձևերից։ Մոլորակի բնակչության թվաքանակի արագ աճի պայմաններում կանխատեսվում է պարենային անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացում: Մինչև 2050 թվականը մոլորակի վրա կբնակվի շուրջ 10 միլիարդ մարդ: Բոլորին կերակրելու համար սննդի արտադրությունը պետք է աճի 60%-ով։ Սակայն, ըստ մասնագետների կարծիքի, նախքան սննդամթերքի արտադրման ծավալների մեծացումը պետք է հոգալ թափոնների ծավալների կրճատման մասին։ Սննդի ճիշտ բաշխման պարագայում կարելի է ապահովել անհրաժեշտ սննդով կարիքավորներին։ Հարուստ երկրներում թափվող սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, ամբողջական ձավարեղենը) հաճախ պարունակում է օգտակար սննդանյութերի բարձր քանակություն։ Ուստի, այդ մթերքների վերաբաշխումը կարող է օգնել կանխել բոլոր այն հիվանդությունները, որոնք զարգանում են ոչ բալանսավորված սննդակարգի պատճառով:
Սննդի թափոնների դեմ պայքարը նաև պայքար է կլիմայի փոփոխության դեմ: Աղբանոցներ նետված սննդամթերքն արտազատում է մեթան՝ հզոր ջերմոցային գազ։ Այսպիսով, սննդամթերքի թափոնների կրճատումը կարող է նվազեցնել շրջակա միջավայրի դեգրադացիան, որն անուղղակիորեն կապված է հանրային առողջության մի շարք խնդիրների, այդ թվում՝ շնչառական հիվանդությունների և միջատներով փոխանցվող վարակների /օրինակ, մալարիայի/ հետ:
Սննդային թափոնների կրճատումը ունի նաև տնտեսական նշանակություն, քանզի արդյուքնում տեղի է ունենում ռեսուրսների արդյունավետ կառավարում, աշխատատեղերի ստեղծում, զբոսաշրջության վրա դրական ազդեցություն։
Սննդի թափոնների խնդիրը արդիական է նաև Հայաստանի Հանրապետության համար։ 2019թ.-ին Հայաստանում 590.000 տոննա աղբ է թափվել, որից 310.000 տոննան՝ միայն Երևանում։ Երևանի յուրաքանչյուր բնակիչ տարեկան 300 կգ թափոն է առաջացնում: Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 76 տարեկանն է, ապա մեկ մարդն իր կյանքի ընթացքում 22800 կգ աղբ է առաջացնում։
Մեզանից յուրաքանչյուրը կարող է էականորեն նվազեցնել աղբավայր ուղարկվող աղբի քանակը: Ուստի, սննդամթերքի թափոնների կրճատման հիմնախնդրի լուծման կարևոր ուղղություններից մեկը «սննդի կրթությունն» է։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ սնունդը կարևոր ներդրում է մեր առողջության համար: Մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի հնարավորինս քիչ թափոն ստեղծել՝ նվազեցնելով աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը և կանխելով հետագա այրումը կամ վնասակար քայքայումը։
Կուտակված թափոնները պետք է վերաօգտագործվեն կամ տեսակավորվեն և ուղարկվեն վերամշակման։ Աղբի տեսակավորման գործընթացը քաղաքացիների համար դյուրացնելու նպատակով, 2021թ-ից Երևանի 135 հասցեներում տեղադրվել են ավելի քան 400 աղբամաններ, որոնք նախատեսված են տարբեր տեսակի թափոնների համար․ դեղինը՝ թղթի, մոխրագույնը՝ ապակու, իսկ կապույտը՝ պլաստիկի համար:
Թափոնների ծավալները նվազացնելու և դրանց վերամշակման արդյունավետությունը բարձրացնելու համար հարկ է ճիշտ տեսակավորել աղբը, մասնավորապես.
Սրանք այն պարզ գործողություններ են, որոնք եթե յուրաքանչյուրս իր առօրյայում կիրառի, մեծապես կնպաստի թափոնների ծավալների նվազեցմանը և մոլորակի պահպանմանը։