Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Սպասվում է քաղցկեղների համաճարակ». ահազանգում են մասնագետները

«Սպասվում է քաղցկեղների համաճարակ». ահազանգում են մասնագետները

Առաջատար գիտնականների կարծիքով, եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն ուղղված չարորակ նորագոյացությունների բուժմանն ու հետազոտությունների խթանմանը, առաջիկայում Եվրոպան կարող է բախվել  «քաղցկեղի համաճարակի», քանի որ COVID -19 համավարակի պատճառով մոտ 1 միլիոն հիվանդության դեպք չի հայտնաբերվել:

Առողջապահության ոլորտի մասանգետների կարծիքով համաճարակի կողմնակի ազդեցությունները (օրինակ` առողջապահական ծառայությունների արագ վերաբաշխումներ, բուժհաստատությունների վերապրոֆիլավորումներ՝ COVID կենտրոնների, լաբորատորիաների և ախտորոշիչ կենտրոնների ծանրաբեռնված աշխատանք և այլ տարաբնույթ  սահմանափակումներ) մի շարք  անուղղակի հետևանքներ են  ունեցել, որոնք բացասաբար են ազդել չարորակ նորագոյացությունների հայտնաբերմանն ուղղված հետազոտությունների, մատուցվող բուժծառայությունների և քաղցկեղով հիվանդ պացիենտների կյանքի վրա:

Նոր ապացույցներ են ի հայտ գալիս այն մասին, որ հիվանդներից շատերի մոտ քաղցկեղն ախտորոշվում է ավելի ուշ փուլերում՝ համեմատած մինչկովիդյան ժամանակահատվածի հետ, որը պայմանավորված է քաղցկեղի ախտորոշման և բուժման զգալի ուշացումների հետ։

Ախտորոշվող փուլի նման փոփոխությունն ազդեցություն կունենա եվրոպական տարածաշրջանում չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի գործընթացի վրա հետագա տարիների ընթացքում՝ վտանգելով հիվանդության հաղթահարմանն ուղղված ջանքերը և հանգեցնելով քաղցկեղով հիվանդ շատ մարդկանց կյանքի որակի վատթարացմանը:

Վերլուծության տվյալները ցույց են տալիս, որ համաճարակի առաջին տարում 1,5 միլիոնով քաղցկեղով հիվանդ ավելի քիչ է դիմել բժշկի, որոնցից համապատասխանաբար յուրաքանչյուր երկրորդը ժամանակին չի վիրահատվել կամ չի ստացել քիմիոթերապևտիկ բուժում:

Հետազոտողների հաշվարկներով՝ շուրջ 100 միլիոն սկրինինգ հետազոտություն չի իրականացվել, ինչպես նաև գնահատվել է, որ Եվրոպական տարածաշրջանում մոտ 1 միլիոն քաղաքացի կարող է ունենալ դեռևս չբացահայտված չարորակ նորագոյացություն:

«Մենք ականատես եղանք COVID-19-ի զսպիչ ազդեցությանը քաղցկեղի հետազոտության վրա, երբ լաբորատորիաները փակվեցին, և կլինիկական փորձարկումները հետաձգվեցին կամ չեղարկվեցին համաճարակի առաջին ալիքի ժամանակ: Մենք մտահոգված ենք, որ Եվրոպան հաջորդ տասնամյակում կառնչվի քաղցկեղի համաճարակի հետ, եթե հակաքաղցկեղային առողջապահական համակարգերը և քաղցկեղի ուսումնասիրությունները հրատապ առաջնահերթություն չդառնան»,-նշում է Բելֆաստի Քուինզի համալսարանից պրոֆեսոր Մարկ Լոուլերը:

Հայաստանում նույնպես նկատվում է քաղցկեղի վաղ հայտնաբերման ցուցանիշի անկում:

Այսպես, չարորակ նորագոյացությունների հայտնաբերման փուլերի վերլուծությունը վկայում է, որ վերջին տարիներին արձանագրված վաղ փուլերում հայտնաբերման ցուցանիշների բարելավումը գրանցել է էական հետընթաց՝ 2020 թվականին կազմելով ընդամենը 42%, որը 8.4%-ով պակաս է 2019 թվականի (50.4%) տվյալներից: Մասնավորապես առավել մեծ անկում է արձանագրել վահանաձև գեղձի՝ 16.2%-ով, հաստաղու՝ 14.3%-ով, կրծքագեղձի՝ 11%-ով, մաշկի մելանոմայի՝ 10.4%-ով և արգանդի պարանոցի՝ 9.6%-ով քաղցկեղների մասով:

Թեև 2021 թվականին նկատվել է վաղ հայտնաբերված նորագոյացությունների ցուցանիշի որոշակի կայունացում,  այնուամենայնիվ, դրանք հիմնականում զիջում են նախահամաճարակային ժամանակահատվածի տվյալներին: Իսկ կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման ցուցանիշը շարունակել է անկումը՝  կրճատվելով 20,4%-ով՝ 2019 թվականի 76,8%-ից հասնելով ընդամենը 56,4%-ի:

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ համաձայն տարբեր գնահատականների չարորակ նորագոյացություննեի շուրջ 40%-ը կարելի է կանխարգելել և արդյունավետ բուժել վաղ հայտնաբերման դեպքում: Հայաստանում ևս դրա համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ: Մասնակցե՛ք սկրինինգային հետազոտություններին, տարին մեկ անգամ օգտվեք առողջության առաջնային պահպանման անվճար կանխարգելիչ այցի ձեր իրավունքից, իսկ գանգատների դեպքում անմիջապես դիմեք մասնագետի:

Հիշեք, որ քաղցկեղը ամենևին դատավճիռ չէ: