Այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երևանում շարունակվեց Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XX միջազգային երկօրյա կոնգրեսը՝ նվիրված անվանի ուրոլոգ, դոցենտ Յուրի Զոհրաբյանի ծննդյան 80-ամյակին:
Կարևորելով հմուտ մասնագետի մեծ փորձն ու վաստակը նրան շնորհավորելու էին եկել բազմաթիվ պրոֆեսորներ, բժիշկներ, որոնցից շատերը ելույթներով և բարեմաղթանքերով հանդես եկան: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորելով ավագ գործընկերոջը նշեց, որ Յուրի Զոհրաբյանն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ հավատարմությունը սպիտակ խալաթին երբեք չի դավաճանում, կարողացել է իր իմաստությամբ կերտել նոր սերունդ, որոնք այսօր ի նպաստ ժողովրդի են աշխատում:
Ռեկտորն իր խոսքում կարևորեց նաև նման գիտական իրադարձությունների անցկացումը: «Ինձ համար այս ասոցիացիայի ժողովները մշտապես եղել և երկար տարիներ կմնան ամենակարևոր գիտական իրադարձությունները: Ես ինձ այս մասնագիտության մեջ զգում եմ ինչպես տանը, ընտանիքում: Շատ մեծ ճանապարհ եմ անցել՝ սկսած ակունքներից մինչև այսօրվա հաջողությունները: Հատկանշական է, որ երիտասարդ ուրոլոգներն իրենց անցած ճանապարհը փորձում են ամփոփել ավագ ընկերների հետ անցկացնելով նմանատիպ գիտաժողովներ»,-նշեց նա: Արմեն Մուրադյանի գնահատմամբ՝ ուրոլոգիան չէր կայանա, եթե չունենար արժանավոր նահապետներ, ուսուցիչներ, որոնք ժամանակին կարողացել են առաջատարը լինել ողջ աշխարհում, բերել և զարգացնել Հայաստանում ուրոլոգիական բոլոր հնարավոր ուղղությունները:
Արմեն Մուրադյանն իր ելույթից հետո Յուրի Զոհրաբյանին ԵՊԲՀ պատմության և Հայաստանում ուրոլոգիայի զարգացման մեջ անգնահատելի դերի, անմնացորդ նվիրումի, երիտասարդ կադրերի պատրաստման և երկարատև ու անբասիր գիտամանկավարժական գործունեության համար պարգևատրեց ԵՊԲՀ հուշամեդալով:
Բազմաթիվ նվերներից զատ Յուրի Զոհրաբյանը Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի կողմից արժանացավ նաև հուշանվերի: