Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սպորտի միջոցով ուժեղ կամք ձևավորած դասախոսը կարևորում է ապագա բժիշկների ֆիզիկական ակտիվությունը

Սպորտի միջոցով ուժեղ կամք ձևավորած դասախոսը կարևորում է ապագա բժիշկների ֆիզիկական ակտիվությունը

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Վարսենիկ Ապրեսյանը կարևորում է ֆիզիկական ակտիվությունը բժշկական մայր բուհի ուսանողների շրջանում: Օրինակ ծառայելով հերացիականներին՝ նա հորդորում է հնարավորինս շատ մարզվել:

«Բժիշկը պետք է լինի առողջ և մարզված: Ես մշտապես ուսանողներին հորդորում եմ ակտիվ լինել, շեշտում եմ՝  8-10 ժամ տևացող վիրահատություններ եք իրականացնելու, եթե առողջ չեղաք՝ չեք կարողանալու: Կարևոր է նաև արտաքինը,  մարդ պետք է  այնպիսի տեսք ունենա, որպեսզի վստահություն ներշնչի: Պարտադիր չէ զբաղվել որևէ սպորտաձևով, բայց պարտադիր է ֆիզիկապես ակտիվ լինել, առավոտյան գոնե մի քանի րոպե  հատկացնել լիցքային վարժություններին, վազքին կամ արագ քայլքին»,-նշում  է նա:

Վարսենիկ Ապրեսյանը գեղարվեստական մարմնամարզության մարզաձևից ՍՍՀՄ-ի սպորտի վարպետ է: Սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետում: 1985-1997թթ. աշխատել է Լենինյան շրջանի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մանկապատանեական մարզադպրոցում որպես մարզիչ, 1997-2000 թթ. աշխատել է Մոսկվայում, մարզադպրոցում: 2000թ. հունվարից մինչ օրս աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնում որպես դասախոս: Դասավանդում է հատուկ բժշկական խմբում ընդգրկված ուսանողներին:

«Փոքր հասակից՝ վեց տարեկանից, առանց ծնողներիս զգուշացնելու ընկերներիս հետ գնացի մարզադպրոց և այդ օրվանից սկսեցի զբաղվել  գեղարվեստական մարմնամարզությամբ: Բավականին բարդ ճանապարհ եմ անցել մի մարզիչից մյուսի մոտ, բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով, իմ և մարզիչներիս ջանքերի շնորհիվ՝ հասա նրան, որ վաստակեցի սպորտի վարպետի կոչումը: Ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, ունեմ մանկավարժ-մարզչի որակավորում: Սպորտը ձևավորում է ուժեղ կամք՝  օգնելով հաղթահարել տարբեր խոչընդոտներ, որոնք կյանքի տարբեր փուլերում կարող են հանդիպել»,-ընդգծում է դասախոսը:

Խոսելով հատուկ բժշկական խմբում ընդգրկված ուսանողների հետ դասապրոցեսի մասին՝ նշում է,  որ վարժությունները կատարվում են խիստ անհատականացված ձևով՝ ելնելով նրանց ֆիզիկական կարողություններից, հիվանդության ախտորոշումից.

«Հատուկ խմբում են ընդգրկվում այն ուսանողներ, որոնք ունեն տեսողության խնդիրներ, հարթաթաթություն, ալերգիա, կամ վիրահատվել են, ունեցել են կոտրվածքներ, ճնշման խնդիրներ և այլն: Մենք ընտրում ենք այնպիսի վարժությունների համալիր, որը չի վնասում և համապատասխանում է նրանց կարողություններին: Դասերն անցկացնում ենք բավական հետաքրքրիր, ուսանողները ակտիվորեն ներգրավվում են դասապրոցեսին, երաժշտությունը ավելի է ոգեշնչում, բարձրացնում է տրամադրությունը: Շատ  կարևոր են դասախոս-ուսանող հարաբերությունները, որը բարձր մակարդակի վրա է. ես նրանց եմ հարգում, նրանք՝ ինձ,  ես էլ եմ եղել նրանց հասակում, կարևոր են ջերմ հարաբերությունները»:

Վարսենիկ Ապրեսյանը ընդգծում է, որ ԵՊԲՀ ղեկավարության աջակցությամբ ամբիոնը համալրվել է նոր գույքով և մարզասարքերով, որոնց շնորհիվ հերացիականներն ավելի սիրով են մասնակցում դասերին.

 «ԵՊԲՀ ղեկավարության և Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանի ջանքերով ամբիոնը մշտապես թարմացվում է նոր մարզագույքերով: Ունենք անհրաժեշտ ամեն ինչ, դրանով էլ ոգեշնչվում են ուսանողները, մասնագետներ կան, սարքավորումները կան, խմբակներ ունենք, մնում է միայն գալ և մասնակցել դասերին: Բուհի ղեկավարությունը մշտապես ամբիոնի կողքին է, նպաստում է  ֆիզիկական դաստիարակության զարգացմանը բուհում: Համալսարանականները սկսել են նաև ակտիվորեն  մասնակցել  բազմաթիվ միջբուհական և ներբուհական սպորտային միջոցառումներին»:

Ֆիզիկական դաստիարակությանը, մանկավարժությանը, առողջ ապրելակերպին տասնամյակներ իր կյանքը նվիրած դասախոսը նույն հոգատարությունն ու խստապահանջությունն է ունեցել տանը՝ երեք որդիների համար լինելով լավ ծնող:

«Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սովորելու տարիներին ծանոթացա ապագա ամուսնուս հետ: Նա մասնագիտությամբ ֆուտբոլիստ էր, արդեն 22 տարի նա մեզ հետ չէ: Երեխաներիս համար ես եղել եմ և՛ մայր, և՛ հայր: Նրանք սպորտի հետ կապ չունեն, ընտրել և զբաղվում են իրենց սիրելի մասնագիտություններով: Առայժմ ունեմ 6 թոռ»,-ամփոփում է մանկավարժը: