Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սպորտն ու բժշկությունը հոգեհարազատ են. ապագա բժիշկը շարունակում է հաջողություններ գրանցել բադմիտոնի առաջնություններում

Սպորտն ու բժշկությունը հոգեհարազատ են. ապագա բժիշկը շարունակում է հաջողություններ գրանցել բադմիտոնի առաջնություններում

ԵՊԲՀ քոլեջի երկրորդ կուրսի ուսանող Էրիկ Կրբաշյանը ընտրած մասնագիտության հետ զուգահեռ զբաղվում է սպորտով՝ բազմաթիվ հաջողություններ գրանցելով բադմինտոնի մրցումներում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ բժիշկ դառնալու ցանկությունն առաջացել է փոքր հասակից. թե՛ սպորտը, թե՛ բժշկությունը հոգեհարազատ են իրեն:

«Սովորում եմ քոլեջի դեղագործական բաժնում:Ավարտելուց հետո պատրաստվում եմ ուսումս շարունակել ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում: Բժշկությունը հոգեհարազատ է: Բացի այդ Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի հավաքականի անդամ եմ: Սկսել եմ պարապել 2014 թվականից, սկզբում՝ սիրողական, այնուհետև սկսեցի խորանալ այս սպորտաձևի մեջ: Այն ինձ գրավեց, քանի որ բադմիտոնն ամենաարագ սպորտաձևն է, որը զարգացնում է նաև ուշադրությունն ու տրամաբանությունը: Իմ հաջողությունների մեջ մեծ դերակատարում ունեն իմ մարզիչները՝ Էլյանորա Մեսրոպյանը և Հրաչ Պողոսյանը, ովքեր մշտապես ոգևորել և մոտիվացրել են ինձ»,-ասաց նա:

ԵՊԲՀ քոլեջի ուսանողն առաջին անգամ մրցումների մասնակցել է 2015 թվականին Վրաստանում: Այնուհետև տարբեր տարիներին մասնակցել և առաջին հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանի Մանկապատանեկան մարզադպրոցի առաջնության, Վազգեն Սարգսյանին նվիրված միջոցառման ժամանակ պատանիների ենթախմբում, ՀՀ անկախության տարեդարձերին նվիրված դպրոցական մրցումներին, ՀՀ առաջնությանը, Համահայկական 6-րդ և 7-րդ խաղերին: Բացի Հայաստանից հանդես է եկել ԱՊՀ երկրներում ՝ զբաղեցնելով երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ ինչպես զուգախաղով և թիմային խաղերով, այնպես էլ մենախաղով:

Մասնակցել է նաև Բուլղարիայում ռենտինգային առաջնությանը, Լեհաստանում՝ Եվրոպայի առաջնությանը և բազմաթիվ այլ առաջնությունների: Ուսանողը, թվարկելով իր հաջողությունները, շեշտում է, որ կցանկանար, որպեսզի Հայաստանում ավելի շատ ճանաչեին և զբաղվեին այս սպորտաձևով, քանի որ այն ոչ միայն ապրելակերպ է, այլև առողջության գրավական:

«21-րդ դարն, իհարկե, տեխնիկայի դար է համարվում, առանց դրա չի կարելի պատկերացնել մեր կյանքը, քանի որ նորություններ իմանալու, շփվելու լավագույն միջոցն է, բայց չպետք է մոռանալ իրական աշխարհի հետաքրքրությունների մասին և առողջական խնդիրներից խուսափելու համար զբաղվել սպորտով»,-ասաց ԵՊԲՀ քոլեջի ուսանողը ՝ հավելելով, որ բացի բադմինտոնից զբաղվել է նաև թենիսով, բասկետբոլով, կարատեով, սիրում է նկարել, երաժշտություն լսել ու գրքեր կարդալ: