Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սրտի առողջացման բանաձևը առողջ ապրելակերպն է. պրոֆեսոր Համայակ Սիսակյան

Սրտի առողջացման բանաձևը առողջ ապրելակերպն է. պրոֆեսոր Համայակ Սիսակյան

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 29-ին` Սրտի համաշխարհային օրը ոլորտի մասնագետներն անդրադառնում են սիրտ-անոթային հիվանդությունների վաղ կանխարգելման և առողջ ապրեկալերպին վերաբերող հարցերին:

Սիրտ-անոթային հիվանդությունները տարածվածությամբ աշխարհում զբաղեցնում են առաջին տեղը, ուստի շատ կարևոր է իրազեկման աշխատանքներ իրականացնել ոչ միայն այդ օրը, այլև ամբողջ տարի` դրանց կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման համար:

Ծխախոտը, ճարպակալումը, սակավաշարժությունը, անառողջ սնունդն ու ապրելակերպը կարող են նման հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

Մարդու կյանքի և առողջության համար կենսական նշնակակության ունեցող այս օրգանի անխափան աշխատանքը կարևոր է:

«Օգտագործենք սիրտը յուրաքանչյուր սրտի համար». սրտի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է:

ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Համայակ Սիսակյանը միանալով աշխարհի տարբեր անկյուններում բնակվող սրտաբաններին` բարձրաձայնում է առողջության պահպանման կարևորության, առողջ ապրելակերպի մասին:

-Պարոն Սիսակյան, իրազեկման աշխատանքը միայն մեկ օրով չպետք է սահմանափկվի, ի՞նչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի մարդիկ առավել շատ մտածեն առողջության, առողջ ապրելակերպի մասին: 

-Շատ կարևոր է, որ օրացույցում կա սրտի համաշխարհային օր. այդ օրը լրացուցիչ նշան է, ազդակ՝ մեկ անգամ ևս հիշեցնելու բնակչությանը, թե ինչպիսի ապրելակերպ է պետք ընտրել, որպեսզի խուսափեն սիրտ-անոթային հիվանդութուններից տարեց, երիտասարդ կամ միջին տարիքի հասակում: Պետք է ասել, որ, վարելով առողջ ապրելակերպ, կարելի է զգալիորեն նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների տարածվածությունը, զարգացվածությունը մինչև 75-80 տարեկան հասակը, ձեռք չբերել սիրտ-անոթային հիվանդություն: Սրտի համաշխարհային օրվա կարևորութունը հենց դրանում է՝ մեկ անգամ ևս շեշտադրել, առավել լայն լուսաբանել այդ մոտեցումների կարևորությունը: 

-Կանխարգելման գաղափարն, այսօր հանրային առողջապահական տասնյակ ծրագրերի իրականացման հիմքում է: Ի՞նչպես կանխարգելել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները:

-Պետք է զբաղվել ֆիզիկական ակտիվ աշխատանքով, վերահսկել մարմնի քաշը, խուսափել ծխախոտից և այլ վնասակար սովորույթներից: Եթե զարգանում է զարկերակային հիպերտոնիա, պետք է վերահսկվի ինչպես դիետայով, այնպես էլ դեղամիջոցներով: Պետք է վերահսկվի գլյուկոզայի թվերն արյան պլազմայում, ինչպես նաև խոլեստերինի կոնցենտրացիան սննդակարգով կամ դեղամիջոցներով: Եվ այս ամենը, իհարկե, կնպաստեն, որպեսզի սիրտ-անոթային հիվանդություններն ավելի քիչ տրածվածություն ունենան:

-Սիրտն առողջ պահելու համար, ի՞նչ բանաձև, ամենօրյա կիրառման մեթոդ կփոխանցեք մեր հանրությանը, ընթերցողներին, որպեսզի ձգտեն առավել առողջ լինեն:

-Առողջ սիրտ ունենալու համար պետք է բնակչությունը առողջ ապրելակերպին հետևի, իսկ բուժաշխատողներն ամենօրյա աշխատանքում զրուցի հիվանդների հետ, լուսաբանի լրատվամիջոցներով՝ տարածելով առողջ ապրելակերպի կարևորությունը:

Պետք է կրթել հիվանդներին, որպեսզի սիրտ-անոթային հիվանդություններին բնորոշ գանգատների դեպքում դիմեն մասնագետի, պոլիկլինիկա կամ հիվանդանոց:

Այդպիսի գանգատներից են, մասնավորապես, կրծքավանդակի ցավի որոշ տեսակները, զարկերակային ճնշման բարձրացման դեպքում ևս պետք է դիմելիությունը բարձրացնել:

Մեր օրերում սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար շատ կարևոր է զերծ մնալ սթրեսներից, քանի որ սթրեսային իրավիճակները նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմանը, զարկերակների անոթների ներքին շերտի վնասմանը: Այդ միջոցառումները որոնք նշեցի՝ ապրելակերպի փոփոխություն, ֆիզիկական ակտիվություն, ճիշտ սնունդ, ծխախոտից խուսափել, յուրաքանչյուր անձ պետք է հիշի և ամենօրյա ապրելաոճ դարձնի:

Ծանր վիճակում հայտնվելու փոխարեն, բարդություններից խուսափելու համար պարզապես կարելի է առավել հաճախ կանխարգելիչ այց կատարել բժշկի: