Ջուլիետտա Քոլոյանը մանկուց է երազել բժիշկ դառնալու մասին: Հետամուտ լինելով իր երազանքին՝ Ջուլիետտան այժմ բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող է:
«Ես սիրում եմ տեսնել մարդկանց ուրախ, այդ պատճառով շատ եմ ցանկանում դառնալ լավ մասնագետ, որը կկարողանա բուժել և ում շնորհիվ մարդիկ կկարողանան ապրել ու շարունակել ժպտալ»,-նշում է նա:
Հերացիականը իրեն երբևէ այլ մասնագիտության մեջ չի պատկերացրել, իսկ նեղ մասնագիտության հարցում դեռևս չի կողմնորոշվել, ավելի բարձր կուրսերում հստակ որոշում կկայացնի:
ԵՊԲՀ ուսանողը սիրում է նաև գրականությունն ու արվեստը, միշտ ոգեշնչված է եղել հայ բանաստեղծներով. Վահան Տերյանի գրվածքները նրա համար առանձնահատուկ են մինչև հիմա:
Նա նաև ստեղծագործում է, անկեղծորեն փափագում է դառնալ բժիշկ֊բանաստեղծ:
ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, արձակագիր, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության, ինչպես նաև Կյոտոյի (Ճապոնիա), Բրյուսելի միջազգային գրողների ասոցիացիաների անդամ Արմենուհի Սիսյանը վերլուծելով Ջուլիետտա Քոլոյանի ստեղծագործությունները՝ նշում է, որ դրանք ապրումի ու երևակայության նուրբ խմորումներ են:
«Երիտասարդ ստեղծագործողն ունի զննող հայացք, բանաստեղծական մտածողություն: Խուսափում է սկսնակ ստեղծագործողներին բնորոշ ավելորդ պաթետիկ ու վերամբարձ բառերից՝ դրանով ընդգծելով բառի ընտրության հանդեպ իր զգուշավորությունը: Նրա բանաստեղծությունների շատ տողերում զգացվում է իրերն ու երևույթները գեղարվեստորեն դիտարկելու ձգտումը, ինչը հենց դեպի բանաստեղծություն տանող կարևոր արահետն է: Մաղթենք, որ այդ արահետը դառնա ճանապարհ, քանզի գեղարվեստով ուղղորդվող ճանապարհը լուսավորում ու հարստացնում է այդ ճանապարհով ընթացողին, իսկ բժշկի մասնագիտությունը հենց այն ուղին է, որին ստեղծագործական ավյունն ու գեղարվեստը միայն նոր լիցք ու լույս կարող են հաղորդել: Ուրեմն՝ բարի երթ մեր երիտասարդ ստեղծագործողին»,-ընդգծում է Արմենուհի Սիսյանը:
Երիտասարդ ստեղծագործողի բանաստեղծական ջիղը նկատել են նաև Օտար լեզուների ամբիոնի դասախոսական կազմի ներկայացուցիչները:
Ստորև ներկայացնում ենք Ջուլիետտա Քոլոյանի ստեղծագործություններից մեկը:
Թախծոտ աչքերդ արդեն
Մոռացել են ամեն ինչ,
Ներող հայացքդ էլ կարծես
և' ուրախ է, և' անվիշտ։
Դու ստու'մ ես, նե'նգ տեսիլ
և թախծում ես և տրտում,
Կուզես խաբել ամենքին,
Բայց հավատալ չեմ կարող։
Գրիր մի խենթ պատմություն՝
Հին ու անցած երազի,
Թե ինչպես դու մի անգամ
Հանդիպեցիր անցորդին։
Ես` վշտացած մի շրջիկ,
Դու` կորուսյալ կերպարանք,
Սին խոստումներ տվեցինք
Ու չգտանք էլ իրար։
Հիմա դեմքդ տեսնելով`
Կորած անդունդ եմ հիշում։
Այնտեղ թաղված է մթում
Մի սուրբ շշուկ, տխրություն։
Թող մոլեգնած հողմերում
Էլ չգտնենք մենք իրար,
Թող որ սպանված երգերում՝
Երազենք ու հեռանանք: