Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Ելենա Մարդյանը բժշկագիտության ոլորտն ընտրելու հարցում այլընտրանք չէր տեսնում, քանի որ ծնվել և մեծացել է բժշկությանը նվիրված և գիտությամբ ոգեշնչված միջավայրում։ Այդ թվում դեղագիտության ոլորտի ընտրությունը նրա համար անսպասելի չէր։
«Լինելով շատ հետաքրքրված բնագիտական և բժշկական գիտությունների ոլորտով, ինձ մնում էր համատեղել գիտությունն ու բժշկությունը: Անկեղծ լինեմ՝ ոլորտին հասցրել եմ ծանոթանալ արդեն պատանի տարիքից և համալսարանն էլ տվեց ինձ այդ ոլորտում լիարժեք տեսնելու և իրապես ներգրավվելու մեծ հնարավորությունը»,- նշում է Դեղագիտական ֆակուլտետի ուսանողը` հավելելով, որ ամեն քայլ առաջ գնալուց հանդիպում է ավելի նուրբ և նոր «մանրուքների», որոնց մեջ ինչ-որ նոր բան է փորձում ներդնել:
Արդյունքի հասնելու համար, գաղտնիք չէ, որ պետք է և արժե տրամադրել թե ՛ ժամանակ, թե՛ նվիրվածություն։
Առաջիկայում Ելենայի հիմնական նպատակը դեղագիտության գիտական և կրթական ուղղություններով առաջ շարժվելն է.
«Շատ հետաքրքրված եմ դեղերի տեխնոլոգիայով և դեղագիտական բիոտեխնոլոգիայով»,- նկատում է ապագա մասնագետը` հաստատելով այն միտքը, որ դեղագիտության պահանջարկը որպես մասնագիտություն ավելանում է։
Նա հույս ունի, որ անպայման այդ բնագավառում եթե ոչ անկյունաքար, ապա գոնե արդեն առկա անկյունաքարի վրա հավելումներ կանի:
Դեղագիտության մեջ, ինչպես և բժշկագիտության այլ ճյուղերում հաջողության հասնելու համար կարևոր է թիմային աշխատանքը, թիմում միմյանց լրացնելու ունակությունը, քանի որ վերջնական նպատակը բոլոր դեպքերում մարդու առողջությունն է ու մարդկային կյանքերի փրկությունը։
Խոսելով բժշկական համալսարանում ուսումնառության մասին, նշում է, որ բուհում անցկացրած օրերը տպավորիչ և հաճելի են իր համար.
«Երբեք չեմ դժվարացել կամ երկմտել, քանի որ պատիվ եմ ունեցել շրջապատված լինել հոգատար դասախոսական կազմով, դասընկերներով»:
Նշենք, որ Ելենան բազմազավակ՝ 12 երեխա ունեցող ընտանիքի ավագ դուստր է, սովորում է գերազանց առաջադիմությամբ` ձգտելով լինել պիտանի մարդ իր մեծ ընտանիքի, հասարակության և երկրի համար: