Բժշկական համալսարանում մեկնարկեց «Տղամարդու առողջությունը» համաժողովը՝ նախատեսված բոլոր բժիշկների համար։
Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը, ողջունելով մեկնարկող երկօրյա համաժողովի մասնակիցներին, նշեց, որ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անվան դահլիճում հանդիպելու առիթը կրկին տղամարդու առողջության թեմայի շուրջ մասնագիտական քննարկումներն են:
«Ժամանանակից դարում տղամարդու առողջությունը, կարծես, երկրորդ պլան է մղվել կնոջ առողջության համեմատ, և դրան անդրադառնալու տեսակետից է մեր համաժողովն առավել կարևորվում»,-ասաց ՀՈՒԱ նախագահը:
«Հերացի» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ, ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արեն Բաբլումյանը, որը նաև «Տղամարդու առողջություն» հասարակական կազմակերպության նախագահն է, համաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:
«ՄեդՊրոգրես» հիմնադրամի հիմնադիր, միջոցառման համակազմակերպիչ Տաթևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ այսօր նաև իր ղեկավարած կառույցի գործունեության մեկ տարին է: Նա նշեց, որ ինչպես Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հետ համագործակցության դեպքում, այնպես էլ մյուս միջոցառումներում, իրենք նպատակ ունեն, որպեսզի մասնակիցները հեռանան միջոցառումից՝ զինված նոր գիտելիքներով ու դրական տպավորություններով:
«Աստղիկ» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Արմեն Ավոյանի զեկույցը կրում էր «Շագանակագեղձի բարորակ գերաճը․ բուժման ժամանակակից մեթոդները» խորագիրը։ Թեմայի շրջանակում մասնագետն անդրադարձավ շագանակագեղձի մորֆոլոգիական փոփոխություններին՝ նշելով, որ դրանք հիմնականում կապված են լինում տարիքային հորմոնային դիսբալանսի հետ։ Բացահայտելով հիվանդության ախտանիշների առաջացման գործոնները՝ Արմեն Ավոյանը մանրամասնեց ախտորոշման գործընթացը, բուժման հիմնական սկզբունքները, հնարավոր բարդությունները։
Մասնագետը ներկաների հետ կիսվեց նաև այս ոլորտում կատարված միջազգային հետազոտության տվյալներով՝ շեշտելով բիոմարկերների կարևոր դերը շագանակագեղձի բարորակ գերաճի ժառանգականության բարձր ցուցանիշների պարագայում։ Զեկուցողը քննարկեց նաև անհատականացված բժշկության ընձեռած հնարավորությունները, իսկ ելույթի ավարտին պատասխանեց ապագա բժիշկներին և արդեն կայացած մասնագետներին հետաքրքրող հարցերին։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Արթուր Գրաբսկու զեկույցը վերաբերում էր «Միզաքարային հիվանդությունը և տղամարդու առողջությունը» թեմային։ Նրա խոսքով՝ տարեցների և ծերերի խմբերի աճն ավելի հաճախակի է դարձնում միզաքարային հիվանդության դեպքերը։
«ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2050 թվականին աշխարհի բնակչության 22%-ը կլինի թոշակառու», – նշեց Արթուր Գրաբսկին՝ քարտեզի վրա նշելով այն երկրների ցանկը, որտեղ տարածված է միզաքարային հիվանդությունը։ Հայաստանն այդ երկրների շարքում է։
Խոսելով հիվանդության առաջացման ռիսկի գործոնների մասին՝ մասնագետը նկատեց, որ տղամարդիկ 2-3 անգամ ավելի հակված են հիվանդանալու, քան կանայք։
ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Հովհաննես Մանվելյանն անդրադարձավ կոնքի քրոնիկ նեյրոպաթիկ ցավային համախտանիշին։ Նա ընդգծեց, որ ցավը հյուսվածքի բորբոքման կարևորագույն ազդակն է։
Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը զեկույցով անդրադարձավ «Վարիկոցելե․ ազդեցությունը տղամարդու առողջության վրա» թեմային։
Նրա խոսքով՝ հիվանդության կլինիկորեն ախտորոշված տարածվածությունը մեր երկրում կազմում է 15%։ «Վարիկոցելե հիվանդությունը կարող է հանգեցնել տղամարդու անպտղությանը», – ավելացրեց Ռուբեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նաև հիվանդության պաթոֆիզիոլոգիային, դասակարգմանն ու ախտորոշմանը։