Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Թոքաբորբ. ժամանակակից մարտահրավերներ և արդյունավետ կանխարգելման միջոցներ

Թոքաբորբ. ժամանակակից մարտահրավերներ և արդյունավետ կանխարգելման միջոցներ

Նոյեմբերի 12-ին աշխարհը նշում է թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը: Հիվանդություն, որը հատկապես վտանգավոր է <5 տարեկան երեխաների, տարեցների և թուլացած իմունային համակարգ ունեցող անձանց համար։ Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Յուրաքանչյուր շունչը կարևոր է. կանգնեցրե’ք թոքաբորբն իր ճանապարհին»։  Կարգախոսն ընդգծում է հիվանդության վտանգը, կանխարգելման, վաղ ախտորոշման և լիարժեք բուժման կարևորությունը:

Թոքաբորբը համարվում է պատմության մեջ ամենալուրջ հիվանդություններից մեկը։ XX-րդ դարի սկզբին թոքաբորբն ու տուբերկուլյոզը մահացության հիմնական պատճառներն էին։ Թեպետ այսօր թոքաբորբի բուժումը մեծ առաջընթաց է գրանցել հակաբիոտիկների և ժամանակակից բուժման այլ միջոցների շնորհիվ, հիվանդությունը շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել: Հատկապես արդիական էր դարձել թոքաբորբի հիմնախնդիրը COVID-19 համավարակի ժամանակ։

Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է թոքաբորբի 450 միլիոն դեպք, կամ 1000-1200  դեպք 100 000 բնակչի հաշվով: Երեխաների շրջանում հիվանդացության ցուցանիշը կազմում է 1400 դեպք /100 000 երեխաների հաշվով (1 դեպք 71 երեխաների հաշվով), ընդ որում ամենաբարձր հիվանդացության մակարդակը Հարավային Ասիայում է (2500/100 000) և Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում (1620/ 100 000):

Թոքաբորբի 15-42% դեպքերում պահանջվում է հոսպիտալացում, 15% դեպքերում՝ բուժում  վերակենդանացման բաժանմունքում։ Վերակենդանացման բաժանմունք ընդունվածների շրջանում մահացությունը կարող է հասնել մինչև 50%։

Ամեն տարի թոքաբորբից մահանում է շուրջ 3 միլիոն մարդ, որոնցից 1.4 միլիոնը երեխաներ են։  Մահացության մակարդակը հատկապես բարձր է <5 տ․ երեխաների շրջանում։ Տարեկան թոքաբորբի պատճառով աշխարհում մահանում է <5 տ․ ավելի քան 700 000 երեխա, կամ շուրջ  2000 ամեն օր (hամաձայն UNICEF-ի 2021թ․ զեկույցի, յուրաքանչյուր 43 վայրկյանը մեկ երեխա է մահանում թոքաբորբից)։ Այն մահվան ավելի շատ դեպքեր է տալիս, քան ՁԻԱՀ-ը, մալարիան և կարմրուկը միասին վերցրած: Ընդ որում, մինչև 5 տ․ երեխաների թոքաբորբից մահացության նվազման տեմպերը շատ ավելի դանդաղ են՝ համեմատած այլ վարակիչ հիվանդությունների հետ: 2000-2021թթ․ ընթացքում <5 տ․ երեխաների թոքաբորբից մահացության ցուցանիշը նվազել է 54%-ով, մինչդեռ աղիքային վարակներից՝ 63%-ով: Ինչպես նշվեց, շատ խոցելին են թոքաբորբի նկատմամբ  նաև տարեցները, նրանց շրջանում  թոքաբորբից մահվան դեպքերը կազմում են շնչառական ուղիների վարակներից մահվան դեպքերի գրեթե կեսը:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մեր երկրում թոքաբորբից մահացության ցուցանիշը 2000-2021 թթ. ընթացքում, ի տարբերություն գլոբալ միտումների, զգալիորեն աճել է: Մինչև ամբողջ աշխարհում նույն ժամանակահատվածում մահացությունը թոքաբորբից նվազել է 45.6-ից մինչև 31.2 դեպք 100 000 բնակչի հաշվով, Հայաստանում արձանագրվել է 214.7%-ով աճ՝ 11.6-ից մինչև 36.5/100 000 բնակչի հաշվով: Մահացության ցուցանիշը ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2019 թվականին՝ 53.1/100 000: Տարածաշրջանային երկրներից ցուցանիշի աճ գրանցվել է նաև Վրաստանում (344.2%-ով), մինչդեռ Ադրբեջանում, Իրանում և Թուրքիայում այն նվազել է համապատասխանաբար՝ 79%-ով, 41.7%-ով և 17.3%-ով:

Թոքաբորբի ամենատարածված տեսակը բակտերիալ թոքաբորբն է (հիվանդության բոլոր դեպքերի 30–40%-ը): Այն հարուցվում է պնևմակոկի, հեմոֆիլային ցուպիկի, ստաֆիլոկոկերի, ստրեպտոկոկերի և այլ բակտերիաների կողմից։ Վիրուսային թոքաբորբը կարող է պայմանավորված լինել կորոնավիրուսով, ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսով, ռինովիրուսներով, ադենովիրուսներով և այլն: Սնկային թոքաբորբը (սովորաբար կանդիդաներով, պնևմոցիստերով պայմանավորված) զարգանում է օրգանիզմի դիմոդրողականության կտրուկ նվազման ֆոնին։

Բացի տարիքից, թոքաբորբի զարգացման հիմնական ռիսկի գործոններ են նաև․

  • թուլացած իմունային համակարգը և քրոնիկական հիվանդությունների առկայությունը, հատկապես թոքերի, սիրտանոթային համակարգի, երիկամների, մարսողական համակարգի հիվանդությունների, դիաբետի առկայությունը
  • ծխելը
  • մարմի գերսառեցումը
  • կոնտակտը թռչունների, կրծողների և այլ կենդանիների հետ։

Երեխաների թոքաբորբից մահացության հիմնական ռիսկի գործոններն են՝  թերսնուցումը, ներսի և դրսի օդի աղտոտվածությունը (երեխաների մոտ թոքաբորբի դեպքում մահվան դեպքերի շուրջ կեսը կապված է օդի աղտոտվածության հետ), սանիտարական պայմանների բացակայությունը, և ժամանակին ցուցաբերված բուժօգնության բացակայությունը:

Թոքաբորբի կանխարգելման համար կարևոր են ինչպես անձնական միջոցները, այնպես էլ հանրային կանխարգելումը։ Արդյունավետ կանխարգելման միջոցառումներից են գրիպի դեմ սեզոնային պատվաստումը, ինչպես նաև պնևմակոկի և հեմոֆիլային ցուպիկի դեմ պատվաստումները, հատկապես ռիսկի խմբերի շրջանում։ Կանխարգելման միջոցներից են նաև առողջ ապրելակերպի պահպանումը (բարձր ֆիզիկական ակտիվությունը, կոփումը, ծխելուց հրաժարվելը), ճիշտ սնվելը (սպիտակուցներով և վիտամիններով հարուստ սննդի օգտագործումը), շնչառական վարժությունները։  Հատուկ ուշադրություն պետք է դարձնել անհատական հիգիենայի կանոնների պահպանմանը և խուսափել շփումից հիվանդ անձանց հետ։ Շատ կարևոր կանխարգելիչ գործոն է հանդիսանում նաև տան օդի որակի բարելավումը։ Սնունդ պատրաստելու և բնակարանը տաքացնելու դեպքում պետք է խուսափել պինդ վառելիքի (փայտ, ածուխ, գոմաղբ և գյուղատնտեսական թափոններ) օգտագործումից: Վաղ տարիքի երեխաների համար շատ կարևոր է կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրումը։ ԱՀԿ տվյալների համաձայն` շնչառական վարակների գրեթե մեկ երրորդը կարելի է կանխել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կրծքով կերակրվող երեխաների թվի մեծացման միջոցով:

Թոքաբորբի և նրա բարդությունների կանխարգելման համար սուր ռեսպիրատոր հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, հատկապես երեխաների, տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դեպքում: Անթույլատրելի է հակաբիոտիկների ինքնակամ օգտագործումը։ Հակաբիոտիկների անխտիր և չվերահսկվող կիրառումը հանգեցնում է հակաբիոտիկակայունության զարգացման և բազմադեղակայուն բակտերիաների առաջացման, ինչի հետևանքով տարեցտարի դժվարանում է վարակների դեմ պայքարը։