Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել

Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել

Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա  կյանքին վերադառնալու համար:

Ի՞նչ է հետարձակուրդային համախտանիշը:

Տխրության և տագանպի աճող զգացում երբ անձը  նորից վերադառնում է աշխատանքի, ինչպես նաև մոտիվացիայի պակաս:

Որո՞նք են պատճառները:

Երբեմն մարդը արձակուրդի ընթացքում, ազատվելով առօրյա վազքից, վերագնահատում է իր առաջնահերթությունները և ավելի հստակ տեսնում ապագայի  հեռանկարը և փոխանակ շարունակելու օրական աշխատանքային թոհուբոհը, նա ցանկանում է ավելի շատ ժամանակ ծախսել մարդկանց հետ շփվելու, հոբբիի կամ հանգստանալու  ուղղությամբ:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի գնահատմամբ` հոգեբանական տեսակետից՝ արձակուրդի երկարատևությունը կարևոր պայման չէ հանգստանալու համար. «Կարող ենք մեկ օր առողջ  քնել, առողջ սնվել և, բավականաչափ էներգիա ստանալ կյանքի բնական ռիթմը շարունակելու համար»:

Համալսարանական մասնագետը նշում է, որ հետտոնական  կամ հետարձակուրդային համախտանիշի մասին խոսվում է հատկապես ամառային կամ այլ երկարատև արձակուրդներից առաջ կամ հետո, որովհետև մարդը, կարծես, արձակուրդին վերագրում է ավելին, քան հնարավոր է և գերագնահատում այդ  արձակուրդից ունեցած սպասելիքները:

«Տոների ընթացքում հատկապես կարևորվում է, թե ինչպես ենք մենք նախապատրաստվում և իրականացնում մեր հանգիստը՝ ինչպես ակտիվ, այնպես էլ՝ պասիվ: Քնի ճիշտ կազմակերպման և առողջ սնվելու դեպքում մարդն առավել քիչ է ենթարկվում ցանկացած սթրեսի»,- ասում է Խաչատուր Գասպարյանը:

Հոգեբանական հետազոտությունենրի համաձայն՝ մարդիկ ունենում են հետտոնական սթրես հատկապես այն դեպքում, երբ  չեն սիրում կամ գոհ չեն իրենց աշխատանքից:

«Եթե մարդը սիրում է և բավարարվում իր կատարած  աշխատանքից, հավանականությունը, որ նա կունենա հետտոնական սթրես, շատ ավելի փոքր է:  Աշխատանքը սիրված է, եթե աշխատանքային գործունեության յուրաքանչյուր պահը չի անհանգստացնում և բացասակայն հույզեր չի փոխանցում մեզ»,- ընդգծում է հոգեբանը:

Նախ՝  խորհուրդ է տրվում  45 րոպեն մեկ ընդմիջում անել, երկրորդ՝ նախաձեռնել այնպիսի գործեր, որոնք լարում չեն պարունակում և հնարավոր է ավարտին հասցնել: Պարզվում է մարդու համար սթրեսային են սկսած և անավարտ թողած գործերը:

Այնուհետև խորհուրդ չի տրվում անցում կատարել միանգամից  դիետիկ ռեժիմի, քանի որ շատերը ամանորյա տոներին ընթացքում խախտել են իրենց սնվելու ամենօրյա կերպը: Ցանկալի է ժամանակին քնել աշխատանքային օրվա նախորդող գիշերը:

Աշխարհաքաղաքական իրավիճակը, տարատեսակ իրադարձություններն  ազդեցություն են թողնում մարդու հոգեբանական իրականության, ապահովության և անտվանգության զգացումների վրա:

Խաչատուր Գասպարյանը նշում է, որ մենք չենք կարող անմասն մնալ մեր իրականության մեջ տեղի ուենցող քաղաքական, մշակույթային և ֆինանսական փոփոխություններից: Բայց  ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, ուղղակի փոփոխություններին պետք է, առաջին հերթին հոգեբանորեն նախապատրաստվել և ներքուստ ծրագրավորել՝  առանց սպասելու, որ դրանք կմատուցվեն մեզ արտաքին աշխարհից:

«Օրինակ` եթե մարդը որոշել է նոր տարին սկսել առանց ծխելու կամ հրաժարվել ալկոհոլային խմիչքից, տարաբնույթ վատ սովորություններից, այդ դեպքում կարևոր է ոչ միայն տրամադրվելը, այլև կամային ճիգերի ներգրավումը, առանց որի ցանկալի արդյունքին հասնելը դժվար է»,- եզրափակում է հոգեբան- գիտնականը: 

Ամփոփելով` եթե ցանկանում եք խուսափել հետարձակուրդային համախտանիշից, ապա խորհուրդ է տրվում

ա/ մնալ ֆինանսական հնարավորությունների սահմաններում

բ/ չմոռանալ սեփական եսի մասին

գ/ ճիշտ կազմակերպել և կառավարել ժամանակը

դ/ սովորել «ոչ» ասել, եթե ինչ-որ սպասում  է շրջապատը, հաճելի չէ Ձեզ համար: