«Ցեյլոնյան ճեպընթաց-2025»․ շրիլանկացի ապագա բժիշկները նշեցին Արևային ամանորը

«Ցեյլոնյան ճեպընթաց-2025»․ շրիլանկացի ապագա բժիշկները նշեցին Արևային ամանորը

Կարմիր դահլիճը ողողվել էր տոնական շնչով․ շուրջ 150 շրիլանկացի ապագա բժիշկ նշում էր ազգային Նոր տարին՝ Արևային ամանորը։ Ուսանողներին շնորհավորելու էր եկել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Միջոցառումը մեկնարկեց մոմավառության հանդիսավոր արարողությամբ, որը Շրի Լանկայի մշակույթում հարգանքի դրսևորման հոգևոր խորհուրդն ունի։ Այնուհետև հնչեցին Հայաստանի և Շրի Լանկայի ազգային օրհներգերը։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2024 թվականին կյանքից հեռացած ուսանողուհի Նայարա Ռանջիթսինգհի հիշատակը։

Շրիլանկացի ոսւանողները բեմից ողջունեցին բուհի ղեկավարին, Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին, Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետ Գայանե Ավետիսյանին, պետի տեղակալներ Անահիտ Ազնաուրյանին, Մերի Մխիթարյանին, Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհիին, Ուսանողական խորհրդարանի նախագահ Միշել Քոչարյանին։

«Ցեյլոնյան ճեպընթաց-2025» խորագրով պատմական հետաքրքիր ակնարկի շրջանակում մասնակիցներն ուղևորի կարգավիճակում տեղափոխվեցին Շրի Լանկայի տարբեր քաղաքներ և հանգամանալից ծանոթացան կղզու գրավիչ առանձնահատկություններին։ Իրենք՝ ուսանողները, հայրենիքը բնորոշեցին՝ որպես ավանդույթների, կրոնների և մշակույթների յուրօրինակ սինթեզ:

Ազգային գեղեցիկ հագուստներով երգի և պարային կատարումները, տպավորիչ բեմականացումները լրացրին տոնական հագեցած մթնոլորտը` օրը դարձնելով հիշարժան ապագա բժիշկների ու բուհի օտարերկրացիների կրթության պատասխանատուների համար: