ԵՊԲՀ-ի «Ուսանողական գիտական ընկերությունը» հիմնադրվել է 1947 թվականին։ ՈՒԳԸ-ին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվել է գրավել ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությունը: Աշխատանքային 72 տարվա ընթացքում ՈւԳԸ-ն ձգտել է ուսանողության ուշադրության կենտրոնում պահել գիտական գործունեությունը և նպաստել է նրան, որ երկար տարիներ ուսանողական գիտությունը եղել է բարձր մակարդակի վրա: Ընկերության հիմնական նպատակն է՝ աջակցել ուսանողների՝գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը:
ՈՒԳԸ նախագահ Էմմանուել Ղանդիլյանի խոսքով՝ գիտական և կրթական ոլորտներում ՈՒԳԸ-ն սատարում է ուսանողների նախաձեռնություններին, հնարավորինս աջակցում շնորհաշատ ուսանողներին: Մեր օրերում բժշկությունն առանց գիտության հնարավոր չէ պատկերացնել: Ուստի՝ յուրաքանչյուր բացահայտում տանում է դեպի նոր հարթակներ՝ բժշկության ոլորտում: Վառ օրինակ է հանդիսանում ամենամյա անցկացվող՝ «Ուսանողների գիտական շաբաթը», որի ժամանակ ներկայացվում են՝ բազմաթիվ նորարարություններ, հետազոտական աշխատանքներ, որոնք կատարել են ԵՊԲՀ-ի ուսանողները:
Ընկերությունը մշտապես կազմակերպում է գիտաժողովներ, նստաշրջաններ, սեմինարներ, դասախոսություններ և գիտական ու կրթական այլ ուղղվածություն ունեցող միջոցառումներ՝ դրանցում ներգրավելով նաև արտահամալսարանական ներուժը։ Ուսանողական գիտական ընկերության աշխատանքներում մեծ դեր ունեն ներամբիոնական գիտական ակումբների առկայությունը համալսարանի ամբիոնների մեծամասնությանը կից։ Գիտական ակումբներում բժշկական համալսարանի ուսանողները հնարավորություն են ստանում ավելի շատ խորանալ իրենց նախընտրած առարկայի մեջ և ուսումնասիրել իրենց ծանոթ թեմաները դասագրքից դուրս, մասնակցել ամբիոններում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին և ինչու ոչ տպագրվել գիտական ամսագրերում։
ԵՊԲՀ ՈւԳԸ-ն անմասն չի մնում միջազգային հարթակից և ամեն տարի կազմակերպում է «Ուղեղի ճանաչման շաբաթը» (Brain Awarness Week), որը նշում են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում։
Նպատակն է հասարակության լայն շերտերին ցույց տալ մեր ուղեղի զարմանահրաշ հնարավորությունները և գաղտնիքները։
Այս ծրագիրը իրականացվում է DANA Foundation-ի կողմից ստացվող գրանտային ծրագրով։
Այս գրանտային ծրագիրը միակը չէ։ Ուսանողական գիտական ընկերությունը բազմիցս անգամ ստացել է նաև Բրիտանիայի Կենսաբանների ընկերության (the Company of Biologists) կողմից գրանտեր և կազմակերպել «Տեսությունից գործնական» շարքի գիտական դպրոցը, և «Բացահայտելով հիվանդությունների մեխանիզմները» գիտաժողովը։
Ամենամեծ գրանտային ձեռքբերումներից է եղել IBRO (International Brain Research Organisation)-ի կողմից ստացված ֆինանսավորումը, որը նույնպես օգտագործվել է ամառային գիտական դպրոցի կազմակերպման համար։
Այսօր ՈւԳԸ համառ և նպատակասլաց գնում է առաջ՝ ներգրավվելով իր կազմում բազում շնորհալի, խելացի ու բժշկագիտությանը նվիրված ուսանողների, և օգնում նրանց ընտրել ճիշտ ուղի իրենց մասնագիտական կյանքում: Տարիներ շարունակ Ուսանողական գիտական ընկերության անդամները ճանաչվել են ՀՀ լավագույն ուսանողներ, ինչպես նաև ստացել են բազում կրթաթոշակներ, մեկնել են գործուղումների և զեկուցումների արտերկիր։
Այժմ Ուսանողական գիտական ընկերությունը պատրաստվում է հերթական Ուսանողական գիտական օրվան, օրը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին 6-րդ լսարանում։