Ուսանող` անցյալում, շրջանավարտ` այսօր և բժիշկ` վաղը. շրջանավարտների ավարտական միջոցառումը

Ուսանող` անցյալում, շրջանավարտ` այսօր և բժիշկ` վաղը. շրջանավարտների ավարտական միջոցառումը

Ուսումնական տարվա ավարտը և Գիտական խորհրդի այս կիսամյակի վերջին նիստը հանդիսավոր էր։

Բժշկական մայր բուհում հուլիսի 9-ը նշանավորվեց շրջանավարտների մասնագիտական երդման հանդիսավոր միջոցառմամբ։

713 շրջանավարտ, որոնցից 204-ը՝ արտասահմանցիներ, դարձան նրանց նվիրված խորհրդանշական օրվա մասնակիցները։ Օրը լի էր տպավորություններով։

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը շնորհավորեց շրջանավարտներին.

«Ինձ համար ոչ միայն հիշարժան օր է, այսօր պատվարժանության, արժանապատվության, հույսի օր է, մեծ հնարավորություն՝ իմ խորը երախտագիտությունը հայտնելու, առաջին հերթին, մեր շրջանավարտների ծնողներին։ Համոզված եմ, որ նրանց ընտանեկան դաստիարակությունը, նրանց արժեհամակարգը, նրանց մարդկային տեսակը հետագայում ոչ պակաս դերակատարում են ունենալու մեր շրջանավարտների կյանքում, քան ստացած գիտելիքը, հմտությունները և, իհարկե, կոչումները»։

Ասելով կոչումով բժիշկ, նրա խոսքով, հասկանում ենք այն մարդկանց, որոնք իրականացնում են իրենց ամենօրյա գործունեությունը։

«Սակայն մենք չենք տեսնում այդ գործունեության առանցքում այն տաժանակիր տարիները, որոնք նրանք անցել են, այն քննությունները, որոնք նրանք հանձնել են։ Եվ դա ոչ միայն համալսարանի քննություններն են․ դա մարդկային հարաբերությունների և պատասխատանտվության քննություններն են, դա խղճի և կամքի քննություններն են, որոնք դուք դեռևս պետք է կարողանաք հաղթահարել։ Ինձ համար հպարտության օր է, որովհետև ես վստահ եմ ձեզանից յուրաքանչյուրի վրա։ Ես համոզմունք ունեմ, որ այս 6 տարիների ընթացքում այն, ինչ դուք կարողացել եք ստանալ ձեր ուսուցիչներից, այն, որ դուք կարողացել եք հաղթահարել այս տարիների դժվար փորձությունները, որոնք դուք համարում եք երևի թե այս պահին ամենադժվարը, ամենևին այդպես չէ․ դրանք դեռ առջևում են։ Դժվարությունները լինելու են այն պահին, երբ հուսահատ աչքերի մեջ պետք է արթնացնեք հույս, պետք է կարողանաք ձեր կամային հատկանիշներով և մարդասիրությամբ այդ մարդկանց հույսերն արդարացնել ամենածանր, ամենաանելանելի պահերին։ Այդ առումով ձեր գիտելիքն ու հմտությունները լինելու են անփոխարինելի։ Եվ ուրեմն, կեցցե՛ն ձեր ուսուցիչները, որոնք տարեցտարի այսպիսի հանդիսավոր պահերին կարողանում են ևս մեկ անգամ հայացք նետել հետ և ասել՝ այո, սերունդներ ենք դաստիարակել, որոնք կարողանում են փրկել, օգնել մարդկանց։ Ձեր ամենակարևոր հատկանիշներից մեկը անսպառ բարությունը պետք է լինի․ ոչ բարի անձնավորությունը չի կարող լինել բժիշկ, անկախ ունակություններից, եթե անսպառ չէ նրա բարությունը, նրա ցանկությունը՝ լինել պիտանի անձնական կյանքի, անձնական տարածության, ժամանակի, անգամ ընտանիքի հաշվին, նա չի կարող լինել բժիշկ։ Միշտ հիշեք․ ամենաանկեղծը մարդիկ աղոթում են հիվանդանոցներում․ սա իրականություն է, որի հետ դուք պարբերաբար հանդիպելու եք։ Ձեզ նայելու են որպես հրեշտակների։ Այդ ճերմակ խալաթները, որոնք այսօրվանից դուք կրելու եք արդեն ոչ որպես ուսանող, ինչպես նաև բժշկի բարձր կարգավիճակը անառիկ պահեք։ Ես ցանկանում եմ, որ դուք լինեք գնահատված, ես ցանկանում եմ, որ դուք լինեք պաշտպանված», – շեշտեց բուհի ղեկավարը` ընդգծելով, որ մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կարողացել է ձևավորել մի կրթօջախ, որն արդեն տասնյակ տարիներ արտահանում է բժշկական կրթությունը։

«Եվ հեռավոր երկրներում Հայաստանում ստացած կրթության հաշվին մարդիկ, որոնք կյանք են փրկում, ամեն անգամ հիշելով ձեզ, սիրելի ուսուցիչներ, փառք ու պատիվ են տալիս իրենց բուհին, որտեղ կերտվել են որպես փրկիչներ, որպես բժիշկներ։ Viva Alma Mater! Կեցցե՛ բժշկական համալսարանը և կեցցե՛ք դուք, որ շրջանավարտ դարձաք», – հայտարարեց Արմեն Մուրադյանը։

«Ինձ համար ևս հետաքրքիր և առանձնահատուկ օր է: Ձեռք ձեռքի տված միասին անցանք գիտելիքով և փորձություններով, ուրախ և դժվար օրերով հագեցած ճանապարհով, առջևում մեծ մարտահրավերներ ունեք: Ընտրելով բժշկի մասանգիտությունը դառնալու եք ամենահումանիստը, ամենասկզբունքայինը, ամենաանձնուրացը, ինչու չէ նաև ամենահոգատարն ու ամենահամառը լավագույն իմաստով: Թող այս ամենաները ձեզ երբեք չվախեցնեն, քանի որ դուք արդեն ընտրել եք բժշկի պատասպանատու գործը, որը նշանակում է՝ կարող եք հոգ տանել և բուժել, այսուհետ ձեր ընտրությունը կյանքն է: Դուք լինելու եք վաղվա հույսի կրողը, ովքեր ձեզ հավատալու են: Անվարան գնացեք ձեր ընտրած ճանապարհով և հիշեք, որ կյանքի բոլոր կանգառնեորւմ ձեզ սպասողներ ունեք: Բարի երթ ձեզ դեպի մեծ կյանք»,- նշեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը, դիմելով ներկաներին, նշեց «Իմ շատ սիրելի ուսանողներ անցյալում, շրջանավարտներ` այսօր և բժիշկներ` վաղը, Ստոմատոլոգիական ֆակուլտետի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ։
Օր, որը ձեր կյանքում միշտ կհիշվի՝ բժշկական համալսարանն ավարտելու և բժշկի պատվավոր կոչմանն արժանանալու առթիվ։
Այսօր, փակելով հերթական էջը, սկիզբ է դրվում նորի՝ մասնագիտության ընտրության, մասնագիտացման և անձնական կյանքում երջանկության էջին։ Թող ձեր կյանքում միշտ առաջնորդի անամպ երկինքն ու կանաչապատ ճանապարհը, սերն ու երջանկությունը, ինչպես նաև հաջողությունը»։

«Այսօր հիրավի տոնական օր է, այս օրը տոնական դարձնելու մեջ ամենամեծ մեղավորությունը ունեք դուք, սիրելի՛ շրջանավարտներ: 5-6, ոմանց մոտ նաև ավելի երկար տարիների աշխատանքի շնորհիվ կարողացաք իրականացնել ձեր վաղեմի երազանքը, ու արդեն դարձել եք շրջանավարտներ: Սա մեծ պատիվ է, բայց նաև պարտավորեցնող է, որովհետև դուք մեր համալսարանն եք ներկայացնում Հայաստանում և արտերկրում: Համոզված ենք, որ դուք պատվով եք կրելու այս կոչումը: Շնորհավորելով ձեզ՝ ցանկանում եմ, որպեսզի նորանոր հաջողությունների հասնեք»,- խոսքն ուղղելով ավարտողներին ասաց Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը:

«Այսօր դուք ամփոփում եք ձեր ուսումնառության կարևոր և պատասխանատու փուլը, շնորհավորում եմ բոլորիդ այս նշանակալից իրադարձության կապակցությամբ: Ռազմական բժշկի մասնագիտությունը բացառիկ պատասխանատվություն է՝ միախառնած բժշկի մասնագիտական գերազանցության և սպայի անմնացորդ նվիրումով: Ձեր ընտրած ուղին պահանջում է ինչպես բարձրակարգ գիտելիք, այնպես էլ անշեղ հավատարմություն հայրենիքին և մարդկային արժեքներին: Դուք պատրաստ եք ծառայել ինչպես խաղաղության, այնպես էլ մարտական պայմաններում, հոգով ամուր, մտքով՝ պատրաստ, մասնագիտական առումով՝ զինված: Մաղթում եմ անսպառ ուժ, կամք, հաստատատկամություն: Պատիվ ունեմ»,- ասաց Ռազմաբժշկության ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը:

Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետ Գայանե Ավետիսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նկատեց

«Այնուամենայնիվ, շատ տխուր է ձեզ հրաժեշտ տալը, որովհետև այս տարիների ընթացքում, որոնք անցկացրել եք Երևանի պետական բժշկական համալսարանում, դուք ոչ միայն ձեռք եք բերել մասնագիտական հմտություններ, այլև դարձել եք ԵՊԲՀ մեծ ընտանիքի անդամ։ Այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր ունի պատմություն ու արժանիք։ Բժիշկները եզակի մարդիկ են, ովքեր մասնագիտական գործունեությունից առաջ երդվում են բարի լինել պացիենտի նկատմամբ։ Բժշկի մասնագիտությունը միշտ եղել է անձնազոհ, պացիենտի նկատմամբ կարեկցանքով և բարձր պատասխանատվությամբ։ Ցանկանում եմ, որ դուք հետևողական լինեք ձեր հետագա մասնագիտական կարիերայի ընթացքում։ Հաջողություն բոլորիդ»։

Սրտաբանության ամբիոնի վարիչ, Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանին այս տարի, որպես հատուկ հյուր, տրվել էր շրջանավարտներին խոսք հղելու հնարավորություն։

«Կարծես թե դժվարությունները արդեն հետևում են, և վեց տարի սովորելուց հետո ձեր առաջ բացվում է ավելի վառ, պայծառ ճանապարհ։ Սակայն սպասվում են նորերը։ Սա պատմական, շատ կարևոր ու հիշարժան օր է ձեր կյանքում։ Իհարկե, նոր դժվարությունները ուղեկցվելու են նաև հաջողություններով, ուրախությամբ, քանի որ դուք մտնում եք նոր ուղի՝ փրկելու մարդկային կյանքեր, ձեռք բերելու մասնագիտական հմտություններ, առաջ շարժվելու ձեր մասնակցությամբ»,- ասաց պրոֆեսոր Սիսակյանը։

Նրա հորդորն էր, որ նվիրվածությունը ընտրած մասնագիտության հանդեպ երբեք չմարի, և երբեք չլքի կարեկցանքի զգացումը։ Նա մաղթեց շարունակական ձեռքբերումներ և հորդորեց չմոռանալ համալսարանը՝ հիմնական կրթական հիմքը։

Շրջանավարտներին խոսք հղեց նաև Արամ Սրապյանը, որը ԵՊԲՀ շրջանավարտ է, ԱՄՆ-ում հաջողության հասած մասնագետ, նա թերապիայի բաժին է ղեկավարում այնտեղի առաջատար կենտրոններից մեկում՝ մշտապես բարձր պահելով մայր բուհի անունը։

«Ինձ պատիվ է ընձեռվել խոսք ասելու, և այն ինձ տրվել է, քանի որ բոլորովին վերջերս, մի քանի տարի առաջ, ես եղել եմ ձեր շարքերում»,- ասաց հյուրը՝ պատմելով իր հաջողության մասին։

Նա նպատակ ուներ ոգեշնչել՝ ընդգծելով, որ գիտելիք ստանալով հնարավոր է դուրս գալ միջազգային դաշտ, սակայն միայն դիպլոմը բավարար չէ․ անհրաժեշտ է եռանդուն, ամենօրյա աշխատանք։ Դիսցիպլինան՝ կարգապահությունը, Սրապյանի կարծիքով, այն առանցքային գիծն է, որը երազանքները վերածում է նպատակների և դրանց հասնելու գրավականն է։
«Չվախենաք սխալվելուց, որովհետև չի սխալվում նա, ով չի փորձում»,- շեշտեց ներքին հիվանդությունների բնագավառում մասնագիտացած բժիշկ-գիտնականը՝ հավելելով, որ բուհի և դասախոսական կազմի աջակցությունն ևս առաջ մղող ուժ է։

Երդման արարողակարգն այս տարի տարբերվեց։ Բեմում հայ և օտարերկրացի նորավարտների կողքին էին կայացած համալսարանականներ, բժիշկ-գիտնականներ, որոնք խորհրդանշական ճերմակ խալաթը փոխանցեցին կրտսեր կոլեգաներին՝ ապագայի լավագույն ցանկություններով։

Ազդարարելով Գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ավարտը՝ ռեկտորը ևս մեկ անգամ փաստեց

«Մեր մայր բուհն այն եզակի բուհերից է, որն իր փառահեղ 100 տարիներից ավելի կենսագրության ամբողջ ընթացքում կերտել է հազարավոր բժիշկներ, որոնք միլիոնավոր մարդկանց կյանք ու առողջություն են տվել։ Մեկ բժիշկը մեկ կենսագրություն է, բայց՝ հազարավոր մարդկանց սփոփած ցավեր, փրկած կյանքեր, հույս, հավատ և, անշուշտ, կերպարներ, որոնց վրա կառուցվում է ժամանակակից հասարակությունը։ Սա այն եզակի բուհերից է, որին բախտ է վիճակվել լսել մեծն Շառլ Ազնավուրի ուղերձը: Ավաղ, սա նրա վերջին տեսաձայնագրությունն էր՝ հատուկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին ուղղված։ Այո, մենք այն բուհն էինք, որն արժանացավ այդ պատվին։ Մենք այն բուհն ենք, որը միջազգայնորեն հավատարմագրվեց, որը տարեցտարի բարելավում է իր բոլոր հնարավորությունները, հարթակները, և դա տեսանելի է, սա լոկ խոսքեր չեն»։