Արձագանքելով վերջին օրերին սոցիալական կայքերում ուսանողների կողմից բարձրաձայնված ուսումնական վարձերի վճարումների վերաբերյալ հարցերին` հայտնում ենք, որ համաձայն ՀՀ Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 6-րդ մասի 21-րդ կետի` բարձրագույն կրթական հաստատություններն անցել են կրթության առցանց ձևաչափի, ինչը տվյալ ժամանակահատվածում կրթության կազմակերպման միակ հնարավոր տարբերակն էր։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված`բուհն առաջարկել է ուսանողներին օգտվել այլընտրանքային եղանակից, այն է՝ ընդհատել առցանց կրթությունը և ուսումը շարունակել հետագայում՝ համավարակով պայմանավորված խոչընդոտների վերացումից հետո՝ առկա ձևաչափով։ Այն ուսանողները, որոնց համար անընդունելի էր բժշկական կրթության առցանց կազմակերպման ձևաչափը, իրենց դիմումի համաձայն դադարեցրել են ուսուցումը՝ հետագայում վերականգնվելու իրավունքով։
Ըստ այդմ ԵՊԲՀ-ն ուսումնառությունը կազմակերպել է՝ օգտագործելով տվյալ պահին հասանելի և հնարավոր բոլոր միջոցները։
Այն ուսանողները, որոնք հիմնավորված խնդիր ունեն վարձավճարների վճարման ժամկետների հետ, կարող են Ուսանողական խորհրդարանի միջոցով դիմումները ներկայացնել 2017 թ․-ից ԵՊԲՀ-ում գործող «Վարձավճարների տարժամկետ վճարման» հանձնաժողովին՝ մինչև 25․05․2020թ․, ժամը` 24։00-ը։
Տեղեկացնում ենք նաև, որ դիմումների քննարկումների գործընթացում հաշվի կառնվի COVID-19 համավարակի դեմ պայքարի միջոցառումներին կամավորական աշխատանքներ իրականացնող ուսանողների փաստաթղթավորված գործունեությունը։