Ժամանակակից բժշկության մեջ աստիճանաբար ձևավորվում է հիվանդությունների կանխարգելման նոր գիտական մոտեցում։ Եթե XX դարում բժշկության հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի վրա, ապա այսօր հետազոտությունների մեծ մասն ուղղված է քրոնիկական վիճակների կանխարգելմանը։ Այս մոտեցման առավել հետաքրքիր ուղղություններից մեկը դարձել է ակնեի ուսումնասիրությունը՝ հիվանդության, որը երկար ժամանակ դիտարկվում էր միայն որպես պատանեկության շրջանի ժամանակավոր կոսմետիկ խնդիր, սակայն այսօր դիտվում է որպես կարևոր մոդել նոր կանխարգելիչ ռազմավարությունների մշակման համար։
Ակնեն պատկանում է մաշկի առավել տարածված հիվանդությունների շարքին։ Համաճարակաբանական հետազոտությունների տվյալներով՝ աշխարհի դեռահասների շուրջ 85%-ը բախվում է ակնեի այս կամ այն դրսևորմանը։ Համաշխարհային մակարդակով այս հիվանդությունը զբաղեցնում է 8-րդ տեղը մարդու ամենատարածված հիվանդությունների շարքում։ Գիտնականների գնահատականներով՝ 2021 թվականին աշխարհում մոտ 240 միլիոն մարդ ունենում է ակնեի տարբեր ձևեր, ընդ որում հիվանդների մոտ 67%-ը գտնվում է 15–49 տարիքային խմբում։ Սա վկայում է, որ խնդիրը վաղուց դուրս է եկել միայն դեռահասության շրջանակներից։ Վերջին տասնամյակներում մաշկաբանները արձանագրում են ակնեի տարածվածության կայուն աճ նաև 25 տարեկանից բարձր մեծահասակների շրջանում։
Թեև ակնեն հազվադեպ է անմիջական վտանգ ներկայացնում կյանքի համար, դրա հետևանքները կարող են բավականին լուրջ լինել։ Դեմքի, կրծքավանդակի կամ մեջքի մաշկի վրա առաջացող բորբոքային տարրերը հաճախ հանգեցնում են կայուն կոսմետիկ փոփոխությունների՝ հետբորբոքային հիպերպիգմենտացիայի, սպիների և մաշկի կառուցվածքի փոփոխության։ Շատ հիվանդների համար նման փոփոխությունները դառնում են արտահայտված հոգեբանական անհարմարության պատճառ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ակնեի արտահայտված դրսևորումներ ունեցող անձինք հաճախ ունենում են ինքնագնահատականի նվազում, սոցիալական անհանգստություն և դեպրեսիվ ախտանշաններ։
Ակնեի զարգացման մեխանիզմը բարդ է և ներառում է մի քանի փոխկապակցված գործընթացներ։ Հիմնականներից մեկը ճարպագեղձերի կողմից մաշկային ճարպի՝ սեբումի, հավելյալ արտադրությունն է՝ անդրոգենների ազդեցության ներքո։ Այս հորմոնները առկա են ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների օրգանիզմում և հատկապես ակտիվանում են սեռական հասունացման շրջանում։ Սեբումի ավելցուկը, համակցվելով մաշկի կերատինացված բջիջների հետ, հանգեցնում է մազապարկերի խցանմանը։ Փակված մազապարկի ներսում ձևավորվում է լիպիդներով հարուստ և գրեթե թթվածնազուրկ միջավայր, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում միկրոօրգանիզմների ակտիվ բազմացման համար։
Այս գործընթացում առանցքային դեր ունի Cutibacterium acnes բակտերիան։ Նորմալ պայմաններում այն մաշկի միկրոբիոմի բնական բաղադրիչ է և մշտապես առկա է մաշկի մակերեսին՝ առանց ախտաբանական փոփոխություններ առաջացնելու։ Ավելին, այս բակտերիան որոշակի օգտակար գործառույթներ ունի․ այն քայքայում է մաշկային ճարպը՝ ձևավորելով ճարպաթթուներ, որոնք նպաստում են մաշկի թթվայնության բնական մակարդակի պահպանմանը և արգելակում որոշ ախտածին միկրոօրգանիզմների աճը։ Սակայն, մազապարկերի խցանման և սեբումի կուտակման պայմաններում C. acnes-ի պոպուլյացիան սկսում է ակտիվորեն բազմանալ։ Բակտերիաները արտազատում են կենսաբանական ակտիվ նյութեր և բորբոքային միջնորդներ, որոնց արձագանքում է իմունային համակարգը։ Արդյունքում զարգանում է բորբոքային գործընթաց և ձևավորվում են ակնեին բնորոշ տարրերը՝ պապուլներ, պուստուլներ, բորբոքային հանգույցներ և կիստաներ։ Դրանց ապաքինումից հետո հաճախ կարող են պահպանվել պիգմենտային բծեր կամ սպիներ։
Ժամանակակից մաշկաբանությունը ակնեի բուժման մի շարք արդյունավետ մեթոդներ
է առաջարկում։ Առավել հաճախ կիրառվում են տեղային հակաբակտերիալ դեղամիջոցները, բենզոիլպերօքսիդը, համակարգային հակաբիոտիկները, հորմոնային թերապիան և ռետինոիդները։ Սակայն այս մեթոդներն ունեն էական սահմանափակում․ դրանք ուղղված են արդեն առաջացած դրսևորումների բուժմանը և չեն կանխում հիվանդության զարգացումը։ Բացի այդ, հակաբիոտիկների երկարատև կիրառումը կապված է միկրոօրգանիզմների կայունության ձևավորման ռիսկի հետ։ Այսօր աշխարհում հիվանդների ավելի քան 50%-ը գաղութայնացված է C. acnes-ի այնպիսի շտամներով, որոնք կայուն են էրիթրոմիցինի և կլինդամիցինի նկատմամբ, ինչը դիտարկվում է որպես հակաբիոտիկակայունության գլոբալ խնդրի մաս։
Իզոտրետինոինով թերապիան պահանջում է խիստ բժշկական վերահսկողություն, քանի որ դեղամիջոցը կարող է ազդել լյարդի ֆունկցիայի և լիպիդային փոխանակության վրա և ունի արտահայտված տերատոգեն ազդեցություն։
Այս հանգամանքները պայմանավորում են ակնեի կանխարգելման սկզբունքորեն նոր մեթոդների որոնման անհրաժեշտությունը։ Վերջին տարիներին գիտնականները խնդիրը սկսել են դիտարկել այլ տեսանկյունից։ Եթե նախկինում բուժման հիմնական նպատակը համարվում էր բակտերիաների ոչնչացումը, ապա այսօր մաշկի միկրոբիոմը համարվում է բարդ էկոհամակարգ, որն անհրաժեշտ է ոչ թե խախտել, այլ պահպանել հավասարակշռությունը։ Ուստի, ամբողջ բակտերիալ պոպուլյացիայի ոչնչացման փոխարեն անհրաժեշտ է ազդել այն մոլեկուլային մեխանիզմների վրա, որոնք սկսում են բորբոքային գործընթացը։ Այս համատեքստում առավել խոստումնալից ուղղություններից մեկը ակնեի դեմ պատվաստանյութի ստեղծումն է։
Ֆրանսիական դեղագործական ընկերությունը սկսել է մատրիցային ՌՆԹ տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված պատվաստանյութի վաղ փուլերի կլինիկական փորձարկումները։ Ենթադրվում է, որ պատվաստումից հետո իմունային համակարգը կկարողանա ճանաչել բակտերիայի հիմնական բորբոքային գործոնները և ճնշել դրանց ակտիվությունը՝ առանց ամբողջ մաշկային միկրոֆլորայի ոչնչացման։
Միաժամանակ իրականացվում են հիմնարար գիտական հետազոտություններ։ University of California San Diego համալսարանի գիտնականները պարզել են, որ C. acnes-ի որոշ շտամներ արտադրում են HylA կոչվող հիալուրոնիդազ ֆերմենտ, որը կարող է քայքայել մաշկի միջբջջային մատրիքսի բաղադրիչները և առաջացնել բորբոքային ուժեղ ռեակցիա։ Միևնույն ժամանակ բակտերիայի այլ շտամներ արտադրում են HylB այլընտրանքային ֆերմենտ, որը կարող է ունենալ հակաբորբոքային հատկություններ։ Այս բացահայտումը հնարավորություն է տվել ձևակերպել պատվաստանյութի ստեղծման նոր ռազմավարություն․ եթե իմունային համակարգը կարողանա ճանաչել և չեզոքացնել հենց HylA ֆերմենտը, հնարավոր կլինի նվազեցնել բորբոքման ինտենսիվությունը՝ չխախտելով մաշկի միկրոբիոմի բնական հավասարակշռությունը։ Կենդանական մոդելների վրա իրականացված փորձերն արդեն ցույց են տվել բորբոքային ցիտոկինների մակարդակի նվազում և հյուսվածքների բորբոքային այտուցի նվազեցում։
Ներկայումս պատվաստանյութը գտնվում է կլինիկական փորձարկումների 1 փուլում։ Վաղ փուլերի հիմնական նպատակն է գնահատել դեղամիջոցի անվտանգությունը և իմունային կայուն պատասխան առաջացնելու կարողությունը։
Այնուամենայնիվ, նույնիսկ հաջող արդյունքների դեպքում պատվաստանյութի լայն կիրառման ճանապարհը կարող է տևել մի քանի տարի։ Վաղ փուլերի ավարտից հետո անհրաժեշտ կլինի իրականացնել ավելի լայնածավալ երկրորդ և երրորդ փուլերի կլինիկական փորձարկումներ՝ արդյունավետությունն ու անվտանգությունը վերջնականապես հաստատելու համար։
Ակնեի դեմ պատվաստանյութի մշակումը հանդիսանում է ավելի լայն գիտական ռազմավարության մաս, որն ուղղված է քրոնիկական հիվանդությունների զարգացման մեջ միկրոբիոմի դերի ուսումնասիրմանը։ Մինչև 2030 թվականը նախատեսված համաշխարհային իմունիզացիայի ծրագրի շրջանակում, որը մշակվել է ԱՀԿ-ի կողմից, մեծ ուշադրություն է դարձվում մաշկի բորբոքային հիվանդություններ առաջացնող պաթոգենների ուսումնասիրությանը։ Ակնեից բացի, գիտնականները ուսումնասիրում են նաև ատոպիկ դերմատիտի դեմ պատվաստանյութերի ստեղծման հնարավորությունը, որը հաճախ կապված է Staphylococcus aureus բակտերիայով մաշկի գաղութայնացման հետ։
«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` եթե ակնեի դեմ պատվաստանյութի հետազոտությունները հաջողությամբ ավարտվեն, դա կարող է նշանավորել կանխարգելիչ բժշկության նոր դարաշրջանի սկիզբը։ Իմունոթերապիան կարող է կիրառվել ոչ միայն վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու, այլ նաև մարդու օրգանիզմի, նրա իմունային համակարգի և միկրոբիոմի փոխազդեցության նուրբ կարգավորման համար։