Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բոտուլիզմի բռնկում Ռուսաստանում

Բոտուլիզմի բռնկում Ռուսաստանում

ՌԴ առողջապահության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք 2024թ. հունիսի 17-ին հայտարարեցին Մոսկվայում բոտուլիզմի ենթադրյալ բռնկման մասին: Վերջինիս արդյունքում ավելի քան 120 մարդ դիմել էր բժշկական օգնության, որից՝ 55-ը հոսպիտալացվել են, իսկ 30-ը՝ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Բոտուլիզմը սննդային ուղիով փոխանցվող ծանր, կյանքին վտանգ սպառնացող տոքսիկոզ է, որի ախտաբանությունը պամանավորված է բոտուլինային տոքսինով: Այն ազդում է նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով շնչառական անբավարարություն և կաթված:

Ըստ ՌԴ-ի առողջապահական մարմինների հայտարարության՝ բոտուլիզմի բռնկման հավանական պատճառը եղել է հանրաճանաչ առցանց առաքման կազմակերպության կողմից տարածված աղցանը, որը պարունակել է պահածոյացված լոբի: Այդ կազմակերպության գործունեությունը  հունիսի 16-ին ժամանակավորապես դադարեցվել է՝ քրեական հետաքննության պատճառով:

 ՌԴ-ի Սննդամթերքի և դեղերի վերահսկողության քաղաքային մարմինը տեղեկացրել է, որ իրականացվում են բոտուլիզմի կասկածելի դեպքերի համաճարակաբանական հետազոտություն: Մոսկվայի դատախազությունը հայտարարել է, որ քրեական գործ է հարուցվել սպառողների անվտանգության չափորոշիչների խախտման փաստի առթիվ:

Ըստ ՌԴ առողջապահության նախարարի հրապարակման՝  հունիսի 21-ի դրությամբ դեպքերի թիվը եռապատկվել է: «Բոտուլիզմ» ախտորոշմամբ հոսպիտալացված պացիենտների թիվը հասել է 301-ի, նրանցից 43-ին միացվել են թոքերի արհեստական շնչառության ապարատներ։ Նա հավելեց նաև, որ առկա են բոտուլիզմի բուժման համար բավարար ծավալով դեղամիջոցներ, ևս նոր դեղամիջոց է մշակվում հիվանդության բուժման համար, որի կլինիկական հետազոտությունները կսկսվեն մոտ ժամանակներս:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վարակման պատճառը եղել «Լոբիո Աղցանը` լոբուց վակուումային փաթեթավորմամբ», արտադրողներ` Լոկալկիտչեն ՍՊԸ  և «Սավոն-Կ» ՍՊԸ:

Զանգվածային թունավորման գործով ձերբակալվել են «Լոկալկիտչեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Անտոն Լոզինը, ընկերության որակի բաժնի ղեկավար Ելենա Մաշկովան, «Սավոն-Կ» ՍՊԸ-ի առևտրային տնօրեն Վլադիմիր Շինին և այս ձեռնարկության խոհարար Կարին Նորմատովան:

Հունիսի 20-ին հայտարարվեց, որ Ռոսպոտրեբնադզորը առգրավել է մոտ 200 տոննա արտադրանք, որը պատճառ է դարձել բոտուլիզմ բռնկմանը: Գերատեսչությունը դադարեցրել է 100-ից ավելի հայտարարագրերի գործողությունը արտադրանքի համապատասխանության մասին և իրականացրել ավելի քան 3000 լաբորատոր հետազոտություն: Պատրաստի արտադրանքի մնացորդներում հայտնաբերվել է բոտուլինային տոքսին:

Հունիսի 21-ի դրությամբ՝ բոտուլիզմի 19 դեպք արձանագրվել է նաև Թաթարստանում, ավելի ուշ 18 դեպք՝  Կազանում, 17 դեպք՝ Նիժնի Նովգորոդի մարզում (այդ թվում` անչափահասների մոտ)՝ նույն կազմակերպության արտադրության լոբով աղցան օգտագործելու պատճառով:  Բարեբախտաբար բոտուլիզմից մահվան դեպքերի մասին տեղեկություններ չկան։

Ըստ «Readovka» տելեգրամի հայտատրարության՝ տուժածների իրական թիվը կարող է հաշվարկվել հազարներով, քանի որ բաղարկված լոբին հայտնվել է ոչ միայն տվյալ արտադրողի ուտեստներում, այլև՝ սննդի առաքման «Սկուտեր» ծառայության արտադրանքում: Ընդհանուր առմամբ արտադրվել է «Լոբիո» աղցանի ավելի քան 2,3 հազար բաժին։

Հետաքննության տվյալներով՝ լոբու արտադրությունն իրականացվել է հակասանիտարական պայմաններում, ձեռնարկությունը տեղակայված է արդյունաբերական գոտում, որտեղ  առկա են թափոնների աղբավայրեր, ձեռնարկությունում բացակայել է նաև կենտրոնացված ջրամատակարարումը: Պարզվել է, որ ընկերությունն ինքնուրույն է սահմանել վակուումային փաթեթավորմամբ ոչ ստերիլ մթերքի պահպանման ժամկետները (մինչև երկու ամիս` +2-ից +25 °C ջերմաստիճանի պայմաններում):

Տարածքային ստորաբաժանումների պաշտոնական կայքերը նախազգուշացնում են, որ վարակի հավանական գործոն կարող են լինել սնկից, բանջարեղենից, մրգերից, մսից և թռչնամսից հերմետիկ փաթեթավորված և տեխնոլոգիայի խախտմամբ պատրաստված տնական պահածոները, այդ թվում՝ պաշտետները, աղացած, ապխտած և չորացրած ձուկը, ինչպես նաև՝ տնային և (կամ) սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող արդյունաբերական պայմաններում, պատրաստված վակուումային փաթեթավորված ձուկը, ապխտած, վակուումային մսամթերքը, մեղրը: