Մարտը ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղի իրազեկման ամիս է: Այս նախաձեռնության նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը հաստ և ուղիղ աղիների քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ հայտնաբերման կարևորության մասին:
Կոլոռեկտալ քաղցկեղը հաստ/ուղիղ աղիների քաղցկեղն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով այն ներկայումս քաղցկեղի երրորդ ամենատարածված տեսակն է և քաղցկեղի հետ կապված մահվան երկրորդ ամենատարածված պատճառն ամբողջ աշխարհում: Ամեն տարի ախտորոշվում է մոտ 1,9 միլիոն դեպք, բայց, ի տարբերություն շատ քաղցկեղների, կոլոռեկտալ քաղցկեղը կարելի է կանխել սկրինինգների միջոցով և բուժել վաղ հայտնաբերման դեպքում:
Կոլոռեկտալ քաղցկեղը 90% դեպքերում զարգանում է 50 տարեկանից հետո: Այն զարգանում է դանդաղ, առանց գանգատների, իսկ ախտանշաններն ի հայտ են գալիս ուշ փուլերում: Սակայն քաղցկեղի այս տեսակը համարվում է առավել հեշտ կանխարգելվող քաղցկեղներից մեկը, քանի որ այն հաճախ սկսվում է նախաքաղցկեղային պոլիպներից, որոնք կարող են հեռացվել մինչև չարորակ դառնալը:
Վաղ փուլերում հիվանդությունը կարող է ընթանալ առանց ախտանիշների, սակայն պետք է դիմել բժշկի, եթե նկատում եք.
Ապացուցված է, որ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման չափավոր ռիսկ ունեցող մարդկանց սկրինինգային զննումը նվազեցնում է մահացությունն ու նպաստում դեպքերի վաղ հայտնաբերմանը: FIT թեստերի միջոցով սկրինինգը ներկայումս առաջարկվում է Եվրոպայի խորհրդի և բժիշկների ամերիկյան քոլեջի կողմից 50-ից 74 տարեկան անձանց համար:
«Հերացի» վերլուծականն է փաստում, որ Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղը ամենատարածված երեք քաղցկեղներից մեկն է (կրծքագեղձի և թոքի քաղցկեղի հետ միասին): Ամեն տարի ախտորոշվում է շուրջ 700 նոր դեպք, որոնց 60%-ը ախտորոշվում է 3-րդ և 4-րդ փուլում։
Հայաստանում քաղցկեղի այս տեսակի զարգացման մեջ հատկապես կարևորվում է սննդակարգը: Կարմիր մսի (բաստուրման, խորոված), վերամշակված և ապխտած մսամթերքի չարաշահումը
բարձրացնում է հիվանդության ռիսկը 30-40%-ով: Բացի սխալ սննդակարգից այլ ռիսկի գործոններ են՝ ծխելը, ալկոհոլը, ավելորդ քաշը և ճարպակալումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը: Այս ռիսկի գործոնները կարող ենք համարել վերահսկելի, սակայն կան նաև այնպիսի ռիսկի գործոններ ինչպիսիք են.
Ռիսկն աճում է տարիքի հետ՝ հատկապես 50-ից հետո։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին երիտասարդների շրջանում ևս նկատվում են այս հիվանդության դեպքեր։
Եթե ընտանիքում (ծնող, քույր, եղբայր) եղել են հաստ աղիքի կամ ուղիղ աղիքի քաղցկեղի դեպքեր, ռիսկն ավելի բարձր է։
Որոշ ժառանգական գենետիկ խանգարումներ կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման հավանականությունը
Խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը:
Հայաստանում, ըստ 2025թ.-ի ՉՆ վիճակագրական տարեգրքի տվյալների, 100.000 բնակչի հաշվով, հաստ աղու քաղցկեղի հիվանդացությունը վերջին 10 տարվա կտրվածքով 2014թ.-ի 18.8 ցուցանիշից, տարեցտարի փոքրիշատե տատանվելով, 2024թ.-ին աճել է` դառնալով 21.0, իսկ տվյալ հիվանդության տարածվածության ցուցանիշը 2014թ.-ի 77.8-ից աճել է` դառնալով 140.9:
Նույն աղբյուրի համաձայն` կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հաստ աղու քաղցկեղի դեպքերն, ըստ 2024թ.-ի տվյալների, կազմել են կանանց մոտ 327 դեպք, տղամարդկանց մոտ 309:
Կոլոռեկտալ քաղցկեղը դատավճիռ չէ և վաղ շրջանում ախտորոշելու և բուժման ճիշտ ռազմավարություն ընտրելու դեպքում այն հաջողությամբ կարելի է կանխարգելել ու հաղթահարել։ Եղեք առողջ և իրազեկված: