ԵՊԲՀ-ի և «Հենար» հիմնադրամի համատեղ ջանքերով ամերիկյան Code 3 Life կազմակերպության մենթորների կողմից անցկացվել է առաջին բուժօգնության մասնագետների վերապատրաստման դասընթաց, որի արդյունքում արդեն ունենք 12 միջազգային ինստրուկտոր։
Նրանք այժմ անցկացնում են առաջին օգնության դասընթացներ տարբեր շահառուների համար։
«Միքայելյան» հիվանդանոցի բոլոր բուժքույրերն արդեն անցել են այդ դասընթացը, այն կանցնի համալսարանական հիվանդանոցների ամբողջ անձնակազմը, ինչպես նաև ԵՊԲՀ ուսանողները։
ԵՊԲՀ շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ, դոցենտ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Բուժական գծով տնօրեն Արա Ղազարյանը նշում է, որ նախատեսվում է՝ բժշկական մայր բուհի ուսանողները այս դասընթացը անցնեն երկու անգամ՝ 1-ին կուրսում միայն սիրտ-թոքային վերակենդանացում (SPR) և արտաքին ավտոմատացված դեֆիբրիլատորի (AED) օգտագործում, իսկ 5-րդ կուրսում՝ Basic Life Support-ը (BLS)։ Նրա խոսքով՝ամբիոնին կից կգործի ինստրուկտորների խումբը, որը այս դասընթացը վերապատրաստումների շրջանակում կանցկացնեն նաև շտապօգնության, անհետաձգելի բուժօգնության ստորաբաժանումների բժիշկների և բուժքույրերի համար։
Այսպիսով՝ բժշկական մայր բուհում ներդրվում է կրթական նոր ծրագիր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան դասընթաց՝ նախատեսված բոլորի համար։
Առաջին օգնության շնորհիվ մահվան դեպքերը կարող են նվազել մինչև 3-4 անգամ
Աշխարհում մահվան հիմնական պատճառների շարքում առաջին տեղը զբաղեցնում են սիրտ-անոթային հիվանդությունները, վերջին տարիներին զգալիորեն ավելացել են նաև վնասվածքներից մահվան դեպքերը։
Արա Ղազարյանը նշում է, որ հաճախ մահվան պատճառ են դառնում պատահարները, այլ ոչ թե քրոնիկ հիվանդությունները, ընդ որում՝ զոհերը շատ հաճախ լինում են երիտասարդ և առողջ մարդիկ։
«Կյանքի արագ տեմպի պայմաններում և շրջակա միջավայրի ռիսկերի աճի հետևանքով նման պատահարներն, ցավոք, ավելի են հաճախացել։ Այս իրողությունների պայմաններում մարդու կյանքը փրկելու նպատակով մշակում և ներդրվում են նոր կանոնակարգեր։ Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում BLS»,-ասում է Շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչը:
Նրա խոսքով՝ պատահարների ժամանակ գոյություն ունի այսպես կոչված «ոսկյա ժամանակ», որի ընթացքում ցուցաբերված ճիշտ և ժամանակին առաջին օգնությունը կարող է փրկել մարդու կյանքը։ Ընդ որում, առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ չէ բժշկական կրթություն․ բավական է ունենալ անհրաժեշտ գիտելիք և որոշակի հմտություններ։ ԱՀԿ հետազոտության համաձայն՝ գրագետ առաջին օգնության շնորհիվ մահվան դեպքերը կարող են նվազել մինչև 3-4 անգամ։
Առաջին օգնության մշակույթը ներդրվում է նաև Հայաստանում
Մի շարք երկրներում առողջապահական համակարգերը ներդնում են առաջին օգնություն ցուցաբերելու մշակույթ՝ համապատասխան ռեսուրսների ապահովմամբ։ Վերջերս Երևանի փոքր կենտրոնում տեղադրվել են արտաքին ավտոմատացված դեֆիբրիլյատորներ, որոնք կիրառվում են սրտի կանգի ժամանակ։ Այս սարքերի օգտագործումը պահանջում է որոշակի հմտություններ, որոնց ուսուցանման գործում կարևոր դեր ունի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։
«Առաջին օգնության դասընթացը ներառում է մարդու վիտալ ֆունկցիաների գնահատում՝ սրտի աշխատանք, շնչառություն, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ սիրտ-թոքային վերակենդանացում։ Դրա համար անհրաժեշտ է երեք բաղադրիչ՝ գիտելիք, հմտություն և դեֆիբրիլյատոր։ Դասընթացը տևում է ընդամենը 6 ժամ, և այս կարճ ժամանակահատվածում հնարավոր է 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձի սովորեցնել կյանք փրկելու հմտություններ»,-ասում է Արա Ղազարյանը` հավելելով, որ աշխարհի տարբեր երկրներում առաջին օգնության մշակույթը վաղուց արդեն ներդրված է մարդաշատ վայրերում։
Հաշվարկված է, որ դեֆիբրիլյատորները պետք է տեղադրվեն միմյանցից 300 մետր հեռավորության վրա, որպեսզի օգնություն ցուցաբերողը չկորցնի թանկարժեք ժամանակ՝ սարքը դեպքի վայր հասցնելու համար։ Բացի այդ, մի շարք ռիսկային վայրերում՝ մարզասրահներ, ժամանցի կենտրոններ, առևտրի կենտրոններ, դեֆիբրիլյատորների առկայությունը դարձել է պարտադիր։
«Օրինակ՝ Գերմանիայում, վարորդական վկայական ստանալիս առաջին օգնության քննությունը պարտադիր է։ Ավելին՝ եթե ավտովթարի ժամանակ անցնող վարորդը չի կանգնել և առաջին օգնություն չի ցուցաբերել, կարող է ենթարկվել պատասխանատվության»․-ասում է ամբիոնի վարիչը՝շեշտելով, որ ընդամենը 6 ժամյա դասընթացով կարելի է փրկել մարդու կյանք, և սա այն գիտելիքն է, որը պետք է ունենա յուրաքանչյուրը։