Հոկտեմբերի 21-ը նշվում է որպես յոդի անբավարարության կանխարգելման համաշխարհային օր։ Օրվա հիմնական նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը յոդի անբավարարության վտանգների և դրանց կանխարգելման միջոցների վերաբերյալ:
Յոդը մարդու համար կենսական կարևոր միկրոտարր է։ Այն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների արտադրության համար, իսկ վահանաձև գեղձի հորմոնները պատասխանատու են օրգանիզմի մի շարք կարևոր գործընթացների համար՝ կարգավորում են նյութափոխանակությունը, խթանում՝ մտավոր և ֆիզիկական զարգացումը, կարգավորում են սիրտանոթային, նյարդային, աղեստամոքսային, վերարտադրողական համակարգերի աշխատանքը։
Յոդի անբավարարության հետևանքով առաջացած խանգարումները ԱՀԿ-ի կողմից դասակարգվում են որպես վահանաձև գեղձի յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդություններ։ Մեծահասակների վահանաձև գեղձի հիվանդությունների 65%-ի և երեխաների 95%-ի հիմնական պատճառը սննդի մեջ յոդի անբավարարությունն է։ ԱՀԿ տվյալների համաձայն՝ աշխարհում շուրջ 2 մլրդ. մարդ ունի յոդի անբավարարություն։ Յոդի անբավարարությամբ պայմանավորված լուրջ առողջական խնդիրները գրանցվում են երկրագնդի բնակչության 740 միլիոն մարդու մոտ, 43 միլիոնի մոտ առկա է արտահայտված մտավոր հետամնացություն:
Յոդը օրգանիզմում չի արտադրվում, այն ստացվում է սննդամթերքի միջոցով։ Հորմոնալ հավասարակշռության պահպանման համար օրգանիզմին անհրաժեշտ է 150-ից 200 մկգ յոդ (կախված տարիքից)։ Հղի կանանց օրական պահանջարկը կազմում է 250 մկգ յոդ, քանի որ հղի կանանց մոտ վահանաձև գեղձի հորմոնների արտադրությունը 50%-ով աճում է, և զգալի ավելի բարձր է յոդի երիկամային կորուստը։
Մեծ քանակությամբ յոդ է պարունակվում ծովամթերքում, ինչպես նաև որոշ շրջանների հողում և ստորերկրյա ջրերում։ Յոդի բնական պակասը դիտվում է այն տարածաշրջաններում, որոնք հեռու են ծովից կամ գտնվում են լեռնային շրջաններում։ Աշխարհի բնակչության մոտ 30%-ը բնակվում է այդ տարածաշրջաններում։ Պատմականորեն, այդպիսի տարածաշրջաններում յոդի երկարատև պակասը բերում է մարդկանց մոտ վահանաձև գեղձի չափերի մեծացմանը (էնդեմիկ խպիպ)։
Յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների դրսևորումները և բարդությունները, բացի յոդի անբավարարության աստիճանից կախված են նաև հիվանդի տարիքից։ Ամենածանր, անդառնալի խանգարումներն առաջանում են սաղմնային զարգացման և մանկության ընթացքում։ Նույնիսկ յոդի թեթև պակասը կարող է բացասական ազդեցություն ունենալ պտղի զարգացման վրա:
Յոդի անբավարարությունը սաղմնային զարգացման շրջանում կարող է հանգեցնել՝ ինքնաբեր վիժման, մեռելածնության, զարգացման բնածին պաթոլոգիաների, պերինատալ և մանկական շրջանում մահացության բարձրացման, աճի և զարգացման հապաղման, մտավոր հետամնացության, ճանաչողական /կոգնիտիվ/ ունակությունների նվազմանը, հիպոթիրեոզի, շլության, խլության և համրության, տարբեր բարդության հոգեկան խանգարումների։
Նորածինների մոտ յոդի անբավարարությունը հանգեցնում է
բնածին հիպոթիրեոզի (վահանաձև գեղձի ֆունկցիայի նավազման), մտավոր և ֆիզիկական զարգացման խանգարումների, մահացության բարձր մակարդակի։
Որոշ հետազոտությունների արդյուքների համաձայն՝ յոդի անբավարարության և աուտիզմի միջև գույություն ունի կապ, ինչպես նաև հիպերակտիվության և ուշադրության պակասի համախտանիշների միջև։
Յոդի անբավարարության հետևանքների կանխարգելման միջոցառումներից առավել մատչելի, անվտանգ և արդյունավետ միջոց է համարվում բնակչության սննդում յոդացված կերակրի աղի օգտագործումը։ Յոդի անբավարարության կանխարգելման նպատակով ներկայումս աշխարհի բնակչության 71%-ը ներգրավված է համընդհանուր աղի յոդացման ծրագրերում:
Հայաստանի Հանրապետությունը, որպես լեռնային և նախալեռնային երկիր, դասվում է յոդի անբավարարության տեսակետից էնդեմիկ տարածաշրջանների թվին։ Խնդիրը լուծելու համար 2004 թվականին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց կերակրի աղի պարտադիր յոդացման վերաբերյալ։ ՀՀ-ում կերակրի աղի համընդհանուր յոդացման ռազմավարությունը պահանջում է երկրում արտադրվող կամ ներմուծվող կերակրի աղի յոդացում։ Մշակված սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող կամ տնային տնտեսություններում օգտագործման համար ձեռք բերված յոդացված աղը դարձել է բնակչության ընդհանուր սննդակարգի անբաժանելի մասը և ապահովում է յոդի հավելյալ սպառման հիմնական աղբյուրը։