Բժշկական համալսարանի զարգացման և մարքեթինգի կառուցամասի հաշվետվությունը Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը ներկայացրեց Գիտական խորհրդի անդամներին մարտի 25-ին հրավիրված հերթական նիստում:
«Սկզբում մեկ դիտարկում. համալսարանի զարգացման կառուցամասը առանձին նախաձեռնությունների ու ծրագրերի համախումբ չէ, այլ ամբողջական էկոհամակարգ է, որը գործում է վեց հիմնական ուղղություններով», – հայտնեց պրոռեկտորը։
Վերոնշված ուղղություններն են ուսանողի զարգացման և մասնագիտական կողմնորոշման համակարգը, կրթության արտահանման ռազմավարությունը և կրթական շուկաների ուսումնասիրությունը, միջազգային ակադեմիական համագործակցությունները, նորարարությունները կրթության մեջ, կառավարման համակարգի ու թվայնացման զարգացումը, ինչպես նաև համալսարանի բրենդի ու միջազգային դիրքավորման հարթակները։
«Բոլոր այս ուղղություններն աշխատում են մեկ նպատակով` համալսարանի միջազգային մրցունակության բարձրացման։ Եվ չեն գործում առանձին, գործում են փոխկապակցված և յուրաքանչյուրն իր հատվածում ունի համապատասխան ապացուցահեն և գիտահեն նախաձեռնություններ»,- ասաց զեկուցողը:
Ըստ ուղղությունների` նա մանրամասնեց ընթացիկ ու նախատեսվող ծրագրերի մասին։ Խոսքը վերաբերում էր մասնավորապես «Լանցետ» (Lanzette) վիրաբուժական հմտությունների փոխանակման, YSMU Students Cardiology Society սրտի առողջության հարթակներին, Տրոպիկական հիվանդությունների լրացուցիչ կրթական մոդուլին, «Մասնագետ» մասնագիտական կողմնորոշման ծրագրին, որը նախատեսված է ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար, «Բժշկի ուղի» բարեվարքության դասընթացներին: Անմասն չմնաց նորարական կրթության և ապագայի օրակարգը, կառավարման համակարգերի արդիականացումը, կրթության արտահանման ռազմավարությունը, այլ հարցեր:
Առանցքային հատված զեկույցում վերաբերում էր Մանկաբուժական դպրոցին, որը հիմնադրվել է` նպատակ ունենալով խթանելու մանկաբուժական մասնագիտությունները` տեսնելով ներկայում ու մոտ ապագայում ոլորտում խնդիրների սրացումը։
«Կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ դպրոցն այս ամիսների գործունեության ընթացքում, այսուհետև կունենա կայուն միջազգային համագործակցություններ։ Մասնավորապես, օրերս, մեկ շաբաթ առաջ հուշագիր կնքվեց ֆրանսիական առաջատար բժշկական կառույցների՝ AP-HP հիվանդանոցային համակարգի (Assistance Publique – Hôpitaux de Paris) և Փարիզ-Սակլե համալսարանի (Université Paris-Saclay) հետ»,- մանրամասնեց Խաչատուր Մարգարյանը` անդրադառնալով 38 հիվանդանոցից բաղկացած այս խոշոր հիվանդանոցային համակարգի ծավալներին։
Այն տարեկան սպասարկում է ութ միլիոն պացիենտ, այստեղ աշխատում է 100 հազար բուժաշխատող, իսկ Փարիզ-Սակլե համալսարանը Շանհայի ռեյտինգով 12-րդ համալսարանն է աշխարհում։
Բացի այդ, նա տեղեկացրեց, որ Մանկաբուժության դպրոցն ակտիվ համագործակցում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) UCLA և Լոս Անջելեսի մանկական առաջատար հիվանդանոցի հետ (Children’s Hospital Los Angeles): Նա տեղեկացրեց նաև գործընկեր կազմակերպությունների հետ հստակ ուրվագծված պայմանավորվածությունների մասին, որը մասնավորապես վերաբերում է երկուստեք փոխանակային ծրագրերին։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը միջնորդությամբ կակտիվացնեն ֆրանսերենի դասերը համալսարանում, ինչը առավել երկարաժամկետ փոխանակային կրթական նախաձեռնությունների մասնակցելու հնարավորություն կտա ապագա մանկաբույժներին։
Շուտով ԱՄՆ-ում երեքշաբաթյա դիտորդական վերապատրաստման հնարավորություն կունենա բժշկական բուհի հինգ ուսանող։
7-րդ միջազգային բժշկական համագումարը (7th International Medical Congress of Armenia 2027) 2027 թվականի ամռանը կանցկացվի ԵՊԲՀ-ում, մեր երկրում` նպատակ ունենալով համախմբել աշխարհի առաջատար բժիշկների գիտական միտքը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը համագումարի աշխատանքներում մեծապես կարևորեց ապագա բժիշկների գործուն մասնակցությունը:
Ամփոփելով` պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները կատարվող աշխատանքների մասին հարցեր հղեցին պրոռեկտորին:
ԵՊԲՀ կլինիկական օրդինատորների մասնագիտական գիտելիքի և գործնական հմտությունների վերաբերյալ գործատուների շրջանում կազմակերպված հարցումների արդյունքներին անդրադարձավ Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը: Այս հարցն ուսումնասիրելու հանձնարարականը ԵՊԲՀ ռեկտորի կողմից տրվել էր նախորդ նիստի ընթացքում:
«Պարզվում է, որ վերջին հինգ տարվա աշխատանքի ընդունվելու տենդենցը 97-100 տոկոս` կախված բժշկական կազմակերպությունից, հանդիսանում են մեր համալսարանի կլինիկական օրդինատուրայի շրջանավարտները»,- նշեց Գառնիկի Ավետիսյանը` անդրադառնալով նաև օրդինատորների մասնագիտական պատրաստվածության առումով գործատուների գնահատականին:
Գիտական խորհուրդը հաստատեց ուսումնական գործընթացներին և ներքին կարգապահական կանոնների փոփոխություններին վերաբերող առաջարկությունները, որի մասին զեկուցեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը:
Եզրափակիչ մասում ուսումնական գրականության տպագրության երաշխավորություն տրվեց, հարցը ներկայացրեց ԵՊԲՀ գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը: Նիստի ավարտին ծննդյան հոբելյանի առթիվ ռեկտորը շնորհավորեց Շարունակական մասնագիտական զարգացման բաժնի պետ Գալյա Դաբաևային: