Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Զբաղվել սպորտով նշանակում է ապրել առողջ. մարզիկ-դասախոսի համոզմունքը

Ֆիզիկական դաստիարակությունն առաջին հերթին ապրելակերպ է: Առողջ սնվել, զբաղվել սպորտով, օրվա մեջ ժամանակ տրամադրել սպորտին՝ հաճախելով լողավազան, մարզասրահ, վազել, այս ամենը փոխում է մեր կյանքի ռիթմը, մեր տրամադրությունը, դառնում ենք ավելի կոփված, ավելի զգոն և արագաշարժ: Զբաղվել սպորտով նշանակում է ապրել առողջ: Այս համոզմանն է Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Գևորգ Գրիգորյանը, որը 2015 թվականից  բժշկական մայր բուհում է:

«2010 թվականից աշխատում եմ Փյունիկ Ֆուտբոլային ակումբում, մանկապատանեկան թիմերի մարզիչ եմ: Մասնակցում ենք ՀՖՖ-ի կողմից կազմակերպված տարբեր մրցաշարերի, 2015 որպես դասախոս աշխատում եմ ԵՊԲՀ-ում: Մասնակցում եմ ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող արտոնագրերի դասընթացներին, 2010-ին ստացել եմ Բ կարգը, իսկ 2021-ին՝ Ա կարգը:
Չորս տարի առաջ մասնակցել եմ Մադրիդում կայացած մարզչական փորձի փոխանակման տեխնիկատակտիկական նորությունների դասընթացին: Նախորդ տարվանից Ուրարտու ֆուտբոլային ակումբի մարզիչ եմ»,-մասնագիտական գործունեության մասին է մանրամասնում դասախոսը:

Գևորգ Գրիգորյանը 2009թ. ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, 2012թ. Գիտության ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում ստացել է մագիստրոսի աստիճան: «Սիրում եմ մանկավարժի աշխատանքը, ուսանողների, ուսանող-մարզիկների հետ հաճույքով եմ կիսում ունեցածս գիտելիքները:
Ուսանողների հետ հարաբերությունների հիմքում դնում եմ փոխադարձ հարգանքը, այսպես ոչ միայն հեշտ է, այլև հաճելի: Բժշկական համալսարանում միայն խելացի ուսանողներ են,  նրանք տիրապետում են անատոմիային և շատ հեշտ է բացատրել և խոսել մարդու մկանախմբերից և կառուցվածքից: Դասերն անցնում են նպատակային և հեշտ, իհարկե, դժվարություններ լինում են, բայց ուսանողները մեծ մասամբ կարողանում են իրենց ժամանակը ճիշտ բաշխել և հաճախել ոչ միայն դասերին, այլև դասերից հետո խմբակներ: Դրա վառ ապացույցն է մեր մարզիկ-ուսանողների մասնակցությունը ոչ միայն ներբուհական և միջբուհական, այլև միջազգային տարբեր մրցաշարերի, մրցանակային տեղեր գրավելը»,-ընդգծում է դասախոսը:

Նրա խոսքով՝ դասաժամերն անցնում են շատ հետաքրքիր, ուսանողները շատ ակտիվ են:

«Դա նաև մեր դասախոսական կազմից է, անցկացնում ենք ներբուհական մրցաշարեր, որոնք նպաստում են դասերին ուսանողների ակտիվ մասնակցությանը: Ֆուտբոլային մրցումները ևս անցնում են հետաքրքիր, բոլոր մրցաշարերին պատրաստվում ենք և նպատակը մեկն է՝ զբաղեցնել առաջին տեղը»,- ամփոփում է մարզիկ-դասախոսը` հավելելով, որ տարբեր տարիների ընթացքում ունեցել են հաջողություններ և զբաղեցրել են առաջին հորիզոնականը, ինչպես, օրինակ՝ 2015թ. Ունիվերսիադա, 2016թ. հայ-ռուսական 20-րդ գավաթ, 2017թ. հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի, 2022թ. ուսանողական մարզական 23-րդ խաղերի ֆուտզալի լիգա: