Վարդգես Վարդանյան. բժշկական մայր բուհի տարեգրության մեջ մեծ հետք թողած գիտնական

Վարդգես Վարդանյան. բժշկական մայր բուհի տարեգրության մեջ մեծ հետք թողած գիտնական

Մեծերին, ավագներին հիշելու ավանդույթը շարունակելով` «Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական մասը նվիրված է  դոցենտ, Բժշկական ֆիզիկայի ամբիոնի նախկին վարիչ  Վարդգես Հարությունի Վարդանյանի հիշատակին:

Այս տարի լրանում է նրա հարյուրամյա հոբելյանը:  Ծնվել է 1925 թվականի հունվարի 15-ին` Արթիկի շրջանի Գեղանիստ գյուղում։  1933 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Լենինական, որտեղ անցկացրել է մանկությունն ու պատանեկությունը։

1945-1947 թվականներին աշխատել է որպես փոստի առաքիչ: Դեռևս այդ ժամանակ ցուցաբերած քրտնաջան աշխատանքն ու պատասխանատությունն ուղեկցել են նրան ամբողջ կյանքի ընթացքում: 1952 թվականին գերազանցությամբ ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը, ապա 1952 – 1959 թվականներին աշխատել այս ուսումնական հաստատությունում՝ որպես ուսուցիչ։ Նրա կինը նույնպես ֆիզիկոս էր և երկար տարիներ դասավանդել է բժշկական կրթական հաստատությունում:

Վարդգես Վարդանյանը 1959 թվականին տեղափոխվել է Երևան և մինչև 1967 թվականը աշխատել Երևանի պետական ​​համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում: Վարդգես Վարդանյանը 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը Մոսկվայի պետական ​​համալսարանում։ Քվանտային ֆիզիկայի բնագավառում  նրա գիտական ​​հայտնագործությունները ժամանակից մի քանի քայլ առաջ էին․ դրանք նշանակալի ներդրում դարձան  գիտության զարգացման գործում։

1967 թվականին սկսվեց նրա կյանքի կարևոր փուլերից հաջորդը՝ աշխատանքը Երևանի պետական ​​բժշկական համալսարանում՝ համալսարանի ղեկավարության հրավերով։ Դժվար է գերագնահատել նրա ներդրումը բժշկական համալսարանի Ֆիզիկայի ամբիոնի ստեղծման և զարգացման գործում։ Ավելի քան 20 տարի եղել է դրա ղեկավարը՝ ոգեշնչելով ուսանողներին իր ինտելեկտով, գիտելիքով և կեցվածքով։

Վ.Հ. Վարդանյանի (1967-1981թթ.) նախաձեռնությամբ ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության մեթոդական հանձնաժողովում ստեղծվել են բժշկական բուհերի ֆիզիկայի դասավանդման նոր ուսումնական ծրագրեր: 1971-ին ամբիոնին կից բացվել է արդի փորձարարական մեթոդներով գիտահետազոտական լաբորատորիա:

Հետագայում այստեղ ստացված գիտական արդյունքները հաշվի առնելով` ԽՍՀՄ առողջապահության նախարարությունն ամբիոնի բազայի վրա կազմակերպել է միջազգային սիմպոզիում` «Բժշկական մագնիսակենսաբանության և մագնիսաբուժման հրատապ խնդիրները» թեմայով:

Վարդգես Վարդանյանը երկար տարիներ ղեկավարել է ֆիզիկայի ընդունելության առարկայական հանձնաժողովը՝ գործընկերների բնորոշմամբ՝ դրսևորելով սկզբունքայնություն, օբյեկտիվություն, բարեսիրտ և ազնիվ վերաբերմունք դիմորդների գնահատման հարցում:

Գործընկերները հիշում են նրա կազմակերպչական և մանկավարժական ձիրքը,  նրբանկատ վարքագիծը: Նրա վաստակը մեծ է նաև ամբիոնում գիտական գործունեության, կադրերի պատրաստման գործում:

2000 թվականին երկարամյա անբասիր գիտամանկավարժական և վարչական աշխատանքի համար  Վարդգես Հարությունյանին համալսարանի հիմնադրման 70-ամյակի առիթով շնորհվել է ԵՊԲՀ «Ոսկե մեդալ»:

Դասախոս-գիտնականն ուներ վերլուծական միտք,  հումոր, երաժշտական նուրբ ճաշակ, վայելում էր թե՛ գործընկերների, թե՛ ուսանողների մեծ հարգանքը:

Ընտանիքը խնամքով պահպանում է տան ավագի լուսանկարները, փաստաթղթերը։ Արխիվային նյութերի շարքում արժանի տեղ ունի բուհի «Ապագա բժիշկ» պաշտոնաթերթի 1972 թվականի համարը` դոցենտ Վարդանյանի մասնակցությամբ առաջին կուրսեցիների քննություն հանձնելու մասին դրվագը ներկայացնելիս:

 

Լուսանկարները` Վարդանյանների անձնական արխիվից